copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 20:30 16-05-2023

Բրյուսելյան հանդիպումն Արցախից վերջնականապես հրաժարվելու վերջին ակորդներից մեկն էր․ Խոսրով Հարությունյան

Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ՝ փաստելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, մասնավորապես Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29․8 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում, և Ադրբեջանինը` 86․6 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում»,- հայտարարել է Շառլ Միշելը։

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ ահազանգեցին, որ ճանաչելով Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը՝ նշանակում է Արցախը ևս ճանաչել Ադրբեջանի կազմում։

Հայաստանի Հնարապետության նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, ապա դրան հաջորդած հայտարարությանը ասաց․ «Կարծում եմ, որ բրյուսելյան հանդիպումը, ըստ էության, Արցախից վերջնականապես հրաժարվելու վերջին ակորդներից մեկն էր, Հայաստանի իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի ուղղակի ազդեցության տակ թողնելու քաղաքականության վերջին ակորդներից մեկն էր։ Ես երբեմն լսում եմ հանդիմանություն նույն Բրյուսելին, նույն Շառլ Միշելին, ես, եթե ունենայի պրիտենզիաներ, ապա դրանք ավելի շատ կներկայացնեի Հայաստանի իշխանություններին, քան թե Միշելին։ Թեպետ պետք է ասեմ, որ Շառլ Միշելը իր «միջնորդական առաքելությամբ» օրինականացնում է այն թեզը, որը հակասում է Եվրոպական միության կողմից ընդունված և ընդհանրապես միջազգային հանրության կողմից ընդունված այն թեզին, որ բիրտ ուժի կիրառմամբ կարելի է կոնֆլիկտները համարել կարգավորված։

Ըստ էության՝ Շառլ Միշելն արձանագրում է, որ այո՛, կարելի է բիրտ ուժի կիրառմամբ կոնֆլիկտները համարել կարգավորված, այսինքն՝ նա, Եվրամիության շահերից ելնելով, գտնում է՝ ի՞նչ է եղել որ, եթե Հայաստանը գտնում է, որ Արցախը կարող է գտնվել Ադրբեջանի վարչական, քաղաքական ուղղակի դիկտատի տակ, ապա թող գտնվի։

Ըստ էության՝ Շառլ Միշելը համաձայն է արձանագրել Ալիևի այն թեզը, որ կոնֆլիկտն այլևս կարգավորված է։ Եթե հայաստանյան իշխանությունները գտնեին, որ այդուհանդերձ, ինչպես իրենք բազմաթիվ անգամ պնդել են, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, այն էլ այսօրվա իրողությունների պայմաններում, այս պայմաններում նրանք ոչ միայն քաղաքական, այլև բարոյական առումով ոչ մի իրավունք չունեին ենթադրել, որ Արցախն այդուհանդերձ պետք է գտնվի Ադրբեջանի քաղաքական, վարչական ազդեցության տակ։

Սա խոսում է այն մասին, որ բոլոր մտքերը, թեզերը, որ հնչեցվում են էթնիկ զտման կամ հնարավոր սպառնալիքների մասին, ընդամենը ասվում են ասվելու համար, ներիքն լսարանի ականջը շոյելու համար։ Իրականում հայաստանյան իշխանությունները միանգամայն վճռական գտնում են, որ պետք է Արցախը գտնվի Ադրբեջանի վարչական և քաղաքական ուղղակի ազդեցության տակ՝ ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը։ Իմ պատկերացմամբ՝ սա Արցախից ձեռք քաշելու և Արցախի ճակատագրի համար որևէ պատասխանատվություն ունենալուց հրաժարվելու ամենավճռական և կարևոր քայլն էր իշխանությունների կողմից։ Ի դեպ, այդ քայլն ուղղակի հակասում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական բոլոր հռչակումներին։ Մենք կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի այդ դիրքորոշումն այլևս լեգիտիմ չէ այն առումով, որ նա չի բավարարում հանրության այն հիմնական հատվածի սպասելիքները, որոնց համար նրան ձայն են տվել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վերաբերյալ հայտարարությանը, ՀՀ նախկին վարչապետն ասաց․ «Այն միտքը, թե Փաշինյանը 29․800 քռաակուզի կիլոմետրն արձանագրելով ուղղակի փորձում էր ապահովագրել կամ երաշխավորել Խորհրդային Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ես մի քիչ այդ կարծիքին չեմ։ Ես կարծումեմ՝ այդ թիվը մեջտեղ բերվեց այն նպատակով, որ դրան պետք է անպայման հետևեր Ադրբեջանի մոտեցումը, որ այդ դեպքում ընդունեք, որ մենք էլ 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունենք, հետևաբար դուք էլ ճանաչում եք մեր տարածքը։ Այսինքն՝ թվային տվյալներով, ըստ էության, լուծվում է Արցախն Ադրբեջանի տարածքային մաս անվերապահ հանդիսանալու խնդիրը։

Նախկինում Հայաստանի ղեկավարները հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց տարածքային ամբողջականություն ասելով հասկանում էին այն իրողությունը, որ ձևավորվել էր 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեից հետո, որովհետև Ալմա-Աթայի բոլոր գործընթացները՝ արձանագրություն, հռչակագիր, ընդունվել են դեկտեմբերի 10-ից հետո։

Այսինքն, երբ ԱՊՀ-ի ձևավորման հիմնարար փաստաթղթերն ընդունվում էին, նկատի ունեմ նախ և առաջ արձանագրությունը, համաձայն որի՝ Հայաստանը և մնացած 8 պետությունները միացան Բելովեժյան համաձայնագրին, մենք վավերացրել ենք արձանագրությունը, մենք հռչակագիրը չէինք վավերացրել, որովհետև հռչակագրի իրավական, քաղաքական հիմքը արձանագրությունն է և հայ ժողովրդի կամարտահայտությունը՝ մտնել ԱՊՀ կազմի մեջ, պայմանավորված էր արձանագրության վավերացմամբ, հռչակագիրն ընդամենը այդ իրավական հիմքի վրա ընդունված փաստաթուղթ է, որը չի վավերացվել, սա շատ էական է։

Ի դեպ, ֆիքսենք, որ ո՛չ Բելովեժյան համաձայնագրին Ադրբեջանի միանալու արձանագրույթունը, ո՛չ էլ հռչակագիրը Ադրբեջանի Մեջլիսը սահմանված կարգով չի վավերացրել, ընդհանարպես այդ փաստաթղթերը չկան, ընդամենը 1993-ին կանոնադրություն են ընդունել։ Հռչակագիրը չէր կարող լինել միջպետական հարաբերությունների ձևավորման հենք, այլ պետք է հիմք լիներ արձանագրությունը, որի վավերացման ժամանակ մենք ունեցել ենք մեր վերապահումները և ԱՊՀ անդամակցությունը կատարել ենք հիմք ընդունելով այդ վերապահումները։ Այսինքն՝ մեր ժողովուրդն այդ փաստաթուղթը վավերացրել է, իր կամքն արտահայտել է՝ հաշվի առնելով այն վերապահումները, որոնք մենք կատարել ենք կապված Արցախի ինքնորոշման իրավուքնի միջազգայնորեն ճանաչման, ինչպես նաև, որ Արցախը նույնպես կարող է դառնալ այդ միջազգային կազմակերպության անդամ։ Հետևաբար ոչ թե մենք կարող էինք միջպետական հարաբերությունների ձևավորման համար հիմք ընդունել 1991 թվականի դեկտեմբերի 21-ի ԱՊՀ ձևավորման հռչակագիրը, որին չի միացել Ադրբեջանը, այլ կարող էինք և պարտավոր էինք հիմք ընդունել արձանագրությունը, որը մենք վավերացրել ենք 1992 թվականի փետրվարի 18-ին անհրաժեշտ վերապահումներով, և այդ արձանագրությունն իր վերապահումներով դարձավ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս, որը որևէ կերպ չեն կարող մերժել։ Այս ամենից ելնելով՝ մենք կարող ենք ասել՝ այն հենքը, համաձայն որի՝ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները խոսում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, հանդիսանում է Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կիլոմետր թիվը։

Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ինքը ճանաչում է Արցախի տարածքային ամբողջականությունը այդ 86․6 հազար քառակուսի կիլոմետրով, մերժում է, խախտում է, իրավական առումով անթույլատրելի քայլ է կատարում, քանի որ մենք վավերացրել ենք ԱՊՀ արձանագրությունը հենց այդ ընկալումներով, որ Արցախը երբեք չէր եղել, չի և չէր էլ կարող լինել Ադրբեջանի կազմում։

Մի նկատառում էլ՝ սարսափելի տաօրինակ էր, որ այդ բանակցությունների ժամանակ ընդհանարպես Արցախի, Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդիր չի քննարկվել, որովհետև, եթե քննարկված լիներ, Շառլ Միշելն ինչ-որ մի ձև կակնարկեր դա։ Երկրոդ՝ Շառլ Միշելը բանաձևեց կողմերի պայմանավորվածության գալը հետևյալ կերպ, որ կողմերը ոչ երկիմաստ հավատարմությամբ համաձայնեցին այդ թվային տվյալներին։ Սա խոսում է այն մասին, որ ըստ էության՝ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը, կներեք, բայց Շառլ Միշելի ներկայությամբ երդվել են, այսինքն՝ նրանց պայմանավորվածությունները եվրոպական համայնքն այլևս կընդունի անվիճելի և անշրջելի, սա է ամբողջ խնդիրը։ Սա քաղաքական լուրջ խնդիր է առաջացնում հետագա զարգացումների համար, եթե հայկական կողմը փորձի հիմնավորված այս ոչ երկիմաստ հավատարմության պայմաններից հետ կանգնի կամ շեղվի»։

Ստեղծված իրավիճակից ելքն ինչպե՞ս եք պատկերացնում․ հարցրինք Խոսրով Հարությունյանին։

«Նախ՝ Կառավարության ղեկավարն իրականում իրավական լուրջ հիմնավորումներով պետք է ներկայանա հանրությանը, ոչ թե Ազգային ժողովին, թե ի՞նչ իրավական հենքից ելնելով է ինքը գտնում, որ կարող էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այդ թվում՝ Արցախը»։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդուներ այն քաղաքական գործիչներին, որոնք հիմնավորում են իրենց այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի շրջանակներում Արցախը որևէ պարագայում չէր կարող օրինական ձևով ճանաչվել Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։

«Թող ՀՀ վարաչպետը փորձի այդ քաղաքական գործիչներին կամ կուսակցության ղեկավարներին ներկայացնի իրավական առումով հիմնավոր հիմքեր, որոնք կարող են ապացուցել, որ ինքը ճիշտ է վարվել։ Ես գտնում եմ, որ նրա այդ որոշումն ինքնիրավչություն է, որը հակասում է և մեր օրենքներին և Սահմանադրությանը, էլ չեմ ասում՝ Հռչակագրին։ Սրանք լուրջ հարցեր են, որպեսզի միջազգային հանրությունն էլ հասկանա, գիտակցի, նույն Շառլ Միշելը գիտակցի, որ այդ հայտարարություններն իրավազուրկ են, հենք չունեն։ Եթե դրան ավելացնում ենք Արցախի ժողովդրի համառ, իրենց հռչակած ազգային ազատագրական պայքարի նվիրվածությունը, ապա այս հանգամանքի հետ հաշվի չնստելը նշանակում է ուղղակի Արցախի Հանրապետության ազգաբնակչությանը ցեղասպանության դատապարտել, սա ակնահայտ է, և Շառ Միշելն էլ պետք է իմանա, որ դրա համար ինքն էլ է կրում պատասխանատվություն, ոչ միայն ՀՀ իշխանությունը, այլ նաև հենց ինքը»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի