Ռուսաստանաբնակ հայազգի շոումեն Միխայիլ Գալուստյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել։ Այս մասին Գալուստյանը հայտարարել է Երևանում կայացած միջոցառման ժամանակ իր ունեցած ելույթում։
«Արդարությունը հաղթեց, վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն։ Ես գնացի ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով, ազնվորեն ներկայացրեցի փաստաթղթերը և վերջապես ստացա»,- ասել է Գալուստյանը։
Վերջինիս ներկայացուցիչ Թավրիզ Շահիդին The Insider-ի հետ զրույցում հայտնել է, որ Գալուստյանը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և հարկային ռեզիդենտ, ինչպես նաև նա չի պատրաստվում հեռանալ Ռուսաստանից։
Լրատվամիջոցների ուշադրությունից հետո Գալուստյանը իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ցանկանում է որոշակի հստակեցում մտցնել իր կողմից քաղաքացիություն ստանալու հարցում։
«Նախ՝ ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Հայաստանն իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, վստահ եմ, միշտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ։ Այլ մեկնաբանությունների կարիք չկա։ Հանգստացեք: Ես սիրում եմ Ռուսաստանը և չեմ գցում այն այստեղից, ինչպես որոշ մարդիկ: Ես այստեղ ունեմ շատ ընկերներ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանը իմ հայրենիքն է, վերջ»,- նշել է նա։
Նշենք, որ Միխայիլ Գալուստյանը հետևողականորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա 2012 թվականին մասնակցել է Պուտինի նախընտրական քարոզարշավին, իսկ 2018 թվականին միացել է «Պուտին թիմ» շարժմանը և դարձել Ռուսաստանի Դաշնության նախագահի վստահելի անձանցից մեկը։ Գալուստյանը համագործակցում է նաև ՌԴ պաշտպանության նախարարության հետ և սերտորեն շփվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ուկրաինայի և Կանադայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառեցին նաև Միխայիլ Գալուստյանին։