copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:18 04-09-2021

Տեսնող է եղել՝ ինչպես են դասալիք սպան փախչելիս տղայիս վրաերթի ենթարկել ու առանց օգնելու՝ շարունակել իր ճամփան. գժվում եմ,որ մտածում եմ. անհայտ կորած զինվորի ծնող

«Ո՞նց ես հարցը քանի ամիս է չեմ հասկանում,ինձ ոչին չի ասում,որովհետև չգիտեմ որտեղ եմ,որ իրականության մեջ,որովհետև ինձ համար ամիսներ ի վեր իրական իրականությունը ոչ թե կյանքն է,այլ իմ զավակին գրկիս մեջ ունենալու հրաշք պահը, տագնապը,կարոտի խեղդող ցավն ու մրմուռը, որոնք դարձել են իմ կյանքը, ուրիշ ոչ մի բան չեմ զգում վաղուց: Նրան գտնելու երազանքն է ինձ մղում պայքարի,կանգ չառնելու,չհուսահատվելու,չխելագարվելու. նա իմ միակ-մինուճարն է, իմ աշխարհն ու կյանքի ամբողջ իմաստը: Անհայտ կորած զինվորների բոլոր ծնողներս էլ 10-11 ամիս քնում,արթնանում,շնչում ենք մի երազանքով,աղոթքով,կյանքը դարձել է մեզ համար ապրող-չապրողի հիվանդ սպասում,տագնապ»,-այսպես պատասխանեց մեր «ինչպես եք» հարցին անհայտ կորած զինվորներից մեկի ծնողը,ում հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:

Մեր դժվար զրույցին օգնության հասավ նաև մեր ծնողի քույրը՝ տիկին Անահիտը: Իմ զրուցակիցները Ստեփանակերտի զորամասերից մեկի 21 անհայտ ճակատագիր ունեցող զինվորների ծնողներից ու հարազատներից են:

- Ի՞նչ պատասխան եք ստացել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից վերջին հանդիպուման ժամանակ: Ինչու՞ եք այժմ բողոքի ցույցերը իրականացնում ԱԱԾ-ի մոտ:

-Նույն պատասխանը ստացանք,ինչ որ մնացած ամիսներին. «Մեծ ջանքերով,հետևողական զբաղվում են մեր զավակների մասին հստակ տեղեկություն գտնելու հարցերով, քննում,ստուգում են մեր տված ու իրենց ձեռքի տակ եղած բոլոր տեղեկությունները: Պետք է համբերատար սպասենք, հենց նորություն լինի, կհաղորդեն»: Էս ամիսներին իմ ստացած տպավորությամբ պատկան մարմինները,իշխանությունը իր վրա դրված պարտականությունները կատարելու անկարողությունից՝ ավելի շատ մտածում են իրենց ներքին հակառակորդների դեմ դիրքային պայքարի,իշխանություն,աթոռ պահելու մասին,որ իրենց դեմ բողոք,աղմուկ չբարձրացվի,մտածում են՝ ոնց արագ մի բան ասելով համոզեն կամ ուժով լռեցնեն բողոքողներին, պետության անզորությունը կամ անգործությունը ծածկեն, որ հանկարծ ղեկավարությունը չխայտառակվի, չվարկաբեկվի,որ ընդդիմադիրները իշխանությանը չնեղեն:

ՊՆ-ի հետ խզել ենք մեր կապը,որովհետև հատկապես Ռազմական ոստիկանություն նախնական տեղեկություններ տալուց հետո, տեսել ենք՝ լիովին անգործություն է ցուցաբերում այս հարցում. գրեթե ոչինչ չեն արել անհետ կորած երեխաներին որոնելու,գտնելու ուղղությամբ:

Ամբողջ ընթացքում մեր ծնողները անձամբ իրենց հետաքնություններով, ջանքերով ու միջոցներով են պարզել շատ փաստեր,որոնումներ են կատարել անդադար: Գիտեմ անգամ ծնողներ, որ անձնական նախաձեռնությամբ հասել են Իրան,երբ լսել են, որ հավանականություն կա՝ այնտեղ շրջապատման մեջ հայտնված հայ զինվորներ են գտնվում: Մեր ունեցած տեղեկությունները նաև ռուս խաղաղապահներին ենք փոխանցել, այս պահին, բացի ԱԱԾ-ից, համագործակցում ենք Զինվորական դատախազության, Քննչական կոմիտեի հետ: Հուսանք շուտով տեղեկություններ կստանանք:

