copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:09 13-04-2023

ԱԺ չենք գալիս, որ այդ «бред»-ը չլսենք․ Սեյրան Օհանյան

«Շատ դժվար է մեկնաբանել մի մարդու, որ գլխատել է բանակն իր գործողություներով, որ իր մասնացությամբ կազմաքանդել է բանակը, բայց հենց զինվորականությանն է մեղադրում դավաճանությունների մեջ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությանը, թե «մտածում եմ՝ կարող է՝ ուրիշ երկրի գործակալներ են մեր ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաները»։

Օհանյանն ընդգծեց, որ հենց կառավարությունն է հաստատում բոլոր այն կառուցվածքային փոփոխությունները, որ տեղի են ունեցել։

«Ես նկատի ունեմ կենտրոնական ապարատի ուռճացում, սպառազինության ձեռքբերման, ռազմական ծրագրերի փոփոխություններ, մոբիլիզացիոն խնդիրների չկատարում, դրանցով մեծ հարված է հասցվել բանակի կարգապահությանը, որը մինչև հիմա էլ, կարելի է ասել, կաղում է»։

Նա նաև ընդգծեց, որ պատերազմներում մարտնչում են ոչ թե բանակները, այլ պետությունները։

«Հենց ինքն էր պարտավոր պետությունը բերել ռազմական ռելսերի վրա, մոբիլիզացիա կատարել ու ամբողջ ներուժը, այդ թվում՝ մարդկային մոբիլիզացիան կատարել, բանակի թիկունքը ու բանակի շարունակական համալրումն ապահովելու համար։ Ընդ որում՝ այդ մոբիլիզացիայի կետով ես անձամբ եմ իրեն ասել, որ սա քո հարցն է, կազմակերպիր դա, ինձ էլ տար ու 20 տարի նստեցրու։ Ինչ վերաբերում է խոսքերին, թե բարձրաստիճան զինվորականները գործակալներ են, մենք կառավարության հարցուպատասխանին չենք մասնակցում, որովհետև չենք ուզում լսել այդ «бред»-ը, մանիպուլիացիոն պատասխանները, որոնք շարունակական են, ինքը շարունակաբար դրանք ասում է ու մոլորեցնում է մեր հանրությանը։ Ամեն դեպքում, եթե կան նման դեպքեր, ապա դրանով պետք է զբաղվի դատախազությունը։ Մինչդեռ ինքը հերթական անգամ կարող է գաղտնիքներ ասել, կարող է անմեղության կանխավարկածը խախտել ու հերթական անգամ քիթը խոթում է այն գործերի մեջ, որ իրեն չեն վերաբերում։ Ես նկատի ունեմ դատաիրավական համակարգը։ Եթե բարձրաստիճան զինվորականներին նա դավաճան կամ գործակալ է անվանում, ապա ես էլ ասում եմ, որ դավաճանը հենց ինքն է, որ իր դավաճանական քայլերով բերել-հասցրել է երկիրն այս վիճակի։ Ինքը ձեռքերը լվացել է Արցախից, բայց այսօր Արցախի պաշտպանության նախարարների վրա քրեական գործեր է հարուցում, ինչ իրավունքով։ Ավելին, խոսում է այն մասին, որ հրամաններ են տրվել, որոնք չեն կատարվել։ Այդ մարդու տրամաբանությունն է՝ բոլորի վրա ամեն ինչ գցել, բոլորին ամեն ինչում մեղադրել՝ իրենից բացի»։

Անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցած սադրանքին, նա ընդգծեց, որ եթե Փաշինյանը գիտեր, որ այդ հատվածում լինելու էր փոխարինում, ապա այդ փոխարինման օպերացիան ինքը պարտավոր էր հանձնարարել մի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի․ «Ես ուզում եմ հարցնել․ այսքան քննադատություններից հետո, կարծում եք, խելքի՞ է գալու, հաջորդ անգամ էլի ինչ-որ մի այլ տեղում են առաջ գալու, ու էլի ինքը մանիպուլացնելով մեղքը գցելու է այս կամ այն անձի վրա»։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է, որ Փաշինյանը բանակը համարել է 44-օրյա պատերազմի ընթացքում կրած պարտության միակ մեղավոր․ սա խոսում է այն մասին, որ նա նաև բանակին է ընտրել միակ մեղավոր այն բանի, որ պատերազմից հետո Ադրբեջանը հայտնվել է մեր տարածքներում ու այսօր էլ շարունակում է ճնշումները Հայաստանի Հանրապետության վրա, բայց նա մոռանում է, որ իր գործողություններով է կազմաքանդել բանակը։

«ՀՀ ԶՈՒ-ն Արցախյան առաջին պատերազմում և հետպատերազմական ժամանակահատվածում, հատկապես 2013-14 թթ․-ին, դիվերսիոն հետախուզական գործողություների սրացման պայմաններում, ինչպես նաև քառօրյա պատերազմի ընթացքում ապացուցել է, որ իր առջև դրված խնդիրը լուծում է։ Հայկական բանակը, արցախյան բանակը հաղթանակած էին, զարգացման, կատարելագործման ժամանակահատվածում այդ բանակը դարձել էր մրցունակ բանակ, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ-ն ունակ է եղել իր առջև դրված խնդիրը լուծելու՝ գոնե պաշտպանության և կարևորագույն ուղղություններում, լեռնաանտառային պայմաններում հակառակորդին կանգնեցնելու համար։ Ի դեպ, այն ուղղություններում, որտեղ հակառակորդը մխրճվել է և սկսել է առաջ շարժվել դեպի Հայաստանի Հանրապետության սահմաններ, դեպի Մեղրի, Կապան, Գորիս, նույնիսկ Սև լճի հատված, նաև դեպի Շուշի, այդ մխրճումից հետո պատասխանատուն հենց ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Այն անձը, ով կարծում է, որ մենք բանակ չենք ունեցել, ու մեր բանակում դավաճաններ են, նույնիսկ հրապարակավ խոսում է դրա մասին, կարող եմ աել, որ ոչ միայն իրականությունից, այլև բարոյականությունից զուրկ մարդ է»։