copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:15 10-04-2023

Վահան Քերոբյանը երևի մոռացել է ասել, որ նույն 2022-ին օտարերկրյա ներդրումների ներհոսքը նախորդ տարվա համեմատ նվազել է 12․2 մլրդ դրամով

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարի կողմից նշվող այդ օտարերկրյա ուղիղ ներդրումները հիմնականում էլեկտրամատակարարման, գազամատակարարման ոլորտներում ընթացիկ ներդրումներ են, որոնք մշտապես լինում են ու մեծ հաշվով, իրենց հետ ուղիղ կապ չունի»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե 2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5.12%-ը։

«Վահան Քերոբյանը երևի մոռանում է ասել, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը 2021 թվականի համեմատ 2022 թվականին նվազել է 12,2 մլրդ․ դրամով կամ շուրջ 6 տոկոսով։ Այսինքն, այստեղ հետաքրքիրը միայն օտարերկրյա երդրումների ներհոսքը չէ, այլև այն ցուցանիշը, թե որքան ներդրումներ են գնացել մեր երկրից, և որքանն է մնացել մեր երկրում»,- ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ որքան էլ ՀՀ ներկա իշխանությունները փորձեն պատահական արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական աճի մասին բարձրաձայնել, մեր երկիրն այժմ կանգնած է թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային պայթյունավտան խնդրի առաջ։

«Հիմա եթե հարևան երկրի զինվորն առանց խնդրի հայտնվում է մեր երկրի տարածքում և ծեծում է մեր երկրի գյուղացու տան դուռը, ապա դա արդեն իսկ ինքնին խոսում է մեր երկրում առկա իրավիճակի մասին։ Ի՞նչ իմանանք, թե քանի զինվորեր հիմա որտեղ են և ինչ նպատակով են թշնամու զինվորները մեր երկրի տարածքում։ Այս իրավիճակում, այս ահռելի ահագնացող անվտանգային սպառնալիքների պայմաններում ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, ի՞նչ կայուն տնտեսական աճի մասին է խոսքը»,- ասաց նա։

Անդրադառնալով Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե ՀՀ կառավարությունը նպատակ է դրել մինչև 2026թ հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ֊ին 6%֊ի, տնտեսագետը հայտարարեց, որ դա առնվազն անիրատեսական է։

«Քերոբյանը երևի հույս ունի, որ ռուս- ուկրաինական պատերազմը շարունակվելու է մինչև 2026 թվականն ու այդ պատահական արտաքին գործոնն իր ողջ ծավալով շարունակելու է դրական ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության վրա։ Երևի այդ հաշվարկով են առաջնորդվում։ Բայց, կարծում եմ, որ սխալվում են, որովհետև այս գործոնը պատահական է ու արտաքին, այլև խիստ կարճաժամկետ»,- ասաց նա։

Սա, ըստ տնտեսագետի, նշանակում է, որ այդ գործոնի չլինելու դեպքում այդ փողերն ինչպես արագ եկել ու ստեղծել են որոշակի տնտեսական դրական ցուցանիշներ, այնպես արագ էլ դրանք կարող են դուրս գալ մեր երկրից ու նույնչափ բացասական հետևանքներ ու ռիսկեր առաջացնել մեր երկրի տնտեսության համար։

«Իսկ ինչ վերաբերում է կառավարության ծրագրում ներկայացված ներդրումային ծրագրին, միայն ես չեմ, որ դա անիրատեսական է համարում։ Արդեն 2021 թվականից անցել է 1,5 տարի, երբ իրենք այդ թիրախը դրել էին իրենց ծրագրում։ Փաստն այն է, որ չեն ապահովում իրենց դրած թիրախները, և երկրորդը՝ բազմաթիվ տնտեսագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, բոլորովին այլ կանխատեսումներ ունեն, քանի այսօրվա իշխանությունների մանիպուլյատիվ ու պոպուլիստական հայտարարություններն ու իրավիճակի խեղաթյուրումներն են»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակում առաջիկա հնարավոր տնտեսական կոլապսից խուսափելու ուղղությամբ, ըստ տնտեսագետի, իշխանությունների կողմից որևէ քայլ չի կատարվում։

«Սա այն իշխանությունն է, որը պատահական գործոնները, երբ բացասական որոշակի ազդեցություն են թողնում, ինչպես քովիդը, ձախողումներն ամբողջովին վերագրում են այդ գործոններին։ Իսկ երբ այդ նույն պատահական արտաքին գործոնների արդյունքում արձանագրվում է որոշակի դրական զարգացում՝ ողջ ծավալով ու անթաքույց այդ ամբողջը վերագրում են իրենց։ Չկա որևէ միտում, որ այդ դրամական հոսքերը, այդ թվում տրանսֆերները կկպիտալացվեն։ Հակառակը, գյուղատնտեսությունը շարունակաբար կա՛մ կրճատում է, կա՛մ ունենում է զրոյական աճ։ Էապես ցածր աճ է արդյունաբերության ոլորտում։ Շահումով խաղերի ծավալներն են ավելացվում, բանկային ոլորտն է եռապատկում շահույթը։ Իսկ դա, կրկնեմ, այդ պատահական գործոնի արդյունքն է»,- ասաց նա։

Այս պարագայում, գրանցված դրական ցուցանիշը որոշակի չափով պահելու համար, ըստ տնտեսագետի, ՀՀ կառավարությունը պետք է բացառի պոպուլիստական մոտեցումը։

«Պոպուլիզմը հակացուցված է հակաճգնաժամային կառավարմանը։ Անհրաժեշտ է գրագետ ու քրտնաջան աշխատանք՝ ծրագրված մոտեցումներով և ոչ թե սուտ խոստումներով իշխանությունը զավթելը և դրանից հետո խոստումների տապալումն ու պոպուլիստական արդարացումները»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները