«Եթե ունենում ենք ջրառատ տարիներ, դա դրական է անդրադառնում ջրամբարների լցվելու վրա, հողի բերքառատ շերտի, բայց դա չպետք է ընթանա ցածր ջերմաստիճանով»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Նրա խոսքով՝ եթե ապրիլ-մայիս ամիսներին շրջաններում լինում է ցածր ջերմաստիճան, ապա շատ վատ է անդրադառնում բերքի վրա․ «Գյուղնախարարություն է, գյուղկոմիտե է, չգիտեմ, որևէ հայտարարություն չարեցին, որ ինչ-որ տեղ բերք է վնասվել ցածր ջերմաստիճանի հետ կապված։ Ես կարծում եմ, որ այս տարի լավ տարի է եղել։ Հիմա խնդիր ունենք ջրային ռեսուրսների հետ, և դա կապված է Արցախի Հանրապետության հետ և այն տարածքների, որը նվեր տվեցինք մեր թշնամուն։ Այ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսների վրա։ Բայց ընդհանուր առմամբ՝ ջրային առումով այս տարին բավականին բարենպաստ է նաև հետագա բերքի համար»,-ասաց նա։
Բնապահպանը նշեց, որ տարիներ առաջ հունիս ամսին հանրապետությունում եղել է զրոյական ջերմաստիճան, հունիս ամսին ձյուն է եկել․ «Հիմա մենք կանգնած ենք գլոբալ կլիմայական փոփոխությունների առաջ, կարելի է ամեն ինչ սպասել։ Դեռ մայիս ամիսն է, հնարավոր է ունենանք նաև ցածր ջերմաստիճաններ, և չգիտենք, թե դա ինչ ազդեցություն կունենա բերքի վրա։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կլիմայական փոփոխությունները շատ են, և սպասենք մինչև հունիսի 15-16-ը, եթե չունենանք լուրջ խնդիրներ, 0-ից ցածր ջերմաստիճան, ուրեմն բերքի համար բավականին բարենպաստ տարի կլինի»,-ասաց Ադամյանը։