Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:35 24-02-2023

«Ամա՜ն, Անդրանիկ, տղայիս մի սպանիր...»

1865 թ. փետրվարի 25-ին Շապին Գարահիսարում ծնվել է Անդրանիկ Օզանյանը՝ հայ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ Անդրանիկ փաշան:

Ազգային հերոսի հանդեպ սիրո, նվիրվածության ու փառաբանման մի գեղեցիկ արտահայտություն է հայ գրող Ավետիս Ահարոնյանի որդու` Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» գիրքը, որից ընտրել և ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր մի հուշ մեծ հայի մասին.

«Մենք ամբողջ ընտանիքով մեկնեցինք ամառանոց, Վո կանտոնի Բալեգի գյուղը։ Մեկնելուց առաջ հայրս խոսք առավ Անդրանիկից մի քանի օրով մեր հյուրը լինել այդ գյուղում։ Անդրանիկը խոստացավ անպայման գալ։

Բալեգը Զուիցերիայի (Շվեյցարիա) սքանչելի վայրերից մեկն է։ Ասենք` Զուիցերիայի ո՞ր անկյունը սքանչելի չէ...

...Հուլիսի կեսն էր, որ մի օր հայրս ստացավ մի հեռագիր, որ կարդալուց հետո սկսեց ծիծաղել։

- Տեսեք, թե ի՞նչ է հեռագրել Անդրանիկը. «Հրամայում եմ ժամը 4-ին դիմավորել ինձ Վալոբ կայարանում. Անդրանիկ»։ Ի՞նչ պիտի մտածի հեռագրական պաշտոյան. ո՞վ է այս մարդը, որ Զուիցերիայում մի օտարականի հրաման է ուղղում։

Ժամը չորսից առաջ Վալոբ կայարան էինք, հայրս և ես։

Գնացքը հասավ զուիցերիական ճշտապահությամբ։ Անդրանիկը ժպտադեմ իջավ գնացքից և երբ տեղեկացավ, որ մինչև մեր բնակած գյուղը երկար ճանապարհ չի, ուզեց, որ կառք չնստենք, այլ քայլելով գնանք։ Եվ զրուցելով ճանապարհ ընկանք դեպի Բալեգ։

Անտառի միջից բացված ճանապարհի երկու կողմը բարձրանում էին հաստաբուն, բարձրակատար, շքեղ մայրիներ։ Մի տեղ ուր անտառը ավելի խտացավ,Անդրանիկը մի ուշադիր հայացք նետեց ծառերին և դարձավ հորս.

- Ավետիս, եթե Սասունն ասանկ անտառներ ունենար, մենք Սասունեն վար չէինք իջներ։ Սասնո անտառներու ծառերը քիչ են և կարճահասակ, հազիվ մարդու մը հասայ կրնան ծածկել։

Ասաց ու մի պահ լռեց, երևի իր հուշերը տարան իրեն դեպի Սասունի կարճահասակ ու նոսր անտառները, որոնք լավ չէին պաշտպանել Անդրանիկին ու իր զինակիցներին։

Շատ չանցած հասանք Բալեգ։

Երեկոյան ընթիքից հետո, հավաքվեցինք հյուրասենյակում...

Անդրանիկը սքանչելի պատմող էր։ Իբրև պատմող նրան կարելի էր հավասար դնել Հովհաննես Թումանյանի, իմ հորս և թեև մի քիչ կակազ, բայց նույնպես հիանալի պատմող Ավետիք Իսահակյանի հետ։ Անդրանիկի պատմածները, լինեին դրանք իր հեղափոխական, ռազմական անցյալից և կամ կյանքի առօրյայից, եթե բառացի գրի առնվեին, կլինեին մի-մի գրական անթերի պատմվածքներ...



Թիֆլիսում Անդրանիկը պատմել էր Աղբյուր Սերոբին դավադրությամբ սպանող քուրդ Բըշարե Խալիլ Բեկի սպանությունը, կատարված իր` Անդրանիկի ձեռքերով...

...Այդ օրը մայրս խնդրեց, որ Անդրանիկը կրկին պատմի Բըշար Խալիլի սպանությունը։ Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ Անդրանիկը մերժած լիներ մորս խոսքը։ Ուստի մորս խոսքը երկու անել չտվեց և սկսեց Բըշարե Խալիլի սպանության պատմությունը, որ էական մասը հետևյալն էր.

«Տեղեկանալով, որ Բըշարե Խալիլը իր մի քանի ղուլամներով ինչ-որ մի տեղից իր գյուղն է վերադառնում, Անդրանիկը որոշում է իր հայդուկային խմբով դարան մտնել և սպանել այդ արյուռուշտ գազանին։ Անդրանիկի կարգադրությամբ իր զինակիցները պիտի մաքրեին Խալիլի ղուրամների հաշիվը, իսկ Խալիլի դատաստանը պիտի ձգեին իրեն` Անդրանիկին։

Հայդուկներն իրենց դարանից հրացանին են բռնում ղուլամներին, մինչ քրդերի խմբի առջևից ձիավարող Խալիլը արագ քշում է իր նժույգը `ազատվելու համար հետապնդումից։ Երբ Խալիլ հասնում է այն դիրքին, ուր դարան մտած է լինում Անդրանիկը, վերջինս նշան է բռնում Խալիլին և թեև վրիպում, բայց վիրավորում է ձիուն, որ գետին է տապալվում։ Խալիլն ընկնում է իր ձիու տակ և չի կարողանում ոտքի բարձրանալ, զենքի դիմելու համար։ Անդրանիկը դուրս է ցատկում իր դարանից և չոքում Խալիլի կրծքին, քաշում, նետում է նրա վիզը փաթաթված մետաքսե թաշկինակը և Խալիլի մազերից բռնելով, Խալիլի սեփական կեռ դաշույնով կտրում է նրա գլուխը»։

Ահա այդ պատմությունն էր, որ կրկին պատմեց Անդրանիկը։

Պատմելիս Անդրանիկը այնքան աշխույժ, այնքան ոգևորություն էր դնում ի խոսքի մեջ, որ ունկնդիրներին թվում էր, թե իրենց աչքի առջևն է կատարվում նկարագրված դեպքը։ Այս անգամ Անդրանիկը ոգևորությամբ էր պատմում մեզ արդեն ծանոթ դեպքը։

Եվ ահա, երբ հասավ այնտեղ, ուր նկարագրում էր, թե ինչպես է ինքը բռնել Խալիլի մազերից և կտրել նրա գլուխը, ես հանկարծ զգացի, որ վեր եմ բարձրանում իմ նստած աթոռի վրայից ու միաժամանակ հնչեց մորս սրտապատառ ճիչը. - «Աման, Անդրանիկ, տղայիս մի սպանիր» և այդ ճիչին հաջորդած Անդրանիկի լիաթոք, հնչուն ծիծաղը։

Իր պատմություններով ոգևորված Անդրանիկը իմ մազերից բռնած փորձել էր ցույց տալ, թե ինչպես է կտրել Խալիլի գլուխը, սարսափի մատնելով խեղճ մորս։

Երկու օր Անդրանիկը մեր հյուրը եղավ Բալեգում, երկու օր հորս հետ թափառեց Բալեգի անտառներում, լեռներում ու ձորերում և ամեն տեղ իրեն գրավողը եղավ ոչ թե զուիցերական սքանչելի բնանկարի գեղեցկությունը, այլ այն, թե ռազմական ինչ առավելություններ պիտի ներկայացներ այս բլուրը կամ գագաթը, եթե այդ վայրերը կռվի դաշտի վերածվեն»։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան

Ձեզ գուցե հետաքրքրի