Երևան +10°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:10 03-04-2023

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը երկու պահանջ ունի ԱԺ-ից․ հրատապ կոչ հանրությանը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը այսօր՝ ապրիլի 3-ին, հրավիրել է մամուլի ասուլիս։

Խորհրդի անդամներից Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին բոլորին հրավիրում են հանրահավաքի, որը կկայանա ԱԺ Բաղրամյանի մուտքի մոտ։

Նա ասաց, որ երկու պահանջ է դրվելու․ «Առաջինը՝ ԱԺ-ից պահանջելու ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպես անկախ սուբյեկտ, երկրորդը՝ հաշվի առնելով, որ այսօրվա իշխանությունը հինգը տարուց ավելի մեզ ներքաշել է պատերազմի մեջ և այսպես շարունակվում է հողեր «վարի տալ», ապա պահանջում ենք, որ վարչապետը հրաժարական տա»։

«Սյունիքում իրավիճակը սարսափելի է, մի գիշերվա մեջ, առանց 1 կրակոցի, ադրբեջանական կողմն առաջ է եկել»,- ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որը նոր է վերադարձել Սյունիքի մարզի Տեղ գյուղից:

«Երբ Կառավարության նիստին այս հրեշը որոշեց, որ Տեղ գյուղում բանակը փոխարինում է սահմանապահ ուժերով՝ ԱԱԾ ուժերով, ի՞նչ է դրանով անում: Քանի որ գիտեն, որ եթե նորից զոհեր լինեն, ժողովուրդը բնազդով դուրս կգա, և դա հնարավոր է՝ լինի իրենց վերջը, ամեն բան անում են, որպեսզի զոհերից խուսափեն, ժողովրդին դրանով հանգստացնեն, հողերը հանձնում են լուռ, մեր շուրջ մահացու օղակը սեղմվում է, ժողովրդին նորից պահում են անգիտության մեջ»,- նշեց զոհվածի մայրը։

Նաիրա Մելիքյանի խոսքով՝ իրենք ճանապարհին բազմաթիվ ավտոբուսներ են տեսել՝ մոբով կամ զինվորներով․ «Իջեցնում էին ներքև, որովհետև այնտեղ եղել են գեներալներ, ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք պարզապես չե՛ն ենթարկվել սրանց հրամանին, երբ ասել են՝ չկրակե՛ք, մարդիկ ասել են՝ ո՞նց, պետք է կրակենք: Հետևաբար՝ նրանց իջեցրել են, նրանց փոխարեն բերել են ոստիկանական կամ ԱԱԾ ուժեր»։

«Այս իշխանությունը պետք է դատվի ժողովրդական տրիբունալով՝ Ադրբեջանի և Թուրքիայի կատարած հանցագործությունները սպասարկելու համար»,- հայտարարեց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Գրականագետ Սերժիկ Սրապիոնյանն էլ նկատեց, որ մեր ամենախոցելի տեղը հանրության տեղեկացված չլինելն է հիմնական հարցերին․ «Այսօր մարդը, որը զբաղեցնում է հայոց պետական կարևորագույն պաշտոնը, ես կասեի՝ առաջին պաշտոնը, թքում է հայ մարդու երեսին և դա այն թքի վերադարձն է, որը 5 տարի շարունակ ադրբեջանցիները թքում են իրենց երեսին, և նրանք այլ հասցե չգտնելով՝ թքում են մեր ազնիվ, նվիրյալ հոգի ունեցող քաղաքացիների երեսին»։

Գրականագետի խոսքով՝ ժողովրդին մոլորեցրել են՝ ասելով, որ եթե այս իշխանությունը գնա, ապա պատերազմ կլինի։

Այս առնչությամբ տեսակետ հայտնեց նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Հենց իշխանությունը փոխվեց՝ խաղաղություն է լինելու։ Բանակը տալիս ենք ԱԱԾ-ին, ուրեմն բանակ չպետք է մնա։ Էս էն դեպքը չի, երկիրը պուճուր է ու սահմանը շատ է կտրտված։ Ինքը Կաշպիրովսկու նման ձեռքով խաղա անում, մեկը չկա, ասի՝ ինչո՞ւ են բոլորին տանում ԱԱԾ, որ բանակ չմնա՞։ Մենք մաքուր դավաճանության հետ գործ ունենք»,- ասում է Հրանտ Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում