Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 13:44 03-03-2023

Ո՛չ ընտրությունների արդյունքները, ո՛չ էլ մեկ այլ բան չի փոխելու Թուրքիայի քաղաքականությունը՝ Հայաստանի նկատմամբ

Թուրքիայում նախատեսվող ընտրությունների համար ընտրված օրը շատ սիմվոլիկ է, հատկապես Էրդողանի համար, դրանով էլ բացատրվում է այն չհետաձգելու ձգտումը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«1950 թվականի մայիսի 14-ին առաջին անգամ իսլամամետ ուժը, այսինքն, Էրդողանի ներկայացրած ուժի հիմնադիրը հաղթել է աշխարհիկ քեմալական ուժին՝ Աթաթուրքի կուսակցությանը և Թուրքիայում առաջին անգամ տեղի է ունեցել իշխանափոխություն։ Դա բոլոր իսլամամետների համար տասնամյակներ շարունակ եղել է շատ կարևոր օր։ Էրդողանն այդ օրվա գաղափարախոսության կրողն է։ Հետևաբար, դա պատահական օր չէ, և Էրդողանը չէր կարող այդ սիմվոլը հենց այնպես զիջել»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ եթե երկրաշարժից հետո իրադարձություններն այնպես զարգանար, որ ստիպված լիներ հետաձգել, ապա կորցնելու էր իսլամամետ հասարակության համար կարևորագույն սիմվոլիկ էլեմենտը։

«Ինչ վերաբերում է Էրդողանի վարկանիշին, ապա Թուրքիայում բավական բարդ տնտեսական վիճակ է։ Բնական է, որ նրա վարկանիշը կարող է մի փոքր նաև իջնել։ Բայց այն ապոկալիպտիկ ձևակերպումները, թե Էրդողանը կտապալվի և վարկն այն աստիճան ցածր է, որ այլևս որևէ շանս չունի՝ ես դրանք չեմ կիսում։

Էրդողանի քաղաքական հետագիծը երբ նայում եք, նախորդ ընտրությունների առաջ նույնպես նրա վարկանիշը կարող էր շատ բարձր չլինել, բայց տարբեր մեթոդներով, իր պոպուլիստական հռետորաբանությամբ ու ռեսուրսների կիրառմամբ, ընտրություններին ընդառաջ նա արձանագրում է ռեյտինգի աճ։ Կարծում եմ, որ այդպես լինելու է նաև այս անգամ»,- ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ երկրի ներկա իշխանությունները դիմացել են ու փորձում են հաղթահարել երկրաշարժից հետո առաջացած շոկը։

«Այս ընտրությունն իրենց համար կենաց-մահու ընտրություն է։ Իրենք ոչնչի առաջ չկանգնելով գնալու են առաջ։ Էրդողանն իրեն չի կարող պատկերացնել շարքային ընդդիմադիրի կամ պարտված նախկին նախագահի կարգավիճակում։ Ուստի այն եզրակացությունները, որ Էրդողանը կարող է հեշտությամբ լքել քաղաքական դաշտը և հեռանալ՝ ես չեմ կիսում։ Իմ կարծիքով՝ նա պայքարելու է՝ կիրառելով բոլոր հնարավոր և անհնար ռեսուրսները, և կարծում եմ, որ ունի հնարավորություն՝ հաղթելու ընտրություններում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թևի կողմից դիտարկվող նախագահի միասնական թեկնածուներ Քըլըչդարօղլուին ու Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին․ թուրքագետն առավել հնարավոր է համարում այդ կարգավիճակում Քըլըչդարօղլուի թեկնածության ընտրությունը։

«Կարծում եմ, որ նա շատ ավելի հարմար մրցակից է Էրդողանի համար, որովհետև Էրդողանի հետ չի կարող մրցել ո՛չ հռետորական արվեստով, ո՛չ պոպուլիզմով։ Իսկ ընտրազանգվածի հետ կապված ունի իր մաքսիմումը, որը հնարավոր չէ, որ կրկնակի մեծանա և հասնի այն աստիճանի, որ վտանգ ստեղծի էրդողանական իշխանության համար։ Քըլըչդարօղլուն անհամեմատ ավելի ոչ վառ գույներով բնորոշվող քաղաքական գործիչ է։ Էրդողանը նրան հակադարձում է տարբեր մեթոդներով՝ սկսած փողոցային վիրավորական հումորներով, վերջացրած քաղաքական կոպիտ վիրավորանքներով և քրեական հետապնդուներով»,- ասաց նա։

Պատկերն, ըստ փորձագետի, մի փոքր այլ է Յավաշի դեպքում։ «Նա հետաքրքիր կերպար է, բայց քաղաքական այս մեծ պայքարի մեջ կարող է լինել նրա առաջին դեբյուտը։ Նա ավելի մրցակցային կերպար է, քանի Քըլըչդարօղլուն, և, եթե նա լինի ընդդիմության միասնական լիդերը, ապա իշխանության համար շատ ավելի բարդ է լինելու ընտրարշավը։ Բայց, ինչքանով տեսնում եմ ընդդիմության շրջանում տեղի ունեցող պրոցեսները, նախ, հավանականություն կա որոշակի պառակտման։ Օրինակ՝ Յավաշի թեկնածությանը դեմ են քրդերը, քրդամետ կուսակցությունը, այնպես որ ավելի հակված եմ, որ Յավաշը չի առաջադրվելու որպես միասնական թեկնածու։ Այսինքն, ընդդիմությունն ընտրարշավն սկսելու է շատ ավելի թույլ դիրքերից։ Այսպես ասենք, էրդողանական իշխանությունն այս երկրաշարժի հարվածից իրեն արդեն կարողացել է դուրս բերել ու ակտիվորեն անցնում է հակագրոհի»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Թուրքիայում նախագահական ընտրությունների հանգուցալուծման երկու դեպքում էլ արդյունքներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի ուղղությամբ տարվող քաղաքականության առումով։

«Ով էլ լինի Թուրքիայի իշխանության ղեկին, որ գաղափարախոսության կրող էլ լինի, որ կուսակցությունից էլ լինի, Հայաստանի հանդեպ շատ մեծ ու գլոբալ փոփոխություններ չեն լինելու։ Այդ պետությունն է իր բնույթով հակահայաստանյան, հակահայկական։ ՄԵնք կարող ենք ուղղակի տեսնել, թե Հայաստանի անկախությունից հետո քանի կուսակցություններ են փոխվել, քանի նախագահներ են փոխվել, քանի կառավարություններ են փոխվել։ Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի, Արցախի ու Հայոց Ցեղասպանության խնդրի հարցում որևիցե փոփոխության չի ենթարկվել։ Այնպես որ, եթե նույնիսկ Էրդողանը չընտրվի, այլ Յավաշը կամ այլ մարդ, կարծում եմ, որ Հայաստանի հանդեպ լուրջ փոփոխություններ չեն սպասվում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:25 Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
18:40 Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում 
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից