copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:18 27-04-2023

Առերեսում չի եղել, որովհետև Նաիրա Մելիքյանը չեկավ․ Շիրխանյան

«Երեքշաբթի օրը ես գնացել եմ առերեսման, բայց Նաիրա Մելիքյանը չեկավ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը յոթ հազար դոլար խարդախությամբ հափշտակելու մեջ է մեղադրում Վահան Շիրխանյանին։

Նաիրա Մելիքյանը փաստում է, որ որդուն փնտրելու ժամանակ Վահան Շիրխանյանը իրեն օգնություն է առաջարկել։ Նաիրա Մելիքյանի խոսքով՝ ինքը 7 հազար դոլար է տվել Հրահատ Մխեյանին՝ Վահան Շիրխանյանի իմացությամբ։

Ասում է՝ Վահան Շիրխանյանն այդ անձին ներկայացրել է որպես հետախույզ, ով տեղեկություններ ունի Հայկի մասին։

Ասել են՝ Հայկը Բաքվի բանտում է և վիրավոր ոտքը հազիվ է շարժում։ Մինչդեռ որդին չի վերադարձել, իսկ մեկ տարի անց ռուս խաղաղապահների դուրս բերած դիերի և մասունքների մեջ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նաև Հայկի ինքնությունը։

Նաիրա Մելիքյանին հանձնել են որդուց մնացած ազդրի ոսկորը։ Վահան Շիրխանյանը հայտնեց, որ նորից առերեսման օր է նշանակված․

«Շաբաթ օրը քննիչը կանչել է առերեսման։ Հույս ունեմ, որ Նաիրան այդ օրը կգա։ Առերեսումից հետո ես շատ կարևոր հայտարարություն եմ անելու։ Ես ցավում եմ կատարվածի համար և պատրաստ եմ բացատրել ամեն բան։ Ես արձանագրում եմ, որ ինքը խուսափել է առերեսումից»։

Նաիրա Մելիքյանն էլ Oragir.News-ին ասաց, որ ինքը զգուշացված է եղել բանավոր կերպով, ասել են՝ առերեսումը լինելու է երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին։ Հետո պարզվել է, որ ապրիլի 26-ը չորեքշաբթի է։

«Ես կհավատայի իր խոսքերին, որ կապ չունի։ Հրահատին երաշխավորել է Վահան Շիրխանյանը։ Ամեն անգամ, երբ հարցնում էի՝ պարոն Շիրխանյան տամ գումար, ասում էր՝ իհարկե, այո։ Ասում էր՝ ինքը գերիների հարցով ամենատեղյակ մարդն է։ Շիրխանյանը իմ վզին կապեց այդ մարդուն ու երկուսն էլ պետք է պատժվեն»,- ասում է Նաիրա Մելիքյանը։

Նաիրա Մելիքյանը նշեց, որ Հրահատ Մխեյանը առայժ ցուցմունք չի տվել Շիրխանյանի դեմ։