Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 16:57 27-05-2023

Մենք կարող էինք նոր Սարդարապատ ունենալ, բայց չունեինք էլիտա

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը:

Oragir.News-ի հետ զրույցում պատմաբան Գեւորգ Մելքոնյանն ասաց, որ մենք սովորաբար տոնն ենք նշում, բայց տոնի խորհուրդին չենք անդրադառնում։ Խոսելով այս մասին՝ պատմաբանը նշեց. «Տոնի խորհուրդը Առաջին հանրապետության ստեղծումն էր, երբ մի քանի հարյուրամյակ պետականություն չունենալուց հետո մեզ համար պատմական հնարավորություն ստեղծվեց մնալ պետություն։ Այս տոնի, մայիսյան հաղթանակների ամենակարևոր խորհուրդն այն է, որ մենք այս Առաջին հանրապետության անկախությանը պատրաստ չէինք, և դրանով է պայմանավորված, որ նախ վրացիները, ադրբեջանցիները և ամենավերջում մենք անկախացանք»,- ասաց Մելքոնյանը։

Խոսելով մայիսյան հաղթանակի կարևորագույն թեզերից՝ Մելքոնյանը նկատեց. «Ամենակարևոր թեզն այն է, որ հայությունը պետք է հասկանա, որ իրավիճակը Անդրկովկասում կարող է կրկնվել, ինչպես 1917 թվականին, երբ ռուսական զորքերը թողեցին և դուրս եկան»,- նշեց պատմաբանը և հավելեց, որ այս պահին, ցավոք, մենք նորից գնում ենք այդ ուղղությամբ։

Պատմաբանը ասաց, որ ինքը չի կարող ասել՝ արդյոք Հայաստանը որպես պետություն պատրաստ է իրադարձությունների նման վտանգավոր զարգացմանը։

«Երբ ռուսական բանակը 1917 թվականին թողեց-դուրս եկավ, հայությունը մնաց մենակ իր խնդիրների հետ, և մայիսյան հաղթանակները, երբ մենք անընդհատ նշում ենք, խոսում ենք, մենք նաև պետք է խոսենք ոչ միայն այդ երեք ճակատամարտերի՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի մասին, այլ պետք է խոսենք ամենակարևոր խնդրի մասին, որ մենք որպես ժողովուրդ պետք է պատրաստ լինենք ինքնուրույն մեր շահերը պաշտպանել, տոնի խորհորդը սա է, այլ խորհուրդ չկա։ Մենք կանգնած էինք այնպիսի մի իրավիճակում երբ որ կար հարձակվող թուրքական բանակ և ցեղասպանությունից փրկված մի փոքր ժողովուրդ։ Երբ որ ժողովուրդը հասկացավ, որ այլևս հույս չկա Եվրոպայից և Ռուսաստանից, ինքը կարողացավ իր շահերը պաշտպանել և Հայաստանի առաջին հանրապետությունը ճանաչեցին թուրքերը»,- նշեց պատմաբանը և ավելացրեց, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ճանաչվել է թուրքերի կողմից ոչ թե նրա համար, որ հայերը ցեղասպանվել են, խղճում էին, այլ հարգում էին՝ ելնելով նրանից, որ ժողովուրդը դիմադրել է։

Հարցրինք Մելքոնյանից, թե որն էր պատճառը, որ վերջին 44-օրյա պատերազմը չդարձավ մի նոր Սարդարապատ, չէ՞ որ վարչապետը հաճախ էր նշում, որ սա մի նոր Սարդարապատ է։ Մելքոնյանը պատասխանեց. «Նախ՝ ժողովուրդը չհասկացավ, որ սա մի նոր Սարդարապատ է, Հայաստանի քաղաքական էլիտան չտարավ մի նոր Սարդարապատի։ Որպեսզի Արցախյան երկրորդ պատերազմը լիներ Սարդարապատ, կար երկու կարևոր գործոն. 1-ին՝ հայկական ռազմաքաղաքական էլիտան այն չէր, ինչ Արամ Մանուկյանի ղեկավարած էլիտան էր, ցավոք, Արամ Մանուկյան չկար, որ կարողանար համախմբել բոլորին, և 2-րդ՝ ժողովուրդը նույնպես չէր պատկերացնում, ինքը չէր գնում նոր Սարդարապատի։ Խոսքերով շատ կարող են ասել, բայց ո՛չ ժողովուրդն էր պատրաստ, ո՛չ էլ ռազմաքաղաքական ղեկավարությունը, հետևաբար պարտությունն անխուսափելի էր»,-նշեց պատմաբանը։

Դիտարկմանը, որ տվյալ դեպքում մեր շանսերը շատ ավելին էին հաղթելու, քան Սարդարապատում, Մելիքյանն արձագանքեց. «Միանշանակ, մենք ունեինք բոլոր հնարավորությունները 44-օրյա պատերազմը, եթե ոչ հաղթական, գոնե ոչ խայտառակ պարտության գնալու, մենք բոլոր ռազմավարական կետերը կարող էինք պահել»,- ասաց Մելքոնյանը։

Մելքոնյանը նկարեց. «Սարդարապատում հայությունը՝ ցեղասպանությունից փրկված, սոված, կանոնավոր բանակ չկար, զինամթերք չկար, կար հուսալքված ժողովուրդ, բայց անգամ այդ պայմաններում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի պատիվ Արամ Մանուկյանի կարողացավ կազմակերպել դիմադրություն և արժանի դիմադրություն ցույց տալ և դրա հետևանքով ստեղծվեց մեր պետությունը, բայց 44-օրյա պատերազմում, ցավոք սրտի, այս թվարկված ոչ մի կոմպոնենտը չկար, չկային և՛ համախմբողը, և՛ առաջ տանողը, կազմակերպչական առումով զրո էր, և հետևաբար արդյունքը եղավ այն, ինչ ունեցանք»։

Հարցրինք Մելքոնյանից՝ իսկ տեղին համարում է ներկայիս ծանր իրավիճակում Մայիսի 28-ը տոնել, պատասխանեց. «Ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, ասեմ, եթե մի ժողովուրդ հրաժարվում է իր հաղթանակները նշելուց, նա դադարում է որպես ազգ լինելուց։ Եթե ժողովուրդը հրաժարվում է իր հաղթանակները նշել, նա դադարում է որպես պետություն լինել։ Մի ժողովուրդ, որը հիշում է միայն ողբերջական օրերը և հաղթանակները մոռանում է, նրան սպասվում են նոր ողբերգություններ։ Հաղթանակները վաղեմության ժամկետ չեն ունենում, պատմության մեջ ոչ մի հաղթանակ վաղեմության ժամկետ չունի»։

Հարցին, թե ինչ է կարծում՝ մենք նոր հաղթանակներ կունենանք հետագայում, ումից է դա կախված, Մելքոնյանը պատասխանեց. «Մենք նոր հաղթանակ կունենանք միայն այն ժամանակ, երբ ունենանք կրթված ժողովուրդ, երիտասարդություն և կրթված ռազմաքաղաքական էլիտա։ Մեզ պետք է ժողովուրդ, որը պատրաստ կլինի նոր հաղթանակների և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես»։

Պատմաբանը ցավով նկատեց. «Այսօրվա պայմաններում, երբ խաղամոլությունը և թմրամոլությունը լայն տարածում ունեն, ես, ցավոք սրտի, նոր հաղթանակների ակնկալիք չունեմ»։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել