Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 16:21 24-05-2023

Տիգրանաշենի տերն այնտեղ ապրող մարդիկ են․ վարչապետի ասածին ավելացնելու բան չունեմ․ մարզպետ

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ ներառված են նաև Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները, այդ թվում՝ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը։

Oragir.News-ն այսօր զրուցել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ, հետաքրրքվել, թե ի՞նչ իրավիճակ է Տիգրանաշենում, արդյոք մարդիկ դո՞ւրս են գալիս իրենց տներից։

Թևոնյանը վստահեցրեց, որ այս պահին Տիգրանաշենում մարդիկ շարունակում են իրենց բնականոն կյանքով ապրել․ «Բացարձակ նման խնդիր չկա, մարդիկ իրենց տներում են, իրենց առօրյա կյանքով ապրում են, որևէ խնդիր չկա»։

Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց, որ Տիգրանաշենը ևս ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, դա ենթադրում է, որ Տիգրանաշենն առաջիկայում հանձնելու են, այս մասով դուք անհանգստություն չունե՞ք, հարցրեցինք Արարատի մարզպետին․ «Վարչապետն իր խոսքում ասաց, ինչ կա, դա է, ես ավելացնելու որևէ բան չունեմ։ Բայց մի բան հստակ է, որ մարդիկ ապրում են բնականոն կյանքով, որևէ խնդիր չկա, որևէ խուճապ չկա, ինքս էլ այնտեղ ապրում եմ և բացարձակ խնդիր չունեմ»։

Ճշտող հարցին՝ Ձեր հայրը՝ Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը և՞ս Տիգրանաշենի իր տանն է ապրում, Սեդրակ Թևոնյանը դրական պատասխան տվեց․ «Այո, ամեն օր այնտեղ ենք լինում»։

Դիտարկմանը՝ այնուամենայնիվ, եթե Ադրբեջանն էլ ճանաչեց Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, դրան հաջորդելու է տարածքների հանձնումը, դրանց թվում նաև Տիգրանաշենն է, Սեդրակ Թևոնյանն ասաց․ «Իմ տան մասին է խոսքը, դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞նց պետք է պատասխանեմ այդ հարցին։ Կրկին անգամ ասում եմ՝ մենք տեղում ենք, մենք ապրում ենք Տիգրանաշենում, որևէ խնդիր չկա, որևէ խուճապ չկա»։

Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը ճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ չի մտնում Տիգրանաշենը, համենայնդեպս, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ, եթե հանձման գործընթացը սկսվեց, իսկ մենք նման դեպքերի ականատես եղել ենք, վերջինը Բերձորում, ի՞նչ եք պատրաստվում անել, ընդդիմանալո՞ւ եք, պաշտպանելո՞ւ եք գյուղը, ի՞նչ եք պատրաստվում անել, հարցերցինք Սեդրակ Թևոնյանին․

«Տիգրանաշենում քանի դեռ մարդիկ են ապրում, Տիգրանաշենը տեր ունի, ես այդքան կարող եմ ասել։ Քանի դեռ ժողովուրդն ապրում է Տիգրանաշենում, որևէ մտավախություն, մտահոգություն չունենք»։

Բայց Բերձորում, Աղավնոյում և հայական այլ բնակավայրերում ևս մարդիկ էին ապրում, սակայն դա չխանգարեց նրանց տարհանել և գյուղերը հանձնել թշնամուն, հակադարձեցինք Արարատի մարզպետին․

«Ես չեմ ուզում մտնել այդ դետալների մեջ, բայց մենք, մեր ժողովուրդը, մի քիչ պետք է մեզ թափ տանք։ Ռեալ ինչ կա, պարոն վարչապետը ներկայացրեց, որ 29․800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը մտնում է, Տիգրանաշենն էլ մտնում է նրանց 86․600 քառակուսի կիլոմետրի մեջ»։

Պարոն մարզպետ, հարցը հենց դրանում է, եթե Ադրբեջանը վաղը ճանաչեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սկսվեց տարածքների հանձման գործընթացը, որի մեջ նաև Տիգրանաշենն է ներառված, դուք ի՞նչ եք պատրաստվում անել որպես հայ, որպես մարզպետ, որպես Տիգրանաշենի բնակիչ, դուրս կգա՞ք գյուղից, թե՞ կմնաք ու կպայքարեք, մեկ անգամ ևս հարցրեցինք Արարատի մարզպետին․ «Ես վաղվա բանը չեմ կարող ասել, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի։

Ես բանակցային գործընթացին որևէ կերպ չեմ կարող միջամտել, այնպես որ Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի։ Աստված մեր երկրին, մեր ժողովրդին կամք, ուժ, համբերություն տա և կտեսնենք»։

Հարցին, եթե Տիգրանաշենը հանձնեն, դուք դուրս կգա՞ք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, հրաժարական կտա՞ք, Արարատի մարզպետը պատասխանեց․ «Մենք խոսում ենք մեր երկրի առաջ ծառացած խնդիրներից, խոսում ենք մեզ համար կարևոր Տիգրանաշենից, այնտեղ ապրող մարդկանցից, մեկ էլ քաղաքական հարց՝ ես դուրս կգա՞մ, թե՞ ոչ։

Ես մի բան գիտեմ, որ ես իմ պետության, իմ երկրի կողքին, իմ երկրի սահմաններում կանգնած մարդ եմ, մինչև վերջ էլ կանգնելու եմ»։

Արարատի մարզպետի խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք Տիգրանաշենը լուսանցքից դուրս էր մնացել, իսկ այսօր գյուղը տեր ունի․ «Այն ժամանակ, երբ Տիգրանաշենի համար բաներ պետք է արվեր, այդ ի՞նչ տրամաբանությամբ էին առաջնորդվել, որ թողել էին լուսանցքից դուրս, սրա մասին պետք է խոսել։ Հիմա Տիգրանաշենում տեր կա, Տիգրանաշենի տերն այնտեղ ապրող մարդիկ են»։

Բայց դուք ասացիք, որ 30 տարի առաջ էլ եք այդտեղ ապրել, նշանակում է՝ 30 տարի առաջ էլ է Տիգրանաշենը տեր ունեցել, հակադարձեցինք մարզպետին։

«Ի սկզբանե բոլոր այդ մարդիկ, բոլոր անտարբերություններով հանդերձ այդտեղ ապրել են, ես սրա մասին եմ ասում»,- ասաց Սեդրակ Թևոնյանը։

Վերջում Արարատի մարզպետին հարցրեցինք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի՞ց է տեղեկացել, որ Հայաստանը Տիգրանաշենը ճանաչում է Ադրբեջանի տարածք, թե՞ ավելի վաղ գիտեր այդ մասին։ «Ոչ-ոչ»,- պատասխանեց Սեդրակ Թևոնյանն այդպես էլ չբացահայտեոլվ, թե ե՞րբ էր տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը տեսնում է որպես Ադրբեջանի տարածք։

Նարեկ Խաչատրյան