copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 21:30 29-04-2024

Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերին հայ հանրության մտագոհ հատվածի ուշադրությունը կենտրոնացած է Տավուշի մարզի շուրջ ծավալվող զարագացումների վրա, որտեղ իշխանությունները Ադրբեջանի հերթական պահանջն են կատարում՝ 4 ոչ անկլավային գյուղերը հանձնելով թշնամուն։ Եթե գյուղերի հանձնման գործընթացը հասնի իր ավարտին, ապա դա լրջորեն կվտանգի Տավուշի մարզի անվտանգությունը, որը հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է մնացել, որտեղ հայկական կողմը դեռևս գերիշխող դիրքերում է։

Այս ծրագիրը վիժեցնելու նպատակով տեղի բնակիչներն ապակենտրոն և ապաքաղաքական պայքար են սկսել, որին միացել են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, բազմաթիվ հասարական-քաղաքական գործիչներ և այլն։ Տավուշցիների կողքին են նաև հանրապետության բազմաթիվ այլ բնակավայրերի բնակիչները, ովքեր շատ լավ գիտակցում են հանձնումը միայն Տավուշով չի սահմանափակվելու և, ինչպես ժողովուրդն է ասում, այս ուղտն իրենց դռանն էլ է չոքելու։

Ապրիլի 26-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ մի խումբ զինվորականներ, ովքեր այդ պահին ծառայության մեջ չէին, միացել են Կիրանցի հատվածում տեղի ունեցող ակցիաներին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով 4 գյուղերը հանձնելու որոշման առնչությամբ։ Չնայած բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում էին, որ զինվորականներն այնտեղ կարճ ժամանակով են եղել, ողջունել են ակցիայի մասնակիցներին և հեռացել, այնուամենայնիվ ՊՆ-ն խստորեն դատապարտեց զինվորականների այս արարքը, Քննչական կոմիտեն նրանց դեմ քրեական վարույթ հարուցեց, իսկ արդեն ժամեր անց նույն զինվորականները տեսաուղերձ հրապարակեցին՝ նշելով, որ Կիրանց են մեկնել պահի ազդեցության և զղջում են դրա համար։

Հատկանշական է, որ գործող իշխանությունները, վերջիններիս կից քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակները սկսեցին խստորեն, երբեմն էլ իրար հերթ չտալով դատապարտել զինվորականների այս արարքը՝ ընդգծելով դրա անթույլատրելիությունը։ Իշխանականները պնդում են՝ զինվորականները քաղաքական գործընթացներում ներգրավվելու իրավունք չունեն, իսկ բոլոր ներգրավվածները պետք է ամենախիստ ձևով պատասխանատվության ենթարկվեն դրա համար։

Իսկապես դժվար է վերջին պնդման հետ չհամաձայնելը, այդ թվում նաև ՀՀ-ում ստեղծված իրավիճակի համատեքսում, երբ օրվա իշխանությունները փուլ առ փուլ կատարում են թշնամու պահանջները՝ էլ ավելի խարխլելով երկրի անվտանգությունը։ Զինվորականությունը տեղում՝ առանց քաղաքական գործընթացներին ներգրավվելու, պետք է հրաժարվի իշխանությունների հրամանները կատարելուց և դուրս չգա իր զբաղեցրած բնագծերից, որով նա լավագույնս կվիժեցնի, կամ առնվազն կբարդացնի այս գործընթացը։

Այս իրավիճակում ակամայից հիշում ենք 2018-ի ապրիլի 23-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ, ովքեր ի տարբերություն Կիրանց մեկնած զինվորականների այդ պահին ծառայության մեջ էին, միացել էին Խանջյան փողոցում բողոքի ակցիա իրականացնող ցուցարաներին՝ պահանջելով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Խաղաղապահ բրիգադի զինծառայողների այս արարքը մեծ ոգևորություն առաջացրեց ցուցարաների շրջանում, բողոքի ակցիաների կազմակերպիչներից ոմանք ողջունեցին դրանք՝ պնդելով, որ զինվորականները նույնպես ՀՀ քաղաքացիներ են, ովքեր իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու իրավունք ունեն։

Թեպետ դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զինվորականներին կոչ արեց վերադառնալ իրենց նշանակման վայր և չմասնակցել անհնազանդության խաղաղ ակցիաներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո ակցիաներին միացած զինվորականներից ոչ մեկի նկատմամբ այդպես էլ քրեական գործեր չհարուցվեցին և վերջիններս պատասխանատվության չենթարկվեցին՝ զորամասն ինքնակամ լքելու և քաղաքական գործընթացներում ներգրավվելու համար։ Այս արձանագրումը վկայում է այն մասին, որ թեև ՔՊ-ն 2018-ին արտաքուստ դատապարտեց վերջիններիս գործողությունները, այնուամենայնիվ իրականում դրան այնքան էլ դեմ չէր, քանի որ նման կերպ Փաշինյանի առաջնորդած շարժումն այդ օրերին էլ ավելի մեծ ժողովրդականություն էր ստանում, ինչի արդյունքում նա օրեր անց վարչապետ էր ընտրվելու։

Այսպիսով՝ փաստենք, որ հերթական անգամ ականտես ենք լինում ներկայիս իշխանությունների կողմից երկակի ստանդարտների կիրառմանը․ մի դեպքում, երբ ծառայության մեջ գտնվող զինվորականները միանում են Սերժ Սարգսյանի հրաժարակի պահանջով անցկացվող ցույցերին, նրանց գործողությունները քրեաիրավական գնահատական չեն ստանում, իսկ մյուս դեպքում, երբ զինվորականները ծառայության մեջ չեն եղել և պարզապես ողջունել են Տավուշի գյուղերը հանձնելու դեմ պայքարող բնակչությանը, նրանց դեմ արդեն քրեական գործեր են հարուցվել, իսկ իշխանականները պնդում են, որ վերջիններս պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն։ Նկատենք, որ սա իշխանությունների կողմից նոր գործելակերպ չէ և նախորդ 6 տարիներին բազմաթիվ նման օրինակների ենք ականատես եղել։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրականում դեմ չեն, որ զինվորականները ներգրավվեն քաղաքական գործընթացներում, սակայն միայն այն դեպքում, երբ նրանց գործողությունները ուղղված չեն իրենց դեմ։ Հակառակ դեպքում զինվորականների արարքներն անհրաժեշտ է դատապարտել և նպաստել, որ նրանք դրանց համար ամենախիստ պատիժը կրեն։

Դավիթ Գույումջյան