Ուղիղ եթեր
Արամ Մանուկյանի արձանի շրջակայքը «փող է խմում». այն նորից բարեկարգելու համար 12 մլն է հատկացվել
copy image url

Արամ Մանուկյանի արձանի շրջակայքը «փող է խմում». այն նորից բարեկարգելու համար 12 մլն է հատկացվել

Ներքին 2 տարի առաջ - 23:01 10-04-2023
Երեկ քաղաքացի Էդուարդ Հայրումյանը լուսանկարներ էր հրապարակել Արամ Մանուկյանի արձանի հարակից տարածքից և նշել, որ այնտեղ նորից շինարարական աշխատանքներ են ընթանում, այնինչ այդ աշխատանքները նշված տարածքում ընդամենը ամիսներ առաջ էին ավարտվել։

Oragir.News-ի հետ զրույցում Հայրումյանը ասաց, որ այդ տարածքը վերանորոգվել և հանձնվել է նոյեմբերի 5-ին, ու հենց այդ տարածքի նկարն էլ դրված էր Ավինյանի էջում և գրված, որ մյուս անգամ անցնելիս չզարմանանք շատ սիրուն տեսարան տեսնելիս։ Հայրումյանը նշեց, որ Ավինյանի հրապարակման հենց հաջորդ օրը եղել է տարածքում և արձանագրել բազմաթիվ թերություններ։

«Դա նոյեմբերի 5-ին էր, 7-ին ես գնացել եմ, տեսել լիքը թերություններ, որ աշխատանքը լավ չի կատարվել։ Ես մեկնաբանել էի, տարբեր 47 նկար էի դրել թերությունների մասին և ասում էի, որ սրանք այն թերություններն էին, որոնք միանգամաից էին երևում կողքավ քայլելիս»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ իր համար շատ տարօրինակ էր այն, որ երեկ այդ տարածքով անցնելիս նորից աստիճանները տեսնում է քանդված։

«Երեկ անցնում էի այդ տարածքով ու տեսնում եմ, որ նորից քանդված է այդ մասը ու այդտեղ շինարարական ցանց կա կապված, և ես այդ նկարները հրապարակեցի այն պատճառով, որ երկրորդ անգամն են քանդում, և քանդում են այն մարդիկ, ովքեր կապ չունեն մշակույթային արժեքների վերանորոգման հետ, իսկ հենց այդ մասը գրանցված է որպես մշակույթային արժեք, և այդ աստիճանները անփույթ ջարդելով քանդելը շատ սխալ է»,- ասաց Հայրումյանը։

Հայրումյանը ասաց նաև, որ իր մտահոգությունը նաև այն է, որ այդ տարածքում շինարարությունն ավարտել են հինգ ամիս առաջ․ ի՞նչ է նշանակում․ նորից վերանորոգում ենք, քանդել ենք։

Հայրումյանը ասաց նաև, որ այսօրվա գործակարգավարական նիստին անդրադարձ բարձրացրած խնդրին եղել է։

«Այսօր գործակարգավարական նիստում Ավինյանը և շինվարչության պետը անդրադարձան այդ ամենին և ասացին, որ այդ հատվածը չի եղել նախագծի և ծավալաթերթի մեջ, դրա համար նորից մրցույթ են հայտարարել՝ 12 մլն դրամ արժեքով, ու փաստորեն, քաղաքացին, այսինքն՝ ես մանիպուլյացիա եմ անում, որովհետև քաղաքացին պիտի պատկերացներ, որ մի ամբողջ մշակութային համալիր են վերանորոգում, նկար հրապարակում, որ վերանորոգել են, բայց փաստորեն մի մասն է վերանորոգվել, և հենց այդտեղ էլ Ավինյանը ասում է, որ մենք պետք է հետագայում բացառենք նման բաները, և հետագայում այդպես չլինի, եթե մի բան անում ենք, ամբողջությամբ վերանորոգենք»։

Հայրումյանին չի գոհացնում նաև նախկինում արված աշխատանքը, քանի որ այնտեղ էլ բազում թերություններ կա, որ չեն շտկվել։

«Ես հետո հրապարակել եմ նաև մնացած մասը, որը իբրև վերանորոգված է։ Խայտառակություն է դա անվանել վերանորոգում և ինչ-որ մեկին ցույց տալ, ասել՝ սա մեր մշակութային արժեքն է՝ հինգ ամիս առաջ վերանորոգված։ Իրավիճակը կարելի է ներկայացնել այսպես․ ոնց որ ատամդ պլոմբես, հետո ողողում անես, պլոմբը պոկվի, գնաս ատամնբույժի մոտ, ատամնաբույժն ասի՝ ինչ է եղել, մի հատ էլ կպլոմբենք։ Սա է խնդիրը, ես իրենց հրավիրել եմ այնտեղ, որ գան, միասին գնանք և տեսնենք, թե որ աշխատանքներն են լավ, կամ այդ ինչն եմ ես մանիպուլացնում․ սա մի խնդիրն է։ Երկրորդը այն է, որ փաստորեն իրենք նախագիծ են ներկայացնում մշակութային արժեքի վերանորոգման, որի նախագծում աջ ու ձախ կողմերը ներառված էին, իսկ մեջտեղը չկար»,- ասաց նա։

Հայրումյանը չի կարողանում հասկանալ, թե որոնք են պատճառները, որ նախորդիվ այդ հատվածը չի ներգրավվել վերանորոգման ծրագրում, եթե պատճառն այն է, որ այդ հատվածը վերանորոգման կարիք չի ունեցել, իսկ ինչու է հիմա վերանորոգվում։ Բացի այս վերը նշվածները մեր զրուցակիցն ասաց նաև, որ տրված հատվածում, որտեղ աստիճանները քանդված են, աշխատանքներն սկսվել են մեկ ամիս առաջ։

«Մարտի տասին են այդ աստիճանները քանդվել, ու փաստացի մարդիկ 12 մլն դրամ են հատկացրել մշակութային արժեք ունեցող աստիճանների մի մասը նորոգելու համար, մեկ ամիս առաջ քանդում են, և մինչև օրս միայն քանդված է, ուրիշ բան չի արվել։ Եթե նույնիսկ նախագծով աշխատանք են անում, մեկ ամիս առաջ աստիճանները հրապարակի կենտրոնում քանդել եք, և հիմա տուրիստական սեզոնի սկիզբն է, քանդել եք, թողել եք, որ ի՞նչ անեք․ ինչո չեք սարքում։ Մեկ ամիս առաջ քանդել են, և մինչև հիմա աստիճանները իրար վրա լցրած են ու վերջ, շինարարական արգելապատնեշ է կապված, կապված է միայն կեսով․ դա էլ է օրենքի խախտում․ ամբողջ տարածքը պետք է փակված լինի, պետք է փակցված լինի, թե ով է այդ շինարարությունն անում, ինչ ժամկետում կվերջացվի, չկա հայտարարված ոչ մի բան»,- եզրափակեց Հայրումյանը։