Փաստորեն, դատավոր Արշակ Վարդանյանից ա՜յս աստիճան եք սարսափում․ Րաֆֆի Ասլանյանը՝ ԲԴԽ հաղորդագրության մասին
copy image url

Փաստորեն, դատավոր Արշակ Վարդանյանից ա՜յս աստիճան եք սարսափում․ Րաֆֆի Ասլանյանը՝ ԲԴԽ հաղորդագրության մասին

Ներքին 2 տարի առաջ - 13:01 07-04-2023
Նախօրեին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանն անդրադարձել էր Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին տարածվող լուրերին՝ նշելով, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա:

Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:

Այս գրառմանն ի թիվս այլոց՝ արձագանքել էր նաև փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն, ով գրել էր․ «Փաստորեն, դատավոր Արշակ Վարդանյանից ա՜յս աստիճան եք սարսափում։ Իսկ բոլոր վերլուծող ու տեղյակ մարդիկ շատ լավ են հասկանում ամեն ինչ. վաղը՝ ընդհանուր ժողովին դատական համակարգը տալու է մի հարցի պատասխան՝ կքանստած է իշխանության քաղաքական շահերի ծանրության տակ, թե՞ դեռ անկախության նշույլներ կան»։

Oragir.News-ի հետ զրույցում Ասլանյանն ընդգծեց, որ հաղորդագրությունն իրականում ոչ թե լրատվության ծառայության պետի, այլ դա ուղիղ ԲԴԽ նախագահի հայտարարությունն էր։

«Պարզապես համարձակություն չի եղել անձամբ հրապարակելու, որովհետև խախտման խնդիրներ էր առաջանալու, մյուս կողմից էլ՝ գրածի բովանդակությունն ակնհայտ նրա մասին է վկայում, որ ըստ էության՝ քողարկված կերպով մեղադրում են ԲԴԽ անդամի թեկնածու դատավորին, ում իբրև թե ձեռնատու է համակարգի հուսալքված վիճակը։

Եթե համադրենք՝ հիմնավոր կասկած կձևավորվի, թե հատկապես որ թեկնածուի մասին է խոսքը։ Բնականաբար, այդ թեկնածու չի լինելու իրենց սիրելի թեկնածուն, ում ցանկանում են տանել ԲԴԽ, այլ այն թեկնածուն է, որին չեն ցանկանում տանել ԲԴԽ»։

Հարցին, թե սա արդյոք ժողովից առաջ դատավորիների ուղղորդելու փորձ չէ՝ նա պատասխանեց, որ Կարեն Անդրեասյանը դա արել է հենց ուղղակիորեն։

«Իմ ունեցած տեղեկություններով, նաև լրատվամիջոցներն այդ մասին հրապարակումներ ունեցան, այն մասին, որ վերաբերմունքը կոնկրետ անձի նկատմամբ և իր ներքին վախերը Անդրեասյանն արտահայտել է դատավորների հետ ուղղակի զրույցների միջոցով»։

Անդրադառնալով հաղորդագրության մեջ խոսվող դատավորների շրջանում վերականգնվող հավատին՝ նա ընդգծեց, որ ԲԴԽ-ն դատավորների անկախության ամրապնդման ուղղությամբ ոչինչ չի անում։

«ԲԴԽ-ն այսօր իշխանության գործիք է, ԲԴԽ-ի համար անկախ, անաչառ դատավորն ընդունելի չէ։ Ընդունելի են այնպիսի դատավորներ, որոնց մասնագիտական գիտելիքները և համարձակությունը ծիծաղ է առաջացնում։ Էդպիսի բազմաթիվ դատավորներ կան։ Երբ մենք համադրում ենք այդ դատավորներին այն դատավորների հետ, որոնց նկատմամբ ակնհայտ տրամադրվածություն ենք նկատում ԲԴԽ-ում՝ պարզ է դառնում, որ մենք նման խորհուրդ էլ չունենք՝ զուտ իրավաբանորեն»։