Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:07 24-03-2023

Ծառահատումներն ու մեր բնակլիմայական պայմանների հետ կապ չունեցող ծառատեսակի տեղադրումը կբերի էկոլոգիական աղետի․ բնապահպան

«Ես տեղեկություն ունեմ, որ ծառահատում իրականացվում է ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև Բարեկամությունում»։ Oragir.News-ի հարցին այսպես արձագանքեց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով ծառերի հատումներին ու դրանց փոխարեն սակուրա տեսակի ծառերի տեղադրման թեմային։

«Իմ կարծիքը շատ հստակ է, թե ինչում եմ դեմ ծառերի հատմանը։ Նախ, արձանագրենք, որ այդ ծառերը հատման ենթակա չէին ու այն վիճակում չէին, որ կտրվեին։ Այդ մասին միայն ես չեմ, որ ասում եմ, այլև շատ այլ անկախ մասնագետներ, որոնք տեղում են եղել։ Եթե ծառը 50 տարեկան է, չի նշանակում, որ այն պետք է հատել ու գցել մի կողմ։ Երկրորդ խնդիրն արդեն ծատատեսակների խնդիրն է, որոնք պետք է բերվեն և տեղադրվեն այդ ծառերի տեղը։ Հիմա սակուրաների մեծ պարտիա է գալիս, և եղևնիներ են տնկվելու»,- ասաց նա։

Բնապահպանը հատուկ ուշադրություն է հրավիրում փաստին, որ մինչև մայրաքաղաքում հատուկ ծառատեսակների տնկումը դեռևս տարիներ առաջ ուսումնասիրություններ են կատարվել։ Հենց այդ ուսումնասիրությունների արդյունքում է որոշվել տնկել այն ծառատեսակները, որոնք այժմ հատվում են՝ մեր բնակլիմայական պայմաններին չհամապատասխանող ծառատեսակներ տնկելու համար։

«Այդ ծառատեսակները քաղաքը պաշտպանում են փոշուց։ Մենք քաղաքը կիսաանապատային ու կիսատափաստանային վիճակում է, և դա է խնդիրը, որ մենք պետք է հատուկ ընտրություն կատարենք ծառերը տնկելուց առաջ։ Բացի այդ՝ ունենք յուրահատուկ կենսաբազմազանություն, որը խիստ կապված է և՛ թփերի, և՛ ծառերի հետ։ Ունենք թռչունների տեսակներ, որոնք բնադրում են հենց այդ ծառատեսակների վրա։ Պետք է այնպիսի ծառատեսակներ լինեն, որոնք ունեն փչակներ։ Հիմա իրենք այնպիսի ծառեր են բերում, որ չեն համապատասխանում մեր բնական պայմաններին։ Որոշ մարդիկ գրել են, թե սակուրան նույն բալենին է։ Ո՛չ, դա բալենին չէ ու տեղական տեսակ չէ ու ՀՀ հետ որևէ կապ չունի։ Եթե իրենք չգիտեն, մենք գիտենք։ Եթե մենք մի ծառատեսակ ենք բերում, որը չի տեղավորվում բնության շղթայում, այդ շղթան քանդվում է։ Մենք կարող ենք միջատների բնակավայր դարձնել Երևանը և զրկվել բազմաթիվ թռչնատեսակներից։ Սա բնապահպանական աղետ կդառնա»,- ասաց նա։

Բնապահպանի խոսքով՝ սակուրան ծաղկում է 10-15 օր։ Դրանից հետո մնում են միայն ճյուղերը։

«Կարճ ու փոքր ծառ է։ Դրա վրա թռչունները չեն բնադրում, շուքն ու հովը չի ապահովում քաղաքում, տերևները փոքր են։ Հազար ու մի բան կա, որ չի համապատասխանում մեր բնակլիմայական պայմաններին։ Նույնն էլ եղևնին։ Այդ ծառերը կարելի է տնկել բակի ներսում, կամ կառավարական շենքերում ու նմանատիպ այլ վայրերում։ Երևան քաղաքը ողողել այդ ծառերով՝ պարզապես հանցագործություն է»,- ասաց նա։

Ադամյանի խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի, որ այս ծառահատումների ու նոր ծառերի տեղադրման գործընթացը շարունակական է լինելու։

«Հասկանալի է, որ պետք է շարունակական լիներ։ Բայց մենք այդպես էլ քաղաքապետարանի հատուկ մասնագետի խոսքը, որը կհիմնավորեր ծառերի հատելը՝ գիտականորեն։ Այդ հիմնավորումը չկա և չի կարող լինել»,- ասաց նա։

Սիլվա Ադամյանը տեսակետ հայտնեց, որ այս գործողությունները կարող են կապված լինել շրջանառվող մեծ գումարների հետ։ Իր խոսքով՝ խնդրին լուծում տալու համար ինքն արդեն բազմիցս դիմել է պատասխանատու տարբեր օղակների, սակայն արդյունքի չի հասել։

«Երբ բնապահպաններն ասում էին Սևանա լճի մասին, ոչ ոք չէր հավատում, որ այնտեղ կարող է ծաղկում լինել, և այդ լիճը կորցնենք։ Հիմա էլ մենք իրենց ասում ենք․ կանգ առեք, չի կարելի, առանց դրա էլ մեր քաղաքը վատ վիճակում է։ Հարցը նաև այն է, որ նույնիսկ Ամուլսարի ու Սևանի խնդիրներում, որտեղ բնապահպանները միասնական էին, սէլի մենք չենք կարողանում լուծել այդ խնդիրները։ Անընդհատ բացատրում ենք, բարձրաձայնում ենք, հորդորում ենք, մեր մասնագիտական կարծիքն ենք հայտնում, ասում ենք, որ այդպես չի կարելի։ Միևնույնն է, «սայլը տեղից չի շարժվում»։ Այս մարդիկ անում են այնպես, ինչպես իրենց հարմար է։ Սա ամբողջ խնդիրը»,-եզրափակեց բնապահպանը։