copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:30 30-03-2023

Վերջ թափանցիկությանն ու հաշվետվողականությանը. բազմաթիվ պաշտոնական կայքեր չեն գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության սկզբում անդադար խոսում էր թափանցիկության մասին, նույնիսկ նկարում էր կառավարական ամառանոցի զուգարանը, իսկ այսօր Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գտնվող «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի, «Դիլիջան ազգային պարկ»-ի ու «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքերը հասանելի չեն հանրությանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից առանձին կայքերի բացակայությունը հիմնավորեցին նրանով, որ այդ կառույցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ https://protectedareas.am/ կայքում։

Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց .«protectedareas.am կայք կա, որտեղ բնության հատուկ պահպանվող տարածքների բոլորի մասին տեղեկատվություն կա, հիմա գործընթաց է գնում, որ բոլոր կայքերի ինֆորմացիան միավորվի այդտեղ, այդտեղ արդեն բավականաչափ տեղեկատվություն կա և հիմա, նաև լրացումներ են կատարվում»։

Oragir.News-ի հետ զրույցում Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, խոսելով գերատեսչությունների իրազեկման աշխատանքից, ասաց, որ ինքը ուսումնասիրություն չի արել, բայց գիտահետազոտական խումբը այս պահին գերատեսչությունների PR ուսումնասիրությունների փուլում է, ուսումնասիրում է, թե որքան է հասարակությունը իրազեկվում տեղի ունեցող ոլորտային քաղաքականության մասին։

«Այսօր կարծես թե մեծ ուշադրություն չի դարձվում այն գործիքների վրա, որոնք օգնում են հանրայնացնել և իրազեկել աշխատանքը, և այդ մասնագետներն էլ կարծես թե կրճատվում են։ Եթե նայենք ՏԻՄ-երում, գրեթե վերացվում են այդ մասնագետները, և դա դրվում է անձնակազմի կառավարման վարչությունների կամ բաժինների վրա, պարզվում է, որ տեղեկատվության իրազեկումը այդքան էլ չի կարևորվում»,- ասաց Ավետիսյանը։

Խոսելով կոնկրետ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցների կայքերի բացակայությունից՝ Ավետիսյանն ասաց. «Այս դեպքում եթե բնապահպանական ուղղությամբ փորձում ենք որևէ ինֆորմացիա ստանալ, և կայք չկա, դրա բացատրությունը լինում է այն, որ նոր կայք է ձևավորվում․ դա մի բան է, բայց մյուս կողմից էլ ուղղակի չի կարևորվում տեղեկատվության փոխանցումը հասարակությանը, այսինքն՝ հաղորդագրությունը կարծես թե ինչ-որ տեղ ընդհատվում է, և հանրային կարծիքը և հասարակության հետ աշխատանքը մղվում են երկրորդ պլան»,- ասաց Ավետիսյանը։

Ըստ Ավետիսյանի՝ քաղաքացու համար բավականին դժվար է պետական գերատեսչության կայքէջերից անհրաժեշտ ինֆորմացիայի ձեռք բերումը։ «Ընդհանրապես, եթե մենք պետական գերատեսչությունների էջերն էլ փորձենք վերլուծել, կտեսնենք, որ հասարակությունը հեշտ չի ստանում տեղեկատվություն, այսինքն՝ նավարկելը այդ կայքերում շատ դժվար է, և դրանք չեն նպաստում ամբողջական տեղեկատվության տարածմանը։ Իսկ թե ՊՈԱԿ կլինի, պետական գերատեսչություն կլինի, դպրոց կլինի, ինչ-որ համակարգ կլինի, դրանք բոլորը միտված են տվյալ կառույցի տեղեկատվության տարածմանը, և եթե այդ ՊՈԱԿ-ը չունի կայք, քանի որ կայքը կարող է և թանկ հաճույք լինել, հանգիստ կարելի է սոցիալական մեդիայում որևիցե պաշտոնական էջ ունենալ, որտեղ պարբերաբար հասարակությանը կտեղեկացվի այն իրադարձությունների, օրենքների, որոշումների մասին, որոնք տվյալ ոլորտում կայացվում են։ Կարևոր չէ, թե ինչ ոլորտ է, այստեղ կարևորը հասարակության իրազեկվածության բարձրացումն է, իսկ PR ասելով մենք պետք է հասկանանք հաղորդակցությունը»։

Դիտարկմանը, որ բացակայում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կայքը, Ավետիսյանն ասաց. «Դա գալիս է բուհի քաղաքականության ղեկավարման մեթոդաբանությունից՝ ինչքանով են կարևորվում կայքի, սոցիալական մեդիայում հաղորդակցության ձևավորման հնարավորությունները։ Նորագույն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս, որ մենք կարողանանք նույն վայրկյանում փոխանցել այն տեղեկատվությունը, որը տարիներ առաջ հայտարարություններով, թերթերով հրապարակելով էին փորձում անել մարդիկ։

Այսօր խտացել է այդ ժամանակը և բուհի, կառույցի ղեկավարն է կարևորում հանրության լսարանի հետ շփումը․ եթե ինքը կարևորեց աշխատանքը, ուրեմն կկարևորվի»։ Ավետիսյանի խոսքով՝ շատ կառույցներում կայքերի բացակայություը պայմանավորված է ֆինանսավորման սակավությամբ. «Մյուս կողմից ես պետք է ասեմ, որ փոքր բուհերը գուցե և բյուջե չունեն դրա համար նախատեսած և դա համարում են լրացուցիչ ճոխություն իրենց համար, բայց նորից եմ ասում, որ սոցիալական մեդիան մեզ տալիս է լայն հնարավորություններ, եթե մենք ուզում ենք լայն հրապարակային գործունեությունը ծավալել և ուզում ենք շփվել, ոչ միայն ներսում ներքին հաղորդակցություն իրականացնել, այլ արտաքին, գերատեսչությունից դուրս հաղորդակցություն իրականացնել, այդ պարագայում հանգիստ կարող ենք գտնել այն գործիքները, որոնցով տեղեկատվությունը կարող ենք տարածել։

Նույն այդ Կոնսերվատորիան ներքին և արտաքին լսարանների հետ առնչություն ունի, և այնտեղ տեղի ունեցող նորարարությունները, համերգները, այն բոլոր լավ երևույթները և հնարավոր բոլոր խնդիրները, մարտահրավերները կարող են տեղեկատվուության որոշակի դաշտ ստեղծել, երբ որ մենք օգտագործենք այն բոլոր գործիքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս հանրայնացնել աշխատանքը»։ Ավետիսյանը նշեց, որ որոշ կառույցներում հանրային կապերի վարչությունը վերափոխվել է մարկետինգի վարչության․

«Ինչքանո՞վ է դա ճիշտ․ դա էլ մեկ այլ հարց է, բայց եթե առաջնայնություն տանք տեղեկատվության ներկայացման տեսանկյունից, իրենք իրենց գործն անում են, բայց մարկետինգը շուկայաբանությունն է, շուկայի հետ աշխատանքն է, գների պլանավորումն է, իսկ հանրային կապերը հանրայնացման գործընթացի կազմակերպումն են, հասարակայնության հետ հաղորդակցության ձևավորումը։ Այսինքն՝ ամեն տեղ էլ վերլուծելիս որոշակի խնդիրներ կարող ենք արձանագրել և կարող ենք տեսնել լավն ու վատը։

Բայց մի բան պետք է ֆիքսել և հասկանալ, որ ժողովրդավարական երկրներում, անկախ երկրներում, որտեղ չկան կախումներ որոշակի բաներից, ինստիտուտները պետք է ծառայեն հասարակությանը և հասարակության հետ փոխադարձ փոխհարաբերություններ ձևավորելու արդյունքում կարող են տալ այն արդյունքը, որը հնարավորություն կտա բազմաբևեռ և ներդաշնակ փոխհարաբերություններ ձևավորել իշխանության և հասարակության միջև»,- ասաց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը հեռացրել են
08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
09:00 Մարդկանց երեսը դառնում է պադոշ. պատմական 4 վիրավորանքները
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման