copy image url
Խոսք 2 տարի առաջ - 14:33 07-10-2021

Իրան-Ադրբեջան ռազմական բախումը այնքան էլ չի բխում երկու կողմերի շահերից. իրանագետ

Վերջին օրերին լարվել են իրանաադրբեջանական հարաբերությունները։ Կողմերի միջև պատերազմ սկսվելու հավանականության, «սիոնիստական ռեժիմի» ներկայության, ստեղծված իրավիճակում Թուրքիայի գործոնի, Իրանում՝ հոկտեմբերի 1-ից սկսված զորավարժությունների, Իրանի՝ ՀՀ-ին և ՌԴ-ին արված մեսիջների, Իրանում ձևավորված նոր կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։




-Պարոն Վարդանյան, վերջին օրերին բավականին լարվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Կողմերը բարձր մակարդակով քննադատում են միմյանց, երբեմն՝ նույնիսկ սպառնում ռազմական գործողություններ սկսել։ Եթե կարճ, արդյո՞ք կա իրանա-ադրբեջանական պատերազմի հավանականություն։

-Չեմ կարծում, թե Իրան-Ադրբեջան հարաբերություններում այս լարվածությունը կարող է հասնել այն մակարդակի, որ ռազմական գործողություններ կամ բախում լինի, քանի որ այս երկու երկրների հարաբերություններում նախորդ երեսուն տարիների ընթացքում էլի են եղել ճգնաժամեր և կոնֆլիկտային փուլեր, բայց մշտապես կողմերը՝ հասկանալով իրենց շահերը, խոհեմություն են դրսևորել և ինչ-որ մի պահից դադարեցրել են այդ առճակատումը և գնացել հարաբերությունների բարելավմանը։ Այնպես որ վստահ եմ , որ այս հերթական լարվածությունն էլ չի վերածվի ռազմական բախման ու որոշ ժամանակ կպահպանվի և կթուլանա, ու կողմերը կգնան իրավիճակի ապաէսկալացմանը, և ռազմական բախում չի լինի։


-Իրանական կողմը տարբեր մակարդակներով Ալիևին ուղղված իր հայտարարություններում նշում է իրանական սահմանների մոտ «սիոնիստական ռեժիմի» ներկայության անթույլատրելիության մասին։ Եթե ընդունում ենք, որ ադրբեջանաիսրայելական համագործակցությունը նորություն չէ Իրանի համար, ապա ինչո՞ւ է իրանական կողմն իր վերջին հայտարարություններում անընդհատ շեշտում «սիոնիստական ռեժիմ» եզրույթը։


-Ադրբեջանը վաղուց իր տարածքը վերածել է հակաիրանական գործողությունների հարթակի, իսրայելական հետախուզությունը վաղուց ադրբեջանական տարածքից գործողություններ է ձեռնարկում Իրանի դեմ։ Սրա մասին բազմիցս խոսվել է. պաշտոնական Իրանը բազմիցս Ադրբեջանին մեղադրել է այս հարցում։ Թե կոնկրետ հայտարարելով «սիոնիստական ռեժիմի» ամրապնդման մասին՝ ինչ նկատի ուներ Իրանը, դեռևս պարզ չէ, բայց հավանաբար իրանական հետախուզությունը, հատուկ ծառայությունները տվյալներ ունեն, որ Իսրայելը ավելի է ուժեղացնում և ամրապնդում իր ներկայացվածությունը Ադրբեջանում։ Ինչպես գիտեք, ՀՀ տարածքում ադրբեջանցիները վերջերս մի քանի անգամ ձերբակալեցին իրանցի վարորդների, ու նաև տեղեկատվություն ստացվեց, որ իրանցի բեռնատարների վարորդներից գումարներ են պահանջում, և պատահական չէ, որ տեղեկատվություն տարածվեց վերջին օրերին, որ Իսրայելին պատկանող մի քանի F35 կործանիչներ հայտնվել են Ադրբեջանում։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս ավելի պարզ կլինի, թե Իրանն ինչո՞ւ է այսպիսի ջղաձիգ քայլեր անում՝ Ադրբեջանի հետ կապված, որովհետև Իսրայելը Իրանին գրգռող և ջղաձգող շատ լուրջ գործոն է, և Իսրայելի հաստատումը Ադրբեջանում և նրա դիրքերի ամրապնդումը Իրանի համար կարմիր գիծ է և շատ լուրջ ջղաձգման թեմա։




-Ստացվում է, որ ընդդեմ Իրանի այս պահին Ադրբեջանի շուրթերով խոսում է Թուրքիան։ Լարման այս փուլում ի՞նչ դեր ունի այդ երկիրը։

-Իհարկե, Ադրբեջանին խրախուսող երկրների մեջ միայն Իսրայելը չէ, այստեղ նաև նրա ավագ եղբայր Թուրքիան է, և թուրք-ադրբեջանական տանդեմը վերջին տարիների միանշանակ իրար հետ է գործում։ Ադրբեջանը գրեթե բոլոր քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ և ակնհայտ է, որ վերջին լարվածությունը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Իրանի հետ հարաբերություններում, միանշանակ խրախուսվում է նաև Թուրքիայի կողմից։ Ինչպես գիտեք, ՀՀ տարածքում ադրբեջանցիները վերջերս մի քանի անգամ ձերբակալեցին իրանցի վարորդներին, և նաև տեղեկատվություն ստացվեց, որ իրանցի բեռնատարների վարորդներից գումարներ են պահանջում, հավանաբար Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են այս քայլով նաև այնպես անել, որ իրանական բեռնատարները որպես տարանցիկ երկիր ընտրեն ոչ թե ՀՀ-ն, այլ Թուրքիան և Ադրբեջանը։ Այս առումով էլ իհարկե, Թուրքիան շահեր ունի, և չի բացառվում, որ հենց սա նաև Թուրքիայի խրախուսմամբ է արվում։ Մի բան ակնհայտ է, որ Ադրբեջանն իր բոլոր գործողությունները համակարգում է Թուրքիայի հետ։



