Երևան +14°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:07 15-07-2022

Մենք միշտ աշխատել ենք ձեռնպահ մնալ այդ հարցադրումից՝ քաղաքական ավելորդ լարվածություն չստեղծելու համար․ Խոսրով Հարությունյան

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ականները, ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան և մեկ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու հիմքով մանդատից զրկել ողջ ընդդիմությանը՝ 33 պատգամավորի։

Թեմայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց խորհրդարանի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի հետ՝ հարցնելով, թե նախկինում երբևէ դեպք եղե՞լ է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին այդ հիմքով զրկի մանդատից․ «Այդ նորմը «Ազգային ժողովի օրակարգ» օրենքի մեջ մտել է դեռևս 1995 թվականից, և դրա հեղինակներից մեկը ես եմ եղել։ Ինչ նպատակ էր հետապնդում այդ նորմը․ այդ նորմը հետապնդում էր բացառապես մեկ նպատակ, որ որևէ մեկը, որ ստացել է ժողովրդի քվեն, չփորձի քաղաքականությունից զատ՝ այլ գործունեությամբ զբաղվել՝ կլինի բիզնես, թե որևէ բան, և դրա հետևանքով բացակայի Ազգային ժողովի նիստերից՝ դրանով իսկ դուրս մնալով ԱԺ բնականոն գործունեությունից։ Այսինքն՝ միայն ու միայն այն բանի մասին էր, որ այդկերպ փորձենք մերժել որևէ գայթակղություն, որևէ ցանկություն՝ մանդատը սեփական նպատակներին ծառայեցնելու կամ սեփական խնդիրներեը լուծելու համար։

Մենք ելնում ենք նրանից, որ պատգամավորը ժողովրդի կողմից ստացել է մանդատ և կոչված է ու իրավասու է նրա անունից և նրա համար հանդես գալ, քաղաքական գործունեություն իրականացնել, ոչ թե այլ գործունեությամբ զբաղվել, հետևաբար ցանկացած քաղաքական գործունեություն համարվում էր միանգամայն բնական և օրինական։ Պատահական չէ, որ այն ժամանակ խոսքը գնում էր միայն անհարգելի բացակայությունների մասին, և մարդիկ, որոնք հիվանդության պատճառով կամ հանրապետությունից ինչ-ինչ պատճառներով տևական բացակայության պարագայում ներկայացնում էին փաստաթղթեր, որոնք հիմնավորում և հիմք էին տալիս Ազգային ժողովի ղեկավարությանը կողմնորոշվել, թե արդյոք նրա բացակայությունը կարելի է դիտել որպես մանդատի չարաշահում, կարելի է դիտել որպես քաղաքականությամբ չզբաղվելու անթաքույց երևույթ, թե ոչ։ Այսինքն՝ արձանագրենք, որ այդ նորմը գործում է միայն ու միայն այն դեպքերում, երբ պատգամավորը զբաղված չէ քաղաքականությամբ և այդ պատճառով բացակայում է։

Երկրորդ հանգամանքը, որ շատ էական է, այն է, որ մենք այդ պահանջը երբեք իմպերատիվ չենք դրել։ Մենք ասել ենք, որ կարող է, որովհետև սա ևս շատ էական է, դա վերջին հաշվով պետք է լիներ քաղաքական կոնսենսուսով՝ ինչ-որ մեկին զրկել մանդատից, որը նրան ժողովուրդն է տվել։ Սա շատ սկզբունքային և շատ էական էր, դրա համար ոչ թե իմպերատիվ գրվեց այդ նորմը, այլ այնպես գրվեց, որ կարող է նրա՝ մանդատը վայր դնելու խնդիրը լուծի ԱԺ-ն, անդրադառնա այդ հարցին, եթե տեսնում են ակնհայտ, անթաքույց, քաղաքականությամբ չզբաղվելու նպատակով մանդատը օգտագործելու դեպք կամ դրսևորում։ Մենք միշտ աշխատել ենք ձեռնպահ մնալ այդ հարցադրումից՝ քաղաքական ավելորդ լարվածություն չստեղծելու համար»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանն ու նրանց մանդատից զրկելու հիմքերին՝ Հարությունյանն ասաց․ «Հիմա ես Ձեզ հարց եմ տալիս․ բոյկոտը քաղաքական պայքարի ձև՞ է, թե՞ ոչ․ իհարկե, այո՛։ Մարդիկ չեն մասնակցել ԱԺ քվեարկություններին, բայց գնացել են փողոցում հանգստանալո՞ւ, գնացել են իրենց անձնական հարցերո՞վ․․․ իհարկե, ո՛չ։ Նրանք քաղաքական գործընթացը տեղափոխել են փողոց և զբաղվել են քաղաքական պայքարով։ Հետևաբար որևէ հիմք, որևէ տրամաբանություն չի կարող լինել՝ նույնիսկ կասկածի առնելու նրանց իրավասությունը ԱԺ պատգամավոր լինելու առումով, որովհետև այդ մարդիկ հանրության աչքի առջև զբաղվել են քաղաքականությամբ։ Բայց մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է փորձ արվում սեփական մեկնաբանություններով, օրենքի սեփական ընկալումներով քայլեր կատարելու։ Ես կարծում եմ՝ պետք է որ Սահմանադրական դատարանը, որին ուզում են դիմել, կգտնվի իր անհրաժեշտ բարձրության վրա՝ հանուն Սահմանադրության և հանուն սահմանադրականության»։

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ՔՊ-ականների կողմից օրենքը սխալ մեկնաբանելու և հակասահմանադրական գործողություններ անելու մի օրինակ էլ Արթուր Ղազինյանին պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 16 անգամ չընտրելն էր։ «Արթուր Ղազինյանը 16 անգամ առաջադրվում է պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ, քաղաքական մեծամասնությունը քվեարկությամբ մերժում էր։ Գիտեք, սա նոնսես է։ Այդ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը իմպերատիվ կերպով, և քվեարկությունը բացարձակապես զրո նշանակություն ունի իրավական առումով։ Չէ՞ որ դա ԱԺ ընդդիմադիր փոքրամասնության բացառիկ իրավունքն է՝ առաջարկել հանձանժողովի նախագահի տեղակալի թեկնածու։ Հիմա եթե դուք մերժում եք իր ներկայացրած թեկնածուին, նշանակում է, որ դուք ասում եք, որ պետք է ներկայացնեն այն թեկնածուին, որին դուք եք ուզում։ Դա ուղղակի օրենքի կամայական մեկնաբանության արդյունք է, դա ուղղակի հակաօրինական և հակասահմանադրական է։ Այսպիսի դեպքերը ուղղակի անթույլատրելի են»,- ասաց Հարությունյանը։