Անհայտ կորած զինվորը Նառա Մելիքյանի միակ զավակն է, ում մեծացրել է միայնակ, արժանապատիվ, լավ դաստիարակությամբ, կրթությամբ: Մայրը պատմեց, որ իր տղան առողջական խնդիր է ունեցել և ենթակա է եղել զինվորական ծառայությունից ազատման, սակայն դա չի խանգարել,որ իր զավակը կարգապահությամբ,առանց գանգատվելու իր պարտքը կատարի հայրենիքի առաջ, իսկ պատերազմի ժամանակ որպես հրետանավոր՝ ամենավտանգավոր մարտական առաջադրանքների է գնացել իր ծառայակիցների հետ:

Մայրիկի խոսքով, պատերազմի ընթացքում որդին իրեն անընդհատ միայն հանգստացրել, շատ մարտական, անվախ տրամադրություն է ունեցել, դուխով է խոսել:

Ընդամենը մի քանի բառ է ասել. անգամ տեղափոխությունների, գտնվելու վայրի մասին ոչ մի բան չի ասել: Սպասված զանգը չի հնչել 2020-ի հոկտեմբերի 10-ից հետո:

Մայրն ասաց,որ իրենց հավաքած տեղեկությունների,վկայությունների հիման վրա՝ պարզել են,որ իրենց երեխաներին անհասկանալի պատճառներով տարել են Հադրութ այն ժամանկ,երբ արդեն գրավված է եղել այն,այնպիսի վայր, որտեղ հրետանի չպետք է կանգներ, ապա վերադաս սպաները դասալիք դավաճանի պես անտեր են թողել իրենց զավակներին ու փախել ՝իրենց կաշին փրկելու համար:

Արդյունքում մի քանիսը նրանց հետևից լքել են մարտական դիրքը,մնացած 21տղաները մնացել են և ընկել շրջափակման մեջ:

Արցունքից խեղդված ձայնով տիկին Նառան սահմռկած ասաց, որ վկաների պատմածով իր տղային վրաերթի ենթարկելով է փախել վերադաս սպան ու ևս մի քանի հոգի, այլ հանգամանք պարզ չի ո´չ իր տղայից, ո´չ էլ նրա ծառայակիցներից:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հանցավոր դեպքի հիման վրա քննչական մարմնում գործ հարուցվել է: Նրանք պատասխանեցին՝ այո´,չնայած որ Ռազմական ոստիկանությունը բացարձակապես անգործության է մատնված, բայց հարուցվել է գործ,նախաքննական փուլում է գտնվում, հավելյալ տեղեկություն չեն կարող ասել,բայց եթե չբացահայտվի և մեղավորները արժանի պատիժ չստանան,ուրեմն իմացել են պատերազմի ելքը և ստորաբար իրենց երեխաներին թողել են բախտի քմահաճույքին՝ ուղարկելով իզուր,անիմաստ զոհվելու:

«Խայտառակ անկառավարելի, քաոսային վիճակ է եղել բանակում,որի համար որևէ մեկը դեռ պատասխան չի տվել: Պատմում են,որ զինվորների մի խմբի ԱԹՍ-ի հարվածի տակ բաց բեռնատարով են տեղափոխել, և մինչև հիմա այդ լույս տղաների ճակատագիրը անհայտ է մեր տղաների պես»,-հուզված ավելացրեց տիկին Անահիտը՝զինվորի մորաքույրը,ով հարցազրույցի ընթացքում օգնում էր մեզ՝ հուզված քրոջ խոսքը կիսատ չթողնելու համար:

Որպես վերջաբան՝ տիկին Նառան նորից շեշտեց,որ իրենց որդիները այս ճակատագրին չէին արժանանա,եթե նախևառաջ ՊՆ-ն, ՀՀ բանակի,Արցախի ՊԲ-ի հրամկազմը,սպաները իրենց տեղում լինեին,որովհետև անմիջական զինվորի պատասխանատուն նրանք են, այսպես չէր լինի, եթե ղեկավարությունը կարողանար նորմալ կառավարել:

«Բոլորն են պատասխանատու և մեղավոր,բոլորին էլ անվստահությունս եմ հայտնում,նրանք թույլ են տվել կոպտագույն սխալներ, տգիտություն,եսասիրություն են ցուցաբերել, մասսայաբար անմարդկային վերաբերմունք,դավաճանություններ,փախուստ,դասալքություններ են եղել»:

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև
21:44 Մի՞թե չի մտածում՝ Փաշինյանից հետո կյանք կա. Բրյուսովի նախկին պրոռեկտորը՝ Գյուրջինյանի առաջարկի մասին