-Արևմտյան Ատրպատականում հոկտեմբերի 1-ին սկսված զորավարժության համար Իրանը մեծ թվով զինտեխնիկա է տեղափոխել, և շատ վերլուծաբաններ դա աննախադեպ են որակում։ Արդյո՞ք այս զորավարժությունները և դրան մասնակցող աննախադեպ քանակով զինտեխնիկան ունեն հստակ ուղերձ, և արդյո՞ք Իրանը տարածաշրջանում ստատուս քվոյի խախտման դեպքում պատրաստ է իրական ռազմական գործողությունների գնալ։


-Շատ դժվար է ասել՝ արդյո՞ք Իրանը ստատուս քվոյի խախտման դեպքում կգնա ռազմական գործողությունների, թե ոչ։ Այս հարցի հետ կապված կարծում եմ միանշանակություն գոնե վերլուծական շրջանակաների մոտ չկա, նույնիսկ Իրանի պաշտոնական շրջանակներում, կարծում եմ, չկա, բայց ամեն դեպքում իրենց համար շատ լուրջ ճգնաժամ կարող է առաջացնել սահմանների փոփոխությունը տարածաշրջանում։ Իրանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից կմեծանա, և նաև Իրանը փաստացի անվտանգային լուրջ խնդիր կունենա իր հյուսիսային սահմանների մոտ։ Բնականաբար, հենց դրանով է պայմանավորված Ադրբեջանի սահմանին վերջերս մի քանի անգամ անցկացված զորավարժությունները։ Ինչ վերաբերում է ռազմական գործողություններ սկսելուն, պետք է ասեմ, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական, ինչու ոչ՝ նաև քաղաքական առումով, և չնայած այս երկրների հետ ունեցած խորքային տարաձայնություններին՝ Իրանը նրանց հետ հաջողությամբ տնտեսական կապեր է զարգացնում և մեծացնում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները, և ռազմական բախումը այդ երկրի հետ այդքան էլ չի բխում Իրանի շահերից, և կարծում եմ, որ Ադրբեջանն էլ շատ լավ հասկանում է, որ Իրանն էլ դժվար գնա այս շրջանում ռազմական կոնֆլիկտի և դրա համար ինչ-որ առումով հանգիստ է։ Ինչ վերաբերում է Իրանի կառավարության որոշ անդամների ադրբեջանամետ լինելուն, ապա այստեղ միանշանակ որևէ բան չի կարելի պնդել, օրինակ՝ երբ Իրանի նոր արտգործնախարար նշանակեց Հոսեին Ամիրաբդոլահյանին, նրան թուրքամետ գործիչ էին համարում, այդ թվում նաև՝ Իրանի հայ համայնքը։ Այդ առումով նաև շատ մտավախություներ կային հենց հայերի շրջանում, բայց մենք տեսնում ենք, որ վերջին օրերին թե՛ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը և թե՛ Մոսկվայում Իրանի արտգործնախարարը հստակ և կոշտ մեսիջներ է ուղարկում Թուրքիային և Ադրբեջանին։ Ավելի շատ հենց Ադրբեջանին, և սա ցույց է տալիս, որ այդ դասակարգումները՝ թուրքամետ են, թե ոչ, պայմանական են, և միշտ չէ, որ դրանք կարող են հարյուրտոկոսանոց լինել։



-Եվ վերջին հարցը։ Շատ կարճ ժամանակ է, ինչ ձևավորվել է Իրանի նոր կառավարությունը։ Արդյո՞ք այն ունի ադրբեջանամետ թև, որը որոշակիորեն կարող է ազդել Թեհրանի վարած արտաքին քաղաքականության վրա։ Լարվածության լարման նվազման ուղղությամբ, կարծես թե, հոկտեմբերի 1-ին հայտարարություն էր արել Իրանի ներքին գործերի նախարարը։


-Այդ առումով շատ կարևոր է Իրանի իշխանությունների վերջնական դիրքորոշումը։ Մենք տեսնում ենք, որ Իրանի քաղաքական էլիտան՝ իսթեմբլիշմենթը, և ինչու ոչ՝ երկրի գերագույն առաջնորդը հստակ հակաադրբեջանական մեսիջներ են հղում Ալիևին , և սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը կատարել է քայլեր, որոնք ուղղակի սպառնալիք են Իրանի անվտանգությանը։ Այս տեսանկյունից արդեն բոլորի մոտ կարծես, այսպես ասած, կոնսոլիդացիա կա. բոլորը միանշանակ այն դիրքորոշման են, որ Ադրբեջանը կարմիր գծեր է հատել, և վերջին օրերին ես Իրանի իշխանությունների որոշ շրջանակների մոտ չեմ նկատել թուրքամետ գործիչների։ Իրանում կարծես թե վերջին օրերին բոլորը համախմբվել են Ադրբեջանի դեմ։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված