Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:58 01-03-2023

Պատերազմից հետո աղջիկ պտղի աբորտի թիվը մեծացել է․ Ավանեսյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, մեջբերելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, հայտնեց, որ 2022 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ծնելիության անկում, ի տարբերություն 2021 թվականի, երբ կար աճ։ «Մեկ հետաքրքիր տենդենց կա, որի մասին պետք է խոսենք երկրի թիվ մեկ ամբիոնից։ Ուրեմն՝ ծնված տղաների թիվն աճել է, ծնված աղջիկների թիվը՝ նվազել։ Այսինքն՝ փաստացի մենք ունենք սելեկտիվ աբորտների թվի էական մեծացում։ Մեզ մոտ 110 տղայի հաշվարկով ծնվում է 100 աղջիկ, իսկ չմիջամտված դեպքերում պետք է լինի 105-ը 100-ի։ Փաստացի, 6 աղջիկ քիչ է ծնվում ամեն ծնված 100 երեխայի հաշվարկով։ Մենք այստեղ խոսում էինք ընդհանուր ծնելիության մասով, եթե մենք քիչ աղջիկներ ենք ունենում, մենք վաղը հնարավորություն չունենք նորից ունենալու տղաներ և աղջիկներ»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ առաջարկելով շարունակել հանրային արշավներ անել այս տեսանկյունից, որպեսզի ոչ մի աղջիկ պտուղ չհեռացվի, բոլոր աղջիկները ծնվեն, նաև հատուկ քայլեր անել ոչ պատժիչ մեխանիզմով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց Արսեն Թորոսյանի տեղեկությունը, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022-ին նվազել է՝ նախորդ տարվա համեմատ, սակայն նշեց, որ 2023 թվականի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ «Վիճակագրությամբ տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում և 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ամուսնությունների նվազում, բայց պետք է ասեմ, որ 2023 թվականի հունվար ամիսը մեզ որոշակի հույս է տալիս, որ այդ տենդենցը հակառակ ուղղությամբ է այս տարի գնալու։ Մենք այս տարի հունվարի ամսին արձանագրել ենք վերջին երեք տարիների ընթացքում հունվար ամիսների կտրվածքով ամենաբարձր ծնելիությունը։ Առաջին անգամ 3000 հատել ենք հունվար ամսին»,- ասաց Ավանեսյանը։

Ավանեսյանը նաև նշեց, որ տասը տարվա կտրվածքով գրեթե կրկնապատկվել է երրորդ և չորրորդ երեխաների թիվը և ընդգծեց, որ 2020 թ․ պատերազմի համատեքստում հասարակության տրամադրությունների, ընկալումների մեջ փոփոխություն է եղել․ «Ինչ վերաբերում է սելեկտիվ աբորտներին, ապա պետք է ասեմ, որ մինչև պատերազմը մեզ մոտ բավականին լավ ցուցանիշ էր, մենք ամեն տարի ունեինք նվազում։ Ցավոք, պատերազմից հետո նորից որոշակի փոփոխություն եղավ հասարակության տրամադրության, ընկալման մեջ։ Տղա երեխաների մասով վիճակագրությունը փոխվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում․