Փաշինյանի քամելեոնային քաղաքականությունը՝ Արցախի հարցում
copy image url

Փաշինյանի քամելեոնային քաղաքականությունը՝ Արցախի հարցում

Ներքին 2 տարի առաջ - 14:39 27-04-2023
Դեռևս 2018 թվականին կայացած իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե որևէ որոշում չի կայացնելու առանց այդ մասին ժողովրդին տեղյակ պահելու։ Դրանից հետո արդեն խոսեց Արցախի մասին, հայտարարեց, որ բանակցություններն սկսելու է իր՝ «զրոյական կետից»։

Անցած մի քանի օրերին, սակայն, ընդդիմադիր պատգամավորի կողմից իր այդ նույն հայտարարության մասին հիշեցնելուց հետո, Փաշինյանը արձագանքեց իրեն բնորոշ հակասական մոտեցմամբ․ ասաց, թե անցած մի քանի տարիների ընթացքում այդպես էլ չի հասցրել որևէ բանակցություն վարել ու 2019 թվականին բանակցությունների սեղանին դրված են եղել նախկին իշխանություններից մնացած փաստաթղթերը։

Դրանից հետո արդեն Փաշինյանը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ Հայաստանի առաջիկա զարգացման ծրագրում Արցախի մասին կետ չլինելը բացատրեց Արցախի՝ ամբողջական Հայաստանի մաս լինելու փաստով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո արդեն Փաշինյանի հայտարարությունները փոխվեցին․ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը դարձավ «Անջատում՝ հանուն փրկության», բարձրացվեց Արցախի ինքնորոշման անհրաժեշտության հարցը։ Այս սկզբունքը պահպանվեց նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում։

Փաշինյանը հայտարարում էր Արցախի անկախության ու ինքնորոշման կարևորության ու անհրաժեշտության մասին։ Անգամ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում ներառված էր «Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա չունենալու» սկզբունքը։

Հատկանշական է, որ այս շրջանում արդեն ու դրանից հետո, Փաշինյանի հայտարարությունները միմյանցից սկսեցին կտրուկ տարբերվել, որոշ դեպքերում էլ անգամ դրանք միմյանց բացարձակապես հակասում էին։

Այսպես, այդ նույն՝ 2021 թվականի դեկտեմբերին, Փաշինյանը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ․ ասաց, թե «Արցախի վերջնական կարգավիճակ ասելով պետք չէ անպայմանորեն հասկանալ անկախություն»։ Իր խոսքով՝ այդ կարգավիճակի վերաբերյալ հստակեցումները պետք է մտցվեին բանակցությունների միջոցով։ Իսկ Բրյուսելյան հանդիպումից հետո արդեն, ասպարեզ նետվեց «խաղաղության» օրակարգը։

Փաշինյանն այս ընթացքում արդեն չէր խոսում Արցախի ինքնորոշման մասին։ Նրա հայտարարությունները վերաբերում էին միայն «Լեռնային Ղարաբաղի» ժողովրդի անվտանգությանը, նրանց իրավունքներին ու ազատություններին, որն, ըստ նրա, հնարավոր էր ապահովել Արցախի վերջնական կարգավիճակի ճշգրտման արդյունքում։

Շատ ժամանակ չանցած արդեն, Փաշինյանը որդեգրեց Արցախից ձեռքերը վերջնական լվալու քաղաքականությունը․ հայտարարեց, թե ՀՀ-ն այլևս չի երաշխավորում Արցախի անվտանգությունը, իր խոսքով, այդ պարտավորությունն ստանձնել են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրմամբ։

Իսկ վերջին ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է հայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Փաշինյանն ասաց, որ չի կարող անել դա, քանի որ կաշկանդված է։

Թե ինչի հետևանք են Փաշինյանի կողմից արված այս հայտարարություններում ժամանակի ընթացքում գրանցված այս փոփոխությունները՝ դժվար է ասել։ Փաստն այն է, սակայն, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախընտրական ծրագրում ընդգրկված Արցախի ինքնորոշման մասին այսօր խոսք անգամ չի գնում։

ՀՀ ներկա իշխանությունները, սակայն, շարունակում են մնալ երկրի ղեկին։

Նազելի Ստեփանյան