Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
copy image url

Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»

Ներքին Միտք 3 ժամ առաջ - 09:10 21-06-2025
ՀՀ եկող օտարերկրյա պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդ։ Ոմանք այցելում են եկեղեցի, մատենադարան և այլ կարևոր վայրեր։ Այդպիսով ցույց են տալիս, որ հարգում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, սրբությունները և այլն։

Թուրքիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին տեսանյութ է հրապարակել՝ կից գրառումով: «Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ»,- գրել է նա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը ոտաբոբիկ մտնում մզկիթ, ինչը մահմեդական ավանդույթ է։

Ինչո՞ւ է Փաշինյանը ոտաբոբիկ մտել մզկիթ։

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վայելում է մուսուլման հավատացյալների վստահությունը, բազմիցս է հանդես եկել այնպիսի նախաձեռնություններով, որոնք արժանացել են մուսուլմանների հավանությանը։ Օրինակ՝ Սուրբ Սոֆիայի հայտնի տաճարը, որը 85 տարի թանգարանի կարգավիճակ ունենալուց հետո 2020-ին վերածեցին մզկիթի։ Էլեկտորալ հետաքրքրություններով առաջնորդվելով են Թուրքիայի իշխանությունները Ստամբուլ այցելող բարձրաստիճան հյուրերին ուղեկցում մզկիթ։

Քրիստոնյա աշխարհի քաղաքական գործիչները մեծ մասամբ հրաժարվում են այցելել մզկիթ։ Կամ գերադասում են այցելել Սուրբ Սոֆիայի տաճար։ Փաշինյանին տարել են Կապույտ մզկիթ։ Ավանդույթի համաձայն՝ մզկիթ մտնողը հանում է կոշիկները որպես հարգանքի նշան։ Այս ավանդույթը կա նաև որոշ այլ կրոնական սրբավայրերում։ Այդպես ընդգծվում է հարգանքը սրբավայրի մաքրության հանդեպ։ Ինչ-որ առումով՝ ընդգծվում է նաև, որ մարդը նվաստ է, խոնարհ Աստծո հանդեպ։ Տեսանյութում Փաշինյանը, կարծես՝ կաշկանդված է, ճնշված է զգում իրեն մզկիթում, կարծես կասկածում է, որ իրեն կրկին խաբելու են, «գցեն»։

Հարևան ժողովրդի կրոնական սրբությունը հարգելու բազմաթիվ օրինակներ կան պատմության մեջ։ Կիլիկիայի Մլեհ իշխանն է նման ժեստ արել, որի արդյունքում շահել է թուրքերի աջակցությունը Կլիկիկայի պաշտպանության հարցում։ Նադիր շահն է եկել Էջմիածին ոտաբոբիկ մտել տաճար ու ծնկաչոք աղոթել հայերի կողքին։ Դրանից հետո հայ ժողովուրդը եկեղեցու կոչով, հայ մելիքների առաջնորդությամբ 6 գումարտակ է կազմել ու մասնակցել Նադիր շահի աշավանքին դեպի Արևմտյան Հայաստան, վերականգնել Պարսկաստանի ինքնիշխանությունը։ Նադիրն էլ հայերին ինքնավարություն է շնորհել, ձևավորվել են Խամսայի մելիքությունները։

Փաշինյանի պարագայում պարզ չէ, թե Հայաստանն ինչ շահեց նրա՝ Կապույտ մզկիթ այցելելով։ Փաշինյան-Էրդողան բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրությունների մեջ արդյունքի մասին բան չկա։ Կարելի՞ է ասել, որ Փաշինյանին հենց այնպես նվաստացրին, ստիպեցին հանել կոշիկներն ու հարգել մուսուլմանական ավանդույթը։

Սակայն, ասում են, թե կա թանքված պլան։ Ակնկալվում է, որ 2026-ին Էրդողանն այցելելու է Երևան, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Այս այցի շրջանակում կարող են նրան ուղեկցել եկեղեցի, հետո Ծիծեռանակաբերդի հուշահամալիր։ Այս քայլերով ցույց կտան, թե ինչպես Փաշինյանն այցելեց մզկիթ ու հարգեց մուսուլմանական ավանդույթներն, այնպես էլ Էրդողանն է այցելում եկեղեցի, իսկ հետո էլ հարգում Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այսինքն՝ Էրդողանին նույնպես կնվաստացնեն Երևանում, ինչպես Փաշինյանին Կապույտ մզկիթում; Դրանից հետո էլ կարող են ասել, թե Թուրքիան թշնամանք չունի քրիստոնյաների, հայ եկեղեցու հանդեպ, հարգում է հայերի ավանդույթները, ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Եվ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին խոչընդոտ չկա։

Կարճ ասած՝ ինչքան էլ ներկայացնեն, թե Փաշինյանի ոտաբոբիկ մզկիթ մտնելը նպատակ ուներ մեղմել Թուրքիայում հակահայկական տրամադրությունները, հիմք ստեղծեր, որ Էրդողանն էլ Երևանում այցելեր եկեղեցի ու Ծիծեռնակաբերդ, միևնույն է՝ խիստ կասկածելի է, որ Թուրքիան նույնպիսի ժեստ կանի։ Այսինքն՝ Փաշինյանի ոտաբոբիկ նվաստացումը քրիստոնյա հայության աչքում ոչինչ չի տա պետությանն ու ժողովրդին։ Կոպիտ ասած՝ հերթական անգամ «կգցեն»։

Թաթուլ Մկրտչյան