Երևան +17°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 20:30 30-05-2023

Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը սերտ համագործակցում են, որը մենք ամեն օր տեսնում ենք

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, և հանգուցալուծվեց ամիսներ շարունակ թուրքական և միջազգային լրատվամիջոցներում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը․ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս 5 տարի կշարունակի ղեկավարել Թուրքիան։ Էրդողանի վերընտրության համատեքստում չափազանց ուշագրավ էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին հապճեպ շնորհավորեց Էրդողանին և նշեց, որ սպասում է վերջինիս հետ աշխատանքի շարունակմանը։ Այս համատեքստում նկատենք, որ այդ պահին Էրդողանին շնորհավորել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և մի քանի այլ պետությունների ղեկավարներ, որոնց հետ Թուրքիան բավականին ջերմ հարաբերություններ ունի։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Հայաստանի վարչապետի քայլն օրինաչափ որակեց՝ նշելով, որ սպասում էր նման քայլի, քանի որ Հայաստանի վարչապետի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև որևէ տարբերություն չկա, երեքն էլ իրար հետ համագործակցում են։ «Այսինքն՝ շատ սերտ կապեր ունեն, և դա մենք տեսնում ենք ամեն օր մեր գլխին եկածներով, ամեն առավոտ զարթնում ենք և մտածում ենք, թե այսօր ինչ են բերելու մեր գլխին»,- նշում է նա։

Հարցին, թե ինչ խնդիր էր ցանկանում լուծել Փաշինյանը և նման հապճեպ շնորհավորանքը կարո՞ղ է նպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Լոքմագյոզյանը պատասխանեց, որ մեր կողմից կատարվելիք որևէ քայլ չի կարող նպաստել կարգավորմանը, և միայն այն կարող է նպաստել, որ մենք թուրքերի բոլոր պահանջները կատարենք, ինչն էլ կատարվում է վերջին տարիներին։

Թյուրքագետի համոզմամբ՝ հայ-թուրքական հարաբերություններում բարելավում կլինի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ցանկանա Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել։ Նա ընդգծում է, որ Թուրքիան 30 տարի դա չի ցանկացել և այսօր էլ չի ցանկանում։ Թյուրքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ բանակցություններում ամեն ինչի մասին խոսվում է, սակայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին անգամ խոսք չի գնում։

«Եթե երկու երկրներ միմյանց հետ հարաբերություններ են հաստատում, դա պետք է լինի միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Մնացած ամեն բան ածանցյալ է, և ամեն բան պետք է կախված լինի դիվանագիտական հարաբերություններից։ Եթե տվյալ երկիրը չի ցանկանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ապա չի ցանկանում հարաբերություններ ստեղծել ընդհանրապես, իսկ մնացածը խաբերություն է»,- ընդգծեց նա։

Հարցին, թե նախկինում Հայաստանի ղեկավարները շնորհավորո՞ւմ էին Թուրքիայի ղեկավարներին ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ, Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ շնորհավորում էին, սակայն ոչ նման արագությամբ։ Նրա խոսքով՝ նման շնորհավորանքները դիվանագիտական արարողակարգի մաս են կազմում, և Հայաստանն ու Թուրքիան, ելնելով դասական դիվանագիտության կանոններից, նման շնորհավորանքներով ու խոսքերով փոխանակվում էին։

Ինչ վերաբերվում է նրան, թե Էրդողանի վերընտրությունը ինչ դրական և բացասական զարգացումներ կարող է ունենալ Հայաստանի տեսանկյունից, թյուրքագետն ընդգծում է, որ որևէ փոփոխություն չի լինի, քանի դա Թուրքիայի պետական քաղաքականությունն է, Էրդողանն էլ դրանում որևէ բան չի կարող փոխել, իսկ եթե նրա հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրվեր, նա էլ որևէ բան չէր փոխելու։ Լոքմագյոզյանը նկատում է, որ Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում կարող էր ավելի վատ լինել հատկապես Հայաստանի և ողջ տարածաշրջանի հետ կապված հարցերում, քանի որ Էրդողանը խարիզմատիկ ղեկավար է, ով իր ճանապարհն ու մոտեցումներն ունի և իր քաղաքականությունն ամրացած է, իսկ Քըլըչդարօղլուն՝ որպես Թուրքիայի ղեկավար, պետք է նոր երևույթ լիներ և իրեն փաստեր, ինչը կարող էր մեծ խնդիրներ առաջացնել։ Թյուրքագետը նշում է, որ Քըլըչդարօղլուն խիստ ամերիկամետ մոտեցում էր ցուցաբերում՝ ի տարբերություն Էրդողանի, ով թեև ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ աշխատում է, սակայն իրեն այսպես ասած «փալաս» չէր դարձնում և նաև իր շահերն էր առաջ մղում։

«Իսկ Քըլըչդարօղուն արդեն երևաց, որ Արևմուտքի քաղաքականության համար փալաս էր դառնալու և կատարելու էր նրանց բոլոր պահանջները։ Օրինակ՝ ռուսների հետ հարաբերություններն անպայման պետք է վատանային, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունները, որովհետև դա Արևմուտքի ցանկանությունն է, և նրանք Իրանի դեմ ինչ-որ գործողություններ են ծրագրում։ Այդ գործողություններն ինքը 101%-ով պետք է կատարեր, որպեսզի փաստեր իր հավատարությունը, քանի որ Ամերիկայի կողմից մեծ քանակի նյութական օգնություն էր խոստացվել՝ տնտեսությունը կարգի բերելու համար։ Այդ պատճառով Քըլըչդարօղլուն կարող էր ավելի վտանգավոր լիներ՝ այս տարածաշրջանում հակաիրանական գործողություններ և պատերազմ սկսվեր, որի կրակի մեջ անշուշտ մենք էլ կայրվեինք»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան