Երևան +15°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:27 25-02-2024

Բազմաթիվ արցախցիներ 3-4 ամիս է՝ աջակցություն չեն ստացել

Արդեն մի քանի օր է՝ Oragir.News-ին դիմում են բազմաթիվ արցախցիներ և հայտնում, որ 3-4 ամիս է՝ չեն ստացել 40+10.000 դրամները։ Մեզ դիմած արցախցիները նշում են, որ զանգել են սոցապնախարարության թեժ գծին, բայց անորոշ պատասխան ստացել։ Այնուհետև դիմել են Գյումրիի տարածքային բաժին, բայց ՄՍԾ-ում էլ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։

Ստեփանակերտից բռնի տեղահանված Լարիսա Ավանեսյանն ասում է, որ ինքը դեռ 100.000դրամ միանվագ գումարն էլ չի ստացել։

«Էսօր ձեր գումարը կնստացնենք, վաղը կնստացնեն, արդեն 3 ամիս անցավ։100.000-ն էլ դեռ չեմ ստացել, անիմաստ տանում-բերում են, ժամանակ են ձգում։ 3 երեխաներիս, ամուսնուս հետ վարձով ենք մնում, մեզ ամսական 250.000 փող են տալիս, էդ 250.000-ից 150.000-ը վարձ եմ տալիս։ Մնում ա 100.000 դրամ, դա էլ ծերը ծերին կպցնելով յոլա ենք գնում։ Երեք ամիս է՝ կտրել են 40+10.000 դրամները։ Ամուսնուս հասանելիք գումարն են կտրել, որը 150.000 դրամ է կազմում։ ՄՍԾ-ում ասում են` տիկին ջան, Դուք նոյեմբերին պատշաճ կերպով չեք հաշվառվել, Ձեր ամուսնու անունը չկա ցուցակում։ Ասում եմ`ոնց կարա ըտենց բան լինի, ինչ անեմ... Իրանց ձեռքն է սաղ, ոնց ուզեն, կխաբեմ էս ժողովրդին։ Դե հիմա մենք ենք իրանց ձեռքին նայում, ոնց ուզեն մատների վրա կխաղացնեն։ Դեկտեմբերին, որ չտվեցին ասեցին հունվարի հետ միասին կտանք, իսկ հիմա ասում են՝ էդ 3 ամսվա գումարի մասին մոռացեք»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է 48-ամյա Լարիսա Ավանեսյանը։

Ասկերանից բռնի տեղահանված Անահիտ Հակոբյանն էլ ասում է. «Մեր 3 ամսվա 40+10.000 դրամը կտրել են, 150.000 դրամ ես եմ կորցրել սոցապի անփույթ աշխատանքի պատճառով։ Մամաս էլ 2 ամսվանը չի ստացել։ Կառավարություն, ղեկավարություն չկա, երկիր չկա։ Մենք Նիկոլին չէինք խնդրել, որ մեր տները հանձնի թուրքին, հիմա էլ տրտնջա մեզ աջակցություն տալուց։ Մեզ հասանելիք օգնությունն էլ չի ուզում տալ։ Չեն մտածում, թե էս մարդիկ ոնց պիտի տան իրենց վարձերը։ Աշխատանքի դիմում ես, մերժվում ես, սաղ փակ ա քո համար, եթե դու արցախցի ես։ Ես հլը, որ սա եմ հասկացել, ուրիշ բան թույլ չեն տվել մտածել։ Դիմում եմ գրել, որ հետ վերադարձնեն իմ գումարները, բայց առանձնապես հույս չունեմ»,-ասում է Արցախից բռնի տեղահանված Անահիտ Հակոբյանը, ով անչափահաս երեխաների հետ Գյումրիի բազմաբնակարան շենքերից մեկում է ապրում։

Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից բռնի տեղահանված 52-ամյա Նունե Բալասանյանի ընտանիքը ևս զրկել են 3 ամսվա 40+10.000 դրամից, ստացել պատճառաբանություն, որ երեք երեխաներից մեկի անունը հաշվառված չի եղել ցուցակում, բայց տիկին Նունեն հերքում է, որովհետև իրենք պատշաճ հաշվառվել են նոյեմբեր ամսին։

«Հաղորդագրություն եկավ, որ պտի գնանք, Կոնվերս բանկից մեր գումարը ստանանք, պտի 200.000 լիներ, բայց 150.000 տվեցին։ Ասացի` բա ինչի 150.000, ասեցին՝ սպասեք, կնստի հաշվին մնացած 50.000 դրամը։ 1-2 օր հետո գնացի ՄՍԾ, ասացի, որ իմ երեխու հասանելիք հունվար ամսվա 40+10.000-ը չեն տվել, նայեց, ասաց՝ տիկին ջան, ոչ թե հունվարը չեք ստացել, այլ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսը չեք ստացել։ Ինձ հետաքրքիր ա՝ որտեղ մնաց իմ գումարը, ով կերավ իմ երեխու փողը։Հիվանդ երեխա ունեմ, ես էսօր իրա դեղերը չեմ կարողանում առնել, դուք էս երեխու բաժնից եք կտրել։ Շահրամանյանին 100.000 դրամ օգնություն ես տվել, ինքն էլ ունի դրա կարիքը, իմ երեխեն էլ։ Շահրամանյանը կարա ստանա, իմ երեխեն՝ չէ»,-պատմում է տիկին Նունեն։

Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղից բռնի տեղահանված Նվարդ Մաթևոսյանն էլ չի ստացել ո՛չ 100.000 դրամ միանվագ օգնությունը, ո՛չ 2 ամսվա 40+10.000 դրամները։

Արցախցի կնոջն ասել են, որ ստուգումներ են անում, անպայման կտրամադրեն իր գումարները։

«Տունուտեղս, իմ ամեն ինչը թողել եմ ու մի ձեռք շորով եկել Հայաստան։ Ես չեմ ընտրել իմ այս կարգավիճակը։ Մեզ ամեն ինչից զրկել են, թող գոնե մեզ հասանելիք օգնությունները ժամանակին տան։ Ես միայնակ կին եմ. որդիս էս մի պատերազմում է զոհվել, աղջիկս Ռուսաստանում է։ Տան վարձս, ասենք, մինչեւ մարտ տված ա, բա դրանից հետո ես ինչ պիտի անեմ։ Ո՛չ աշխատանքի տեղ կա, ո՛չ մի բան, մենք իրանց ստանդարտներին չենք համապատասխանում։ Ես իմ հասանելիքն եմ ուզում, չեմ ասում ուրիշի բաժինը տվեք, ինձ իմ չստացած գումարները տվեք»,-ասում է արցախցի կինը։

Oragir.News-ին դիմած արցախցիներից շատերը դիմում են գրել նախարարություն՝ պահանջելով իրենց գումարները։ Նամակներին դեռևս արձագանք չկա։

Ամենից շատ դիտված