copy image url
Միտք 1 տարի առաջ - 20:56 22-03-2023

Երբևէ նման կարճ ժամանակահատվածում և նման ծավալով չի սահմանափակվել ու ոտնահարվել դատավորների անկախությունը

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը անդրադարձել է Կարեն Անդրեասյանի գործունեությանը։ Նա մասնավորապես նշել է․

«Բարձրագույն դատական խորհուրդը կոլեգիալ սահմանադրական մարմին է, որը գործում է շուրջ հինգ տարի:

2023 թվականի մարտի 17-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դատավորների ընդհանուր ժողովի նախաշեմին ամփոփել է իր պաշտոնավարման վեցամսյակը:

Շրջանցելով ԲԴԽ նախագահի ելույթի ոչ իրավական տարրեր պարունակող մասը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ նա չի հրաժարվել որպես քաղաքական գործիչ նախկինում հնչեցրած՝ դատավորներին բացասական, որակական գնահատականներ տալուց, փաստազերծ պիտակավորումներ պարունակող ակնարկներից ու անվանարկումներից՝ շարունակելով անթույլատրելի վարքագիծը, թե՛ նշված վերջին ելույթում, թե՛ դատավորների հետ առանձին հանդիպումներում և թե՛ ԲԴԽ դատական նիստերի դահլիճում:

Հարկ է փաստել, որ վերջինիս վեցամսյա գործունեության ժամանակահատվածն եղել է աննախադեպ. երբևէ նման կարճ ժամանակահատվածում և նման ծավալով չի սահմանափակվել ու ոտնահարվել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական սկզբունքներն ու երաշխիքները.

Այսպես՝

Կ.Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ և նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն և իրավաբանական համայնքում հարգված, հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

Մասնավորապես, անտեսելով սեփական նախաձեռնությամբ որպես նախարար միջազգային հեղինակավոր կազմակերպություններին դիմելու արդյունքում՝ հակասահմանադրական եղանակով անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման արդյունքում պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու մասով նրանց տրամադրած խիստ ու աննախադեպ բացասական կարծիքները (տես՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը No. 1074 / 2021 C), նախաձեռնել են մի շարք օրենսդրական փոփոխություններ և դրանց հիման վրա հարուցել կարգապահական վարույթներ ու պատասխանատվության ենթարկել դատավորների:

Ընտրողական կարգապահական վարույթների հարուցմամբ դադարեցրել են նաև գերծանրաբեռնվածության պատճառով ժամկետների խախտում թույլ տված նախկինում որևէ տույժ չունեցող և մասնագիտական համայնքում հարգանք վայելող դատավորի լիազորությունները և ազատ խոսքի իրավունքն իրացրած դատավորի լիազորություններ:

Արդարադատության նախարարության և Կարեն Անդրեասյանի 2022 թվականի դեկտեմբերին նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փոփոխություններով (ինչը վերջինս անվանում է լույսի շող), դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող ավելի քան 17 դատավորի պաշտոնավարում՝ վերջիններիս շնորհելով ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքը): Պաշտոնավարման դադարեցման պաշտոնական պատրվակներից էր նշված անձանց մինչ դատավոր դառնալը ոչ լիարժեք՝ կարճատև ուսուցում անցնելը:

Սակայն, միևնույն ժամանակ նույն օրենքի փոփոխություններով ընդունվեց հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու և առանց ուսանելու դատավոր դառնալու հնարավորություն:

Այսինքն՝ մեկ տարուց ավելի փորձ ունեցող, սակայն կարճատև ուսուցում անցած դատավորների համար նախատեսվեց լրացուցիչ ուսանելու անհրաժեշտություն և պաշտոնավարման դադարեցում (առանց աշխատելու աշխատավարձ ստանալու հնարավորությամբ), իսկ փորձ չունեցող անձանց համար՝ դատավորի նշանակման հնարավորություն առանց տեսական ու պրակտիկ ուսուցում անցնելու անհրաժեշտության:

Ընդ որում՝ Կ.Անդրեասյանի՝ որպես արդարադատության նախարարի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի հուլիսի 21-ին, կառավարության որոշմամբ ընդունված Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանը ձեռքբերում էր դիտարկվել՝ համարվելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթության համատեքստում:

Նույն օրենքի փաթեթով, նախատեսվեցին քրեական հետապնդման ենթարկվող դատավորների լիազորությունների կամ պաշտոնավարման դադարեցման հնարավորություն, և միայն արդարացումից հետո ռեզերվում վերականգնվելու, իսկ ռեզերվից հետո՝ այլ վայրում պաշտոնավարման առաջարկությունը չընդունելու դեպքում աշխատանքից հակասահմանադրական եղանակով ազատելու ԲԴԽ-ի լիազորություն:

Նույն փաթեթով ԲԴԽ-ին շնորհվեց կամայական, առանց որևէ հիմքի՝ դատավորների թեկնածուներին դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներից հանելու չպատճառաբանված և կամայական լիազորություն, որն արդեն ազատորեն ու անկաշկանդ ԲԴԽ նախագահն իրացնում է:

Ընդ որում՝ նշված փոփոխությունները հանրային քննարկման չեն դրվել, մի մասը ընդհանրապես չի ներկայացվել կամ քննարկվել դատավորների հետ, իսկ քննարկվածների մասով ստացվել են բացառապես բացասական կարծիքներ, մինչդեռ, դատավորների անկախության ու անփոփոխելիության հետ անհամատեղելի փոփոխությունները, սեփական լիազորություններն ընդլայնելու փաթեթը հանրությանը ԲԴԽ նախագահը ցանկացած առիթով փորձում է մատուցել որպես դատավորների հետ համատեղ քննարկված օրենք:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում խափանվել է Սահմանադրությանը համապատասխան բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը. ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղի առաջացման համար ծանուցումները չեն ուղարկվում առաջադրման չափանիշները բավարարող բոլոր դատարաններին ու դատավորներին. գործողությունների ողջամիտ տրամաբանություն կամ բացատրություն չի ներկայացվում:

Վերջապես՝ հրապարակային հնչեցվող իբր «խոսնակների ցանցի» ստեղծման պատրվակով, իսկ իրականում դատավորների խոսքի ազատությունը սահմանափակելու և անհնազանդներին պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների տակ դատավորներին Դիլիջանում, այնուհետև Ջերմուկում՝ առանձին և փակ հանդիպումների ընթացքում ԲԴԽ նախագահն արգելել է առանց համաձայանեցնելու շփումներ ունենալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Ամփոփելով՝ հարկ է ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են, ուստի կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ»:

Ձեզ գուցե հետաքրքրի