copy image url
Ավելին Ներքին 1 տարի առաջ - 18:34 19-02-2023

Եթե չհաջողենք պաշտպանել մեր երկիրը, մեր ազատությունն ու մեր պատիվը, արժանի չենք ուրեմն որպես ազգ ապրել․ Թովմաս Նազարբեկյան

Ռուսական բանակի հրամանատարության առաջարկից մինչև աքսոր, Դիլմանի փայլուն հաղթանակից մինչև Կարսի ողբերգական անկում․․․ Ո՞վ էր այս հայորդին՝ Թովմաս Նազարբեկյանը՝ ռուսական միջավայրում հայտնի Ֆոմա Նազարբեկովը, որն իր ռազմական հսկայական կարիերայի միայն վերջին 6-7 տարին ծառայեց հայենիքին, բայց ծառայեց ամենաօրհասական պահին, երբ ծնկած հայ ժողովուրդն իր մեջ նորից ուժ գտավ և ոտքի ելավ Հայաստանի առաջին հարապետության տեսքով։

Այսօր հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի առաջին հանրապետության գեներալ-լեյտենանտ, բանակի գեներալ Թովմաս Նազարբեկյանի հիշատակի օրն է։

Նազարբեկյանը հմուտ ռազմական գործիչ էր, նա իր կրթությունն ավարտել էր արդեն շտաբս-կապիտանի զինվորական աստիճանով։ Իր ռազմական մկրտությունն ստանում է 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ճակատում՝ ակտիվորեն մասնակցելով Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին։ 1901 թ․ նա ստանում է գնդապետի կոչում, անցնում փայլուն մարտական ուղի, սակայն ռուս-ճապոնական պատերազմից հետո վերաբերմունքը հայ զինվորականների նկատմամբ փոխվում է։



Դրաստամատ Կանայանը պատմում է, որ Մուկդենի ճակատամարտի հերոս Նազարբեկովը ռուս-ճապոնական պատերազմում զինադադարի կնքումից հետո մտնում է հրամանատարական կենտրոն, ուր նրա անմիջական հրամանատարը համբույրներով ու շնորհավորանքով է դիմավորում ու հայտնում ցավով, որ ըստ գաղտնի հրամանի՝ հայերն այլևս չեն կարող գնդի հրամանտարի պաշտոնից ավելի բարձր պաշտոնի հավակնել, ինչպես նաև գնդապետի կոչումից ավելի բարձր ուսադիներ ստանալ։ Զորաբաժնի հրամանատարը նաև առաջարկում է ընտրել ցանկացած գունդ, ցանկացած վայրում, և ինքը Նազարբեկովին կնշանակի այդ գնդի հրամանատար։ Նազարբեկովը հրաժարվում է և ներկայանում Կովկասյան զորքերի հրամատարին։ Նազարբեկովը ցանկություն է հայտնում անհապաղ ղեկավարել Երևանյան գունդը։ Կովկասյան զորքերի ընդհանուր հրամանատարը, նշելով, որ չի կարող դա թույլ տալ, ավելացնում է․ «Ես էլ զինվոր եմ, չգիտեմ, թե ինչ հիմքով և ինչ քաղաքականությամբ է նման հրաման տրվել, դա միայն Ձեզ չի վերաբերում, այլ հայկական ծագում ունեցող բոլոր սպաներին»։

Նազարբեկովը պատասխանում է․ «Մինչև օրս ես ինձ զգացել եմ ռուսական քաղաքացի և ռուս բանակի ու ռուս կայսրության ամենից հավատարիմ սպան։ Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու, որ ոչ միայն ծագումով եմ հայ, այլ ուղղակի հայ եմ, և իմ հայության նկատմամբ այս անարդար անվստահությունից հետո միայն մի պատասխան կարող եմ տալ․ ես դուրս եմ գալիս բանակից»։

Խորապես խոցված զինվորականը իր հայացքն ուղղում է դեպի բզկտված հայրենիքը։ 1914 թ․ նա եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, 1917-ին՝ Երևանյան ջոկատի պետ և կորպուսի հրամանատարի իրավունքներով նահանգի զորքերի հրամանատար, 1917-1918 թթ․ արդեն՝ Հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար, 1919-1920 թթ․՝ Հայաստանի առաջին հանրապետության զորքերի հրամանատար-սպարապետ, ռազմական խորհրդի նախագահ։



Սակայն փայլուն մարտական անցյալ ունեցող զինվորականի հետ ճակատագիրը կարծես դառը խաղ խաղաց։ Երզնկա, Սարիղամիշ, Կարս․․․․ անհաջողությունը հաջորդեց անհաջողությանը։ Կարսի անկումից հետո թշնամին գրավեց Ալեքսանդրապոլը և շտապեց դեպի Արարատյան դաշտ։

Եկել էր ուժերը միավորելու և վերջին օրհասական կռիվը տալու պահը, և փորձված գեներալը դիմում է հայ ժողովրդին․ «Մենք դարավոր ստրուկներ ենք թրքական լծի տակ, մենք վճռած ենք կա՛մ ազատ ապրիլ, կա՛մ մեռնիլ։ Եթե չհաջողինք պաշտպանիլ մեր երկիրը, մեր ազատությունն ու մեր պատիվը՝ զենքը մեր ձեռքին, արժանի չենք ուրեմն որպես ազգ ապրիլ։ Վճռական ժամը հնչած է, ուր մենք պետք է կերտենք մեր ապագան կամ կորցնենք»։

Արարատյան ճակատի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը, Բաշ-Ապարանի ճակատը հանձնվեց զորավար Դրոյին, որոնք փայլուն իրագործեցին իրենց առջև դրված խնդիրը։ Ղարաքիլիսայի գծում ամրացավ Նազարբեկյանը, սակայն այստեղ էլ, ցավոք, նա չհաջողեց․․․

Վայրիվերումներով լի իր կյանքը Թովմաս Նազարբեկյանն ավարտեց ծայրահեղ աղքատության մեջ։ 1921 թ․ մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվեց Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Նա մահացավ 1931 թ․ իր ծննդավայր Թիֆլիսում։




Ամենից շատ դիտված