Խոսք Ուղիղ խոսք 2 տարի առաջ - 20:12 08-03-2022

Տղայիս գերեզմանը թողել եմ Հադրութում, եկել, հիմա տեղ չկա, որ ծաղիկ դնեմ. Հադրութից տեղահանված

Արդեն 2 տարի է, ինչ հադրութցի տիկին Հասմիկը իր երկու որդիների հետ բնակվում է Երևանում։ Նա Oragir.news-ի հետ զրույցում կարոտով հիշեց Հադրութում թողած իրենց երկհարկանի տունը, անասուններին և երկու հարսների օժիտը, որից ոչինչ չհասցրեց բերել Հայաստան։

«Մեր գյուղում մարդիկ շատ հարուստ էին ու լավ ապրում էին, իսկ այստեղ մարդիկ չեն ապրում, այլ գոյատևում են։ Հադրութի ազատագրած հողերում շատ արտեր էինք ցանում, արտերը հնձելուց հետո էլ անասունները դուռը չէին գալիս, գիշեր-ցերեկ արտերում էին, մեկ էլ որ ձյուն էր գալիս, գնում հավաքում-բերում էինք»,- ասաց տիկին Հասմիկը։

Այնուհետև մեր զրուցակիցը հիշեց պատերազմի օրերը։ Հիշեց, թե ինչպես էին այդ օրերը մեծ դժվարությամբ օգնություն հասցնում վիրավորներին. «Պատերազմի օրը առավոտ շուտ ելա, մենք անասուններ շատ ունեինք, գնացի գոմ, որպեսզի անասուններին կերակրեմ, տղաս եկավ, ասաց, որ պատերազմ է սկսվել։ Ես երեխաներին ճանապարհեցի և տղայիս խնդրեցի, որ ինձ տանի հիվանդանոց։ Ես որ գնացի հիվանդանոց, էլ տուն գնալու հնարավորություն չունեցա, ամբողջ օրը էնտեղ էինք մնում, ահավոր վիճակ էր տիրում։ Այնտեղ էինք ուտում, քնում, գիշերն ու ցերեկը կորցրել էինք։ Ամսի 5-ի երեկոյան մեզ ասացին, որ պետք է տեղափոխվենք։ Մեր հիվանդանոցում տեղ չկար վիրավորների համար։ Հիվանդանոցի բակում ամբողջությամբ արյուն էր, չէինք հասցնում մաքրել»։

Մեր հարցին՝ մտածո՞ւմ էր, որ պատերազմը այսպիսի դաժան ավարտ կարող էր ունենալ, տիկին Հասմիկը պատասխանեց. «Հադրութից դուրս գալիս չէի կարող մտածել, որ էլ Հադրութ չենք վերադառնալու: Որ իմանայի այդ մասին, ինձ հետ գոնե մեր տան գումարն ու ոսկեղենը կվերցնեի։ Մենք նույնիսկ հարսիս ոսկեղենը չկարողացանք վերցնել, ամբողջը մնաց թուրքին»:


Լիլիթ Հարությունյան