Երևան +12°
copy image url
Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 17:30 10-05-2023

Մոսկվայում շատ մեծ դժկամությամբ են ընդունում Հայաստանի դրեյֆը դեպի արևմուտք. քաղաքագետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այցելել էր Մոսկվա՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու համար։

Փաշինյանին Մոսկվայի Վնուկովո-2 օդանավակայանում դիմավորել էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, այն դեպքում, երբ, օրինակ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը դիմավորվեցին ավելի բարձր մակարդակով՝ նրանց դիմավորում էր ՌԴ փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։

Միևնույն ժամանակ այցը չնշանավորվեց հանդիպումներով, հանդիպում չեղավ նաև Ռուսաստանի նախագահի հետ։ Նկատենք, որ դեռևս նախորդ շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը Պրահայում էր, հայտարարեց, որ հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա և ենթադրվում էր, որ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ։

ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Գարիկ Քեռյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի այցն իր համոզմամբ ոչ տրամաբանական էր, չնայած այն բանին, որ վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս, թեկուզ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Հայաստանը գնացել է դեպի բյուսելյան և վաշինգտոնյան հարթակներ, որը Ռուսաստանի իշխանությունների և քաղաքական էլիտայի կողմից բացասաբար է ընդունվել՝ և՛ պաշտոնական հայտարարություններով, և՛ փորձագիտական-վերլուծական կենտրոնների գնահատականներով։

Քաղաքագետը կարծում է, որ կողմերի միջև ինչ-որ առումով սառեցում և օտարում կա, սակայն ճիշտ չի լինի ասել, որ Հայաստանն ամբողջովին կտրվել է Ռուսաստանից և դուրս է մնացել ռուսակենտրոն ռազմաքաղաքական և ինտեգրացիոն կառույցներից, որովհետև Հայաստանը պաշտոնապես մնում է այդ կառույցներում։

Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ Հարավային Կովկասում դրության տերը շատ առումներով Ռուսաստանն է, քան Արևմուտքը և լավ գիտակցում են, որ Ռուսաստանի հետ կապերի ամբողջական խզումը կարող է բերել այն հանգամանքին, որ Ալիևը դա կդիտարկի որպես Հայաստանի դեմ Թուրքիայի հետ համատեղ նոր գործողություններ իրականացնելու հնարավորություն։

«Այս իրողությունները և՛ Փաշինյանը, և՛ նրա շրջապատի գործիչները շատ լավ հասկանում են, ու բնականաբար եթե կար պաշտոնական հրավեր, չգնալը կնշանակեր հերթական անգամ ջուր լցնել հայ-ռուսական հարաբերությունների հետընթացի ջրաղացին»,- շեշտում է քաղաքագետը։

Գարիկ Քեռյանն ընդգծեց, որ այցի արդյունքների մասին կարող ենք խոսել այն պարագայում, եթե լիներ պաշտոնական հաղորդագրություն, հանդիպման վերաբերյալ համատեղ հայտարարություն, մամուլի ասուլիս և այլն, սակայն նմանատիպ որևէ բան չի եղել։

Քաղաքագետը միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ Փաշինյանը Մոսկվայում գտնվելով, ամեն դեպքում Պուտինի հետ կարճատև զրույց, բանակցություններ, կամ ոչ պաշտոնական հանդիպում ունեցել է՝ ցավոտ հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը ճշտելու համար։

Նա նկատեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վաշինգտոնյան վերջին բանակցությունները համարում են անարդյունք, ինչի մասին է վկայում այն, որ չեղավ ո՛չ համատեղ հայտարարություն, ո՛չ համատեղ մամուլի ասուլիս, ո՛չ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից որևէ փաստաթղթի ստորագրում, և եղավ միայն Բլինքենի հայտարարությունը, որն ավելի շատ նման էր բաժակաճառի։

«Կարծում եմ՝ Փաշինյանը գնաց Մոսկվա, որովհետև Վաշինգտոնում արդյունք չստացվեց։ Փաշինյանը գնաց, որպեսզի ինչ-որ հարցերում, որոնց շուրջ չի հաջողվել Բրյուսելում և Վաշինգտոնում համաձայնության հասնել, խորհրդակցի Ռուսաստանի նախագահի հետ»,- նշում է նա։

Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ Փաշինյանին Մոսկվայում ընդունեցին ավելի ցածր մակարդկով, քան, օրինակ՝ Բելառուսի և Ուզբեկստանի նախագահներին, Քեռյանն ընդգծեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոսկվայում շատ մեծ դժկամությամբ են ընդունում Հայաստանի դրեյֆը դեպի Արևմուտք, որն ավելի քան մեկ-երկու տարի է, երբ շատ ցցուն կերպով զգացնել է տալիս իրեն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում դժգոհ են, որ Հայաստանում չկայացան ՀԱՊԿ-ի զորավարժությունները, ինչպես նաև Հայաստանը չստորագրեց ՀԱՊԿ-ի եզրափակիչ փաստաթուղթը, ինչպես նաև թույլտրել է իր տարածքում եվրոդիտորդների առաքելությունը, որը մինչև այսօր չգիտենք, թե ինչով է զբաղվում։

«Հայաստանը գնում է և արևմտյան մայրաքաղաքներում մասնակցում է որոշակի քննարկումների, այն դեպքում, երբ կոլեկտիվ արևմուտքը այսօր կոլեկտիվ պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։ Եթե այս ամենը մենք այսօր ենք իմանում, ապա ռուսական կողմը մեզնից շատ ավելի լավ գիտի և Մոսկվայում շատ լավ հետևում են այն քայլերին, որոնք անում են Հայաստանի իշխանությունները։ Այս պարագայում տրամաբանական էր, որ կլինի որոշակի սառնություն, և դա կզգացվի արարողակարգային մակարդակով՝ սկսած օդանավակայանում ընդունելությունից, վերջացրած մնացած բոլոր իրողություններով»,- նշում է քաղաքագետը։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հետ պաշտոնական հանդիպման բացակայությանը՝ այն դեպքում, երբ Փաշինյանը Պրահայում էր հայտարարել Մոսկվա մեկնելու մասին՝ Գարիկ Քեռյանը չբացառեց, որ Փաշինյանը կարող է մինչև բրյուսելյան հանդիպումը կրկին մեկնել Մոսկվա։

Նրա համոզմամբ՝ Պրահայում նրա հայտարարությունը չէր վերաբերում մայիսի 9-ի տոնակատարությանը մասնակցելուն։ «Եթե ոչ պաշտոնական կամ ոչ հրապարակային խողովակներով որոշակի համաձայնություններ լինեն, գուցե Փաշինյանը մինչև բրյուսելյան հանդիպումը կրկին մեկնի Մոսկվա։ Գուցե հենց այս այցելությամբ փակվեց Մոսկվա գնալու մասին հայտարարությունը։ Նորից եմ կրկնում՝ հնարավոր է, որ հանդիպում և քննարկում տեղի ունեցած լինի, ինչը իշխանությունները՝ մասնավորապես Փաշինյանը չի ցանկանում հրապարակայնացնել»։

Դավիթ Գույումջյան