Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:23 21-05-2025

Քոչարյան-Փաշինյան երկընտրանքը Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չի բխում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հասկացա ևս մեկ անգամ, որ նա չի ցանկանում համառորեն տեսնել, որ Ռուսաստանի քաղաքականությունը էական փոփոխություններ է ապրել իր կառավարման շրջանից ի վեր։ Այո, ՌԴ-ն շարունակում է ղեկավարել Պուտինը, բայց ՌԴ առաջնահերթությունները փոխվել են։ Շարունակ մեղադրել Փաշինյանին ՌԴ-ին դավաճանելու մեջ որպես մեզ հետ պատահած ողբերգությունների միակ ու գլխավոր պատճառ, նշանակում է լինել, մեղմ ասած, իրականությունից կտրված։

Իրականում, Փաշինյանը որևէ էական հակառուսական քայլ չի արել, բավական է նայել տնտեսական ցուցանիշներին, տեսնել, թե ինչպես ռուսական կողմը փաստացի աջակցեց Փաշինյանին 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, հասկանալ, թե ինչպես են Փաշինյանի կեղծ եվրոպամետ քայլերը գործիք եղել ՌԴ-ի ձեռքում Արցախի հետ կապված Ադրբեջանի հետ գործարքում իր «ալիբին» կերտելու ճանապարհին։

Դեռ դա էլ մի կողմ թողնենք, եթե վերցնենք շատ պարզունակ դավաճանության թեման, ապա Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադն էլ է՞ր դավաճանել, որ նման ճակատագրի արժանացավ։ Իհարկե, ոչ, ուղղակի չի կարելի երբեք լիակատար կախվածության մեջ հայտնվել որևէ գերտերությունից, հատկապես անվտանգային ու տնտեսական հարցերում, քանի որ շահերի բախման դեպքում գերտերությունները պայմանավորվելու են քո հաշվին, ընդ որում՝ դա միայն ՌԴ-ի յուրահատկությունը չէ, նման կերպ բազմիցս վարվել է նաև ԱՄՆ-ն իր տարբեր դաշնակիցների հետ։ Անգամ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում են լինում խութեր, դրա համար էլ Ալիևը իրեն առավելագույնս դիրքավորում է որպես ինքնուրույն խաղացող։

Լավ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես է Ալիևին հաջողվում մի օրվա մեջ Իրանի հետ զորավարժություններ անել, միևնույն ժամանակ Թել-Ավիվում ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր քննարկել Իսրայելի հետ։ Չե՞ք տեսնում, թե որքան բան է փոխվել աշխարհում, որքան բազմաբեւեռ է այն դարձել, որքան շատ աշխատելու դաշտ կա ու պետք չի այդ կեղծ երկընտրանքը շարունակ դնել՝ Ռուսաստան, թե՞ Թուրքիա։ Փաշինյանը անթաքույց ընտրել է Թուրքիան՝ որպես իր իշխանության հովանավոր կամ «քավոր», եթե կուզեք այդպես ասել, Քոչարյանի հենման կետն էլ Ռուսաստանն է։

Այս դիլեման կեղծ է այլևս ներկայիս աշխարհում, կա Իրան, կա Հնդկաստան, կա ԱՄՆ, կա Չինաստան, այնքան կարևոր խաղացողներ կան, որոնց միջոցով կարելի է անվտանգային կարևորագույն հարցեր լուծել, վարել բովանդակային բանակցություններ, ձեռք բերել փոխադարձ շահի վրա հիմնված գործընկերային կապեր, բայց ամենից անդին՝ կա հայ ժողովուրդ, կա ներուժ, կա անկախ պետություն, այս հանգամանքը չգիտես ինչի շարունակ մոռացվում է․․․

Այս հարցազրույցից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ եթե դաշտում չհայտնվի երկար սպասված, ռացիոնալ լուծումներ առաջարկող, պրոֆեսիոնալ անհատներից բաղկացած ու աշխարհը շատ ավելի լայն տեսնող երրորդ ուժը, ապա Հայաստանը կգնա շատ վտանգավոր ճանապարհով։ Ափսոս է իրապես մեր երկիրը, մենք չենք կարող 2026-ին կրկին կանգնել Քոչարյան-Փաշինյան երկընտրանքի առջև, այդ երկընտրանքը ձեռնտու է բացառապես իրենց երկուսին ու իրենց քաղաքական համակիրներին, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից որևէ կերպ չի բխում նման դասավորությամբ ընտրությունը, էլ չեմ խոսում, թե որքան հայհոյանք, վիրավորական խոսք պարունակող ու բովանդակային առումով դատարկ բղավոցների ու շոու ծրագրերի ականատես կլինենք այդ պարագայում։

Հույս ունեմ, որ մեր քաղաքական դաշտի խաղացողների մոտ կգտնվի մի քիչ պետականամետություն ու խոհեմություն այս վտանգավոր երկընտրանքը կանխելու ու ռացիոնալ լուծումներով հանդես գալու համար։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հենց դրան է սպասում»․․․

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի