copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:59 27-11-2023

Մայրս մի օր գնաց եղբայրներիս շիրիմներին ու հետ չեկավ․ ինֆարկտը խփեց հենց գերեզմանոցում․ արցախցի

«Իմ անհոգ ու երջանիկ օրերն ավարտվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ կորցրեցի 2 եղբայրներիս։ Մայրս 2 տարի շարունակ օրը մի քանի անգամ այցելում էր եղբայրներիս շիրիմներին, հարցեր տալիս ու անպատասխան մնում․․․ Օրերով չէր ուտում, չէր խմում, ասում էր՝ իմ բալեքը սոված- ծարավ, վիրավոր գնացին այս աշխարհից, ես ո՞ նց ուտեմ։ Մի օր էլ գնաց գերեզման ու հետ չեկավ․․․ Ինֆարկտը խփեց հենց գերեզմանոցում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 37 ամյա Նուբար Դանիելյանը։

Նուբարը ծնվել ու մեծացել է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում՝ Ամարաս վանքի հովտում։ Ամուսնու՝ երջանկահիշատակ Զորիի հետ, ապրել է իր կյանքի 17 տարիները։ Ավաղ, կյանքը դաժան խաղ էր նախապատրաստել Նուբարի համար նաև այս անգամ։

«Ամուսինս՝ Զորին, 17 տարվա զինծառայող էր, ով անմահացավ սեպտեմբերի 19-ին՝ չենթարկվելով հետնահանջ հրամանին․․․Եղբայրներիս կորուստը կրծքիս տակ սեղմած, կորցրի նաև տանս սյունը»,- ասում է Նուբարը, ով այսօր թաղվել է հոգսերի մեջ՝ չկարողանալով պատասխանել 3 զավակների ինչուներին։

Նուբարի միակ սփոփանքն այս աշխարհում մնացել են հրաշք բալիկներն ու հիվանդ հայրը․

«Ավագ որդիս՝ Ալբերտը, 16 տարեկան է, զբաղվում էր սպորտով և նկարչությամբ։ Աղջիկս՝ Անգելինան, 13 տարեկան է, զբաղվում էր սպորտով (կարատե), պարով և կար ու ձևով։ Փոքր տղաս դեկտեմբերի 8-ին կդառնա 7 տարեկան, արդեն երկու գոտի ունի»։

Արցախցի կինը մեզ հետ զրույցում վերհիշում է դաժան սեպտեմբերը, ամիս, որը Նուբարին միայն ցավ ու դառնություն է բերել․

«Երբ այդ սև օրը սկսվեց, երեխաները սովորականի պես դպրոցում էին, գյուղից եղբորս 2 երեխաներն էլ էին իմ մոտ մնում։ Պապան 8 կողի կոտրվածքով, վնասված թոքով, ապարատներով, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։ Մի կերպ՝ արկերի տակով, 5 երեխաներին տարբեր տեղերից հավաքելով տարա հիվանդանոցի նկուղ, որ պապային էլ մոտ լինեմ։ Բառերով փորձել նկարագրել այն ինչի միջոցով անցել ենք, նշանակում է չասել ոչինչ։ Ամսի 21-ին եղբայրս մի կերպ կապվեց հետս, նա կնոջ հետ շրջափակման մեջ էր Ճարտարում, ասաց, որ Զորիս հերոսաբար զոհվել է․․․ Անգամ չկարողացա վերջին հրաժեշտը տալ ամուսնուս․․․

Շրջափակման պատճառով հնարավորություն չեղավ անգամ ամուսնուս հողին հանձնել իր հոր և մոր գերեզմանատանը։ Գոնե հնարավոր լիներ ամուսնուս հողին հանձնել մեր գյուղում՝ եղբայրներիս ու մորս մոտ․․․ Ամուսնուս մի քանի հոգով գիշերվա ժամը 12-ին մի կերպ թաղել են Ճարտարում՝ ընկերոջ ընտանեկան գերեզմանոցում․․․

Եղբորս խնդրել էի, մի բուռ հող բերեր ․․․ հիմա չգիտեմ՝ այդ հողը որտեղ դնեմ, որտեղ դարդս լացեմ, ստիպված գնում եմ Եռաբլուր, մոլոր քայլում, ծաղիկներ դնում գերեզմաններին ու դատարկ հոգով գալիս երեխաներիս մոտ»։

Անցնելով այս բոլոր մղձավանջների միջով՝ Նուբարի փոքրիկ ընտանիքն այսօր ժամանակավոր ապաստանել է Ջրվեժում։ Նուբարն աշխատանք չունի, բայց պիտի խնամի հիվանդ հորն ու երեք անչափահաս բալիկներին։ Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել 098755114 հեռախոսահամարով։

Ֆոտոշարք