Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:52 18-05-2023

Հայոց Եկեղեցին կոչում է իր զավակներին տեր կանգնել իրենց իրավունքին․ նշվել է Համբարձման տոնը

Մայիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնոր Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․28։21) և թելադրեց պատասխանատվություն ստանձնել իրենց վստահված քարոզչության նկատմամբ, լինել վկաներն Իր անանցանելի ճշմարտությունների, չվախենալ դաժան հարվածներից, չերկմտել ճշմարտությունը բարձրացնելիս, անդադար քարոզել Աստծո խոսքը, դարձի բերել մոլորվածներին, վերացնել սուտն ու կեղծիքը, մարդկանց դարձնել Աստծո սեփական ժողովուրդը՝ ծառայությունից կոչելով որդիության։



Այնուհետև, խոսելով հայ ժողովրդի կյանքում առկա մարտահրավերների մասին, Բագրատ արքեպիսկոպոսն ասաց․ «Այսօր էլ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ գերեվարված է մեր հայրենիքի մի հատվածը՝ մեր սիրելի Արցախ աշխարհը, մեր քույրերն ու եղբայրները, որոնց ոչ ոք չի կարող բաժանել մեզանից։

Երբ ապրում ենք բազմահազար զոհերի, վիրավոր զավակների, գերության տանջանքների մեջ գտնվող և անհայտնության ճիրաններում հայտնված մեր սիրելի զավակների իրողությամբ, երբ կանգնած ենք անելանելի որոշումներ կայացնելու առջև՝ փնտրելու լույսի և հույսի ճանապարհներ, երբ ապրում ենք գողացված ուրախության, գողացված պատվի, գողացված նպատակի, գողացվող հույսերի, գողացվող հավատքի և սիրո իրականության մեջ, մեր Տերը դարձյալ գալիս է մեզ հիշեցնելու և քաջալերելու՝ «Ահավասիկ Ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․ 28։21), ձեզ հետ եմ ամեն վայրկյան, ձեր տառապանքները կրող, ձեզ հետ քայլող, ապրող, գործող և ձեր միջոցով նաև իրադարձություններին թելադրանք և ուղղություն տվող»։



Անդրադարձ կատարելով Կաթողիկոսական Աթոռի Սուրբ Էջմիածին տեղափոխությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ազգընտիր գահակալի օրհնությամբ և առաջնորդությամբ փորձում է դառնալ այն տապանը, առաջնորդող ուղին, ճանապարհը, որը չի սպանում հույսը, այլ կյանքի պատգամ է հղում՝ իր շուրջը հավաքելով աշխարհասփյուռ հայորդիներին։

«Այսօր Հայոց Եկեղեցին բոլոր տագնապների ու մարտահրավերների մեջ վերստին կոչում և հրավիրում է իր զավակներին տեր կանգնել իրենց պատասխանատվությանը և իրավունքին, չերկնչել աշխարհի դավերից ու ցավերից, չվախենալ նահատակության փառքի պսակից, չտատամսել Աստծու խոսքի հավատարմության մեջ»,- նշեց Բագրատ Սրբազանը` միևնույն ժամանակ միաբանության անունից տոնի կապակցությամբ մաղթելով Ամենայն Հայոց Հայրապետին երկար արևշատ գահակալության օրեր, որպեսզի հայորդիները տեսնեն ծաղկումն ու վերականգնումը համբուրելի հայրենրիքի։



Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