copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:18 16-02-2023

Անգլերեն ու մաթեմատիկա. դիմորդներին հայերենը պակաս հետաքրքիր է

Հունվարի 15-ից մեկնարկել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնից Oragir.News-ին փոխանցեցին, որ արդեն հայտնի են միասնական քննության առաջին փուլի նախնական արդյունքները, որոնք դեռ կարող են բողոքարկվել։

«Արդյունքները դեռ չենք ամփոփել այն առումով, որ բողոքարկման հանձնաժողովի նիստ պետք է լինի, պիտի քննարկվեն բողոքարկման դիմումները, կան դիմումներ․ ոմանք գնահատականների հետ համաձայն չեն ինչ-ինչ պատճառներով, հիմա բողոքարկման հանձնաժողովը քննարկում է, դիտարկում է, որոնք որ հնարավոր է վերանայվեն, ներկայացնում է արդեն առարկայական հանձնաժողովներին, առարկայական հանձնաժողովները որոշում են կայացնում, այսինքն՝ այս առումով գնահատականներ կան, որ կարող են վերանայվել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Oragir.News-ը փորձեց համադրել քննությունների արդյունքում գրանցված նախնական արդյունքները։

Ըստ նախնական տվյալների՝ «Ֆիզիկա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է թիվով 558 դիմորդ, քննությանը մասնակցել է 543 դիմորդ, քննությունից բացակայել է 14-ը, քննությունից հեռացվել է 2-ը։ Միջին միավորը եղել է 11,6, դրական միավորի շեմը չի հաղթահարել 141 հոգի, 18-20 միավոր հավաքել է 56 հոգի։

«Հայոց պատմություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 581 դիմորդ, քննությանը մասնակցել է 557-ը, բացակայել են 23-ը, քննությունից հեռացվել՝ 1-ը։ Միջին միավորը եղել է 13,99, դրական միավորի շեմը չի հաղթահարել 68 հոգի, 18-20 միավոր հավաքել է 161 հոգի։

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 2018 դիմորդ, քննությանը մասնակցել 1968 դիմորդ, քննությունից բացակայել 49 դիմորդ, քննությունից հեռացվել 1 հոգի։ Միջին միավորը եղել է 10,84, դրական միավորի շեմը չի հաղթահարել 458 հոգի, 18-20 միավոր հավաքել է 108 հոգի։

«Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվածների թիվը 887 է, մասնակիցների թիվը՝ 865, բացակաների թիվը՝ 20, հեռացվածների թիվը՝ 2-ը։ Միջին միավորը եղել է 13,11, դրական միավորի շեմը չի հաղթահարել 124 հոգի, 18-20 միավոր հավաքել է 182 հոգի։

«Աշխարհագրություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվածների թիվը 32 է, մասնակիցների թիվը՝ 30, բացակաների թիվը՝ 2։ Միջին միավորը եղել է 14,06, դրական միավորի շեմը չի հաղթահարել 2 հոգի, 18-20 միավոր հավաքել է 6 հոգի։

«Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվածների թիվը՝ 2949 է, մասնակիցների թիվը`2884, բացակաների թիվը՝ 50, հեռացվածների թիվը՝ 14։ Հիվանդության պատճառով քննությունն ընդհատածների թիվը՝ 1 է։ Միջին միավորը եղել է 10,46, դրական միավորի շեմը չի հաղթահարել 792 հոգի, 18-20 միավոր հավաքել է 215 հոգի։

Օտար լեզուներից քննություն հանձնողների թիվը ամենամեծն է։ «Անգլերեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվածների թիվը 3138 է, մասնակիցների թիվը` 3080, բացակաների թիվը՝ 50 հեռացվածների թիվը՝ 7։ Հիվանդության պատճառով քննությունն ընդհատածների թիվը՝ 1։ Միջին միավորը եղել է 12,86, դրական միավորի շեմը չի հաղթահարել 486 հոգի, 18-20 միավոր հավաքել է 517 հոգի։

«Ֆրանսերեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվածների թիվը 16 է, բոլորը մասնակցել են քննությանը։ Միջին միավորը եղել է 14,81, դրական միավորի շեմը հաղթահարել են բոլորը, 18-20 միավոր հավաքել է 2 հոգի։

«Իսպաներենից» քննություն հանձնելու համար հայտագրվել է մեկ հոգի, ով մասնակցել է քննությանը։ Դիմորդը ստացել է 16,25:

«Գերմաներենից» քննություն հանձնելու համար հայտագրվածների թիվը 27 է, մասնակիցների թիվը` 26, բացակաների թիվը՝ 1։ Միջին միավորը եղել է 12,01, դրական միավորի շեմը չի հաղթահարել 2 հոգի, 18-20 միավոր հավաքել է 1 հոգի։

«Իտալերենից» հայտագրվածների թիվը՝ 1,մասնակիցների թիվը`1: Դիմորդը ստացել է 19,25:

«Քիմիա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվածների թիվը՝ 738 է, մասնակիցների թիվը՝ 718, բացակաների թիվը՝ 16 հեռացվածների թիվը՝ 4։ Միջին միավորը եղել է 10,06, դրական միավորի շեմը չի հաղթահարել 226 հոգի, 18-20 միավոր հավաքել է 53 հոգի։

«Ռուսաց լեզու»-ից քննություն հանձնելու համար հայտագրվածների թիվը՝ 130, մասնակիցների թիվը՝ 129, բացակաների թիվը՝ 1։ Միջին միավորը եղել է 9,72, դրական միավորի շեմը չի հաղթահարել 38 հոգի, 18-20 միավոր հավաքել է 2 հոգի։

Արդեն եղած ցուցանիշներից տեսնում ենք, որ եղած ցուցանիշները այնքան էլ գովելի չեն, բայց դա ունի հասկանալի պատճառներ, դա պայմանավորված է նրանով, որ դիմորդները ավելի հանգիստ են, քանի որ մեկ հնարավորություն էլ ունեն։

ԳԹԿ-ի փոխանցած տվյալներից պարզ է դառնում, որ միասնական քննություններում ամենամեծ թվով դիմորդներ եղել են անգլերենից, մաթեմատիկայից և հետո նոր հայերենից, հավանաբար նրանց հայերենը պակաս հետաքրքիր է։