Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:42 14-03-2023

Նոր ահագնացող վիրուսներ, իսկ ԱՆ֊ն լուռ է

Մինչ առողջապահության համակարգը պայքարում և մտահոգվում է կարմրուկի տարածմամբ, տևական ժամանակ է՝ անհասկանալի վիրուսները հանգիստ չեն տալիս քաղաքացիներին։

Եվ քանի որ այդ վիրուսները արդեն մի քանի ամիս է՝ սեռ, տարիք չհարցնելով շրջանառվում են և տարածվում, մարդիկ դրանց «մի ուրիշ կորոնա» են ասում՝ որպես շատ վտանգավոր վիրուս։

Մեզ ահազանգող քաղաքացիները նշում են ախտանշանները՝ ոչ բարձր ջերմություն՝ մինչև 38 աստիճան, փորացավ, կոկորդի ցավ, որոշ դեպքերում նաև սրտխառնոց, ավելի ուշ ականջի ցավ և ամիսներ տևող անհասկանալի հազ։

«Այս վիրուսը արդեն ամբողջ ընտանիքով մի քանի անգամ ընկել ենք, մեկը բարձր ջերմեց ու քթերն էր, մյուսը՝ փորացավ, սրտխառնոց, ցածր ջերմություն, վերջ չկար, չենք հասկանում՝ ինչ է, գրիպի դեմ էլ պատվաստված ենք, բայց մի քանի անգամ արդեն հիվանդացել ենք, երևի սա նոր տեսակի կորոնան է»,-նշում է մեզ ահազանգած քաղաքացին։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանն ասաց, որ մենք գտնվում ենք սուր շնչառական վարակների սեզոնում, որը տևելու է մինչև մայիս ամիսը ներառյալ։

«Վերջին շաբաթվա ընթացքում ունենք շուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության նվազում՝ նախորդ շաբաթվա համեմատ։ Ընդ որում՝ նվազում արձանագրվել է գրեթե բոլոր մարզերում և Երևանում։ Նախորդ տարվա համեմատ մի փոքր աճ ունենք, սա կարող է պայմանավորված լինել նաև կորոնավիրուսային հիվանդությամբ, որովհետև գիտենք, որ կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի փոքր-ինչ ակտիվացում ունենք, ընդ որում՝ դեպքերի 67 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները»։

Համաճարակաբանը նաև նշեց, որ Հայաստանում այժմ արձանագրվում է գրիպ A տեսակի, H1N1 տեսակի և գրիպ B տեսակի վիրուսի հարուցիչները, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցիչները։

«Միայն այսօր ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 1214 պացիենտ, որոնց 82 տոկոսը ևս կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Այսօր 587 պացիենտ բուժվում է հոսպիտալային պայմաններում, որոնց 82 տոկոսը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները»։

Անդրադառնալով մեր մատնանշած գանգատներին՝ նա ասաց, որ սուր շնչառական վարակների ախտանշանները բազմազան են, սկսած թքահոսությունից մինչև ականջաբորբ, հազ, փորլուծություն։

«Այս պահի դրությամբ՝ մեզ մոտ գրիպի շրջանառությունը դեռ շարունակվում է, պետք է նշել, որ յուրաքանչյուրի մոտ իր ձևով է ընթանում հիվանդությունը։ Բայց նոր վիրուսի մասին խոսք չի գնում։ Դրանք ծանոթ գրիպի վիրուսներն են, որոնք շրջանառվում են, դրանց բնորոշ են և ջերմության բարձրացումը, և փորլուծությունը, և քթահոսությունը, և այլ ախտանշաններ»։

Խաչատրյանը նաև ընդգծեց, որ հիմա առավել ծանր են հիվանդանում 0-4 տարեկան երեխաները։ «Արդեն տևական ժամանակ է, որ ԱՆ-ն հորդորում է ինքնաբուժմամբ չզբաղվել, քանի որ այստեղ նաև շատ կարևոր է, որ ժամանակին դիմեն բժշկին ու ժամանակին ախտորոշվեն։ Ըստ այդմ էլ՝ բժիշկը, ելնելով երեխայի վիճակից, կնշանակի համապատասխան բուժում։ Այստեղ շատ կարևոր է նաև ևս մեկ անգամ նշել, որ հակաբիոտիկների ընդունումը բարենպաստ ելք չի տա, հակառակը, ավելի կդժվարացնի իրավիճակը, որովհետև հակաբիոտիկները չեն ազդում վիրուսի վրա»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին