Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 3 ամիս առաջ - 21:00 14-02-2024

ՀՀ-ն շարժվում է Արևմուտք. Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության լայն հնարավորություններ կան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Փաշինյանը ողջունել է ՄԹ խորհրդարանականների այցը Հայաստան և անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիային, որը 4 զինվորականի մահվան պատճառ էր դարձել։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերին, Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողություններին:

Oragir.News-ը քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե այս ներկայացուցչական այցից հետո հնարավո՞ր է փոխվի հայ-բրիտանական հարաբերությունների մակարդակը, մեծանա երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց, որ տնտեսության մեջ, ցավոք սրտի, դեռևս նախանշաններ չկան, որ Մեծ Բրիտանիան կարող է ակտիվանալ, բայց քաղաքական առումով լուրջ համագործակցություն կա։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը Մեծ Բրիտանիայի հետ նույնպես կսերտացնի հարաբերությունները։ «Հայաստանն ընդհանրապես կարծես թե քայլ առ քայլ ուղղություն է վերցրել դեպի Արևմուտք, իսկ Մեծ Բրիտանիան էլ առաջիկայում մեր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր դեր է խաղալու»,- ասաց նա։

Մեր հարցին, թե հայ-բրիտանական հարաբերությունների խորացման համատեքստում ինչ քայլերի կարող ենք ականատես լինել, Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ առայժմ կարծես թե շատ թույլ քայլեր են ձեռնարկվում։ Ըստ նրա՝ բրիտանական ընկերությունները Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում, իրենց հետաքրքրությունն առավելապես ուղղված է դեպի նավթագազային ոլորտ ունեցող երկրներ։

«Թերևս շատ քիչ դեպքերում ենք լսել Հայաստանի նկատմամբ բրիտանական ընկերությունների հետաքրքրության մասին. օրինակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հետաքրքրված էր Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ և այլն։ Սակայն, ընդհանուր առմամբ, տնտեսական առումով կարծես թե համագործակցության լուրջ նախանշաններ դեռևս չեմ տեսնում»,- նշեց նա։

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական համագործակցության հնարավորություններին՝ Վարդանյանը հիշեցրեց, որ այս երկիրը մի քանի տարի առաջ դուրս է եկել Եվրոպական միությունից, որից հետո ավելի մեծ ինտինսիվությամբ է փորձում աշխատել Հարավայի Կովկասի տարածաշրջանի երկրների հետ և այստեղ իր դիրքերն ուժեղացնել։ Նրա համոզմամբ՝ քաղաքական առումով Հայաստանն ու Մեծ Բրիտանիան լուրջ երկխոսություն և հարաբերությունների զարգացում կարող են ունենալ։

Քաղաքագետը կարծում է, որ այստեղ աշխատանքի շատ մեծ դաշտ կա, և Հայաստանը պետք է շատ լուրջ աշխատանք կատարի Մեծ Բրիտանիայի հետ, և այս ուղղությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ու ողջ դիվանագիտական համակարգն ահռելքի անելիքներ ունեն։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Մեծ Բրիտանիան այս տարածաշրջանի բազմաթիվ հարցերում թեկուզ երբեմն անտեսանելի, բայց շատ մեծ դերակատարություն ունի. «Շատերը մի փոքր թերագնահատում են Մեծ Բրիտանիայի դերը, բայց նա ինչ-որ հարցերում Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ ունի՝ նրանցից ինչ-որ բաներ ստանալու տեսանկյունից»։

Հարցին, թե հայ-բրիտանական հարաբերությունների հնարավոր խորացումն ինչպես կանդրադառնա ՀՀ անվտանգային և պաշտպանական կարիքների բավարարման վրա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստանը ներկայումս փորձում է բոլոր հնարավոր տարբերակներով աշխատել այն երկրների հետ, որոնք ռազմական ու անվտանգային առումով իրենցից կշիռ են ներկայացնում։

«Այս առումով Մեծ Բրիտանիայի հետ էլ կարող ենք աշխատել, չնայած, անկեղծ ասած, դեռևս չեմ նկատում, որ մոտ ապագայում կարող ենք ունենալ այնպիսի համագործակցություն, ինչպիսին ունենք Ֆրանսիայի հետ։ Բայց քաղաքականության, դիվանագիտության մեջ շատ հաճախ լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է շատ մանր քայերով աշխատել։ Երբեմն այդ մանր քայլերը տեսանելի չեն, դա տարիների հետևողական և քրտնաջան աշխատանք է պահանջում, բայց եթե այդ դաշտն առկա է, ապա մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- նկատում է նա։

Վարդանյանը հավելեց, որ եթե նույնիսկ ռազմական ու անվտանգային առումով Մեծ Բրիտանիայի հետ լուրջ նախաձեռնություններ չիրականացվեն՝ զենք չվաճառեն կամ ուղիղ աջակցություն չցուցաբերեն, ապա բրիտանական ռազմական ինստիտուտներն աշխարհում լավագույններից են, և ՀՀ-ն կարող է իր սպաներին ուղարկել այնտեղ՝ վերապատրաստման, սովորելու և այլն։ Նա ասաց, որ դա էլ Հայաստանին բավականին մեծ օգուտ կտա, եթե այսպիսի հարցերում հայկական կողմին հաջողվի Մեծ Բրիտանիայից օգուտներ քաղել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