Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:08 10-02-2023

Հետ ենք գնում 90-ական թվականներ․ եթե կուլ տանք այս դեպքը, ցանկացած փաստաբանի կարող են ծեծի ենթարկել․ Արա Զոհրաբյան

Մենք ակնկալում էինք, որ այդպիսի արձագանք կլինի. ուրախ ենք, որ չեն ասել՝ ահաբեկիչ փաստաբանները զինված մտել են անչափահասներին պաշտպանելու և նման միջադեպ է եղել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ոստիկանության Էրեբունի բաժնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու միջադեպի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ոստիկանության արձագանքին, որը խուլիգանություն է որակել տվյալ միջադեպը։

«Վստահ եմ, որ կան արժանապատիվ ոստիկանները, կան նաև նման մարդիկ, որոնք քրեական ենթամշակույթի դեմ են պայքարում, այդ ենթամշակույթը վերցրել և տարել են այդ պատերի ներս։ Պարզ չէ, որ հիմա իրենք ամեն ինչ փորձելու են անեն իրենց պաշտպանելու համար, իրենց կարճ խելքով փաստաբաններին մեղադրեն։ Բայց այնտեղ եղել են տարբեր մարդիկ, հոգեբանը, ձերբակալված անչափահասի ծնողը, մյուս փաստաբանը։ Իրենք չեն կարող ժխտել ծեծի փաստը, իրենք ծեծի են ենթարկել, այլ բան է՝ ինչով են արդարացնելու իրենց արարքը»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաև հավելեց, որ անչափահասներին քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մոտեցել, հետները կռվի են բռնվել, ապա բերման են ենթարկել, իբրև ոստիկանների նկատմամբ դիմադրություն են ցույց տվել և այլն. «Սա շատ վատ ձեռագիր է, կարծես 90-ական թվականները լինեն։ Հետ ենք գնում 90-ականներ թվականներ, այսինքն փաստաբանը ոչ թե չի կարողանում իր վստահորդին պաշտպանել, այլ ինքն իրեն պաշտպանել։ Սա շատ անթույլատրելի վարքագիծ է, որ պաշտոնատար անձը փորձի սա ծածկել, վստահ եղեք, պատասխան է տալու։ Մենք սա այսպես չենք թողնելու։ Այս դեպքը փաստաբանական ինստիտուտի դեմ է, եթե կուլ տանք, ցանկացած փաստաբանի կարող են ծեծի ենթարկել, հետո ասեն փաստաբանները խուլիգանություն արեցին»,- նշեց փաստաբանը։

Ասուլիսին ներկա փաստաբան Մարզպետ Ավագյանը պատմեց, որ նախորդ օրը, երբ անչափահասներին ձերբակալել ու տարել են ոստիկանության Էրեբունի բաժին, իր վստահորդի հայրը շուրջ 2-3 ժամ փորձել է տեսակցել իր որդուն որպես օրինական ներկայացուցիչ, սակայն տարբեր պատճառաբանությամբ չեն թույլ տվել. «2-3 ժամ հետո է հաջողվել տեսակցել։ Տեսել է վնասվածանքներ կան տղայի վրա, շորերը եղել են կեղտոտ, վրան՝ ոտնահետքեր»։

Հարցին, թե ո՞ր պահին իրավիճակը սրվեց, նա ասաց. «Առերես-հարցաքննության ընթացքում անչափահաս ձերբակալված անձը սկսեց ցուցմունքներ տալ իրենց խոշտանգելու վերաբերյալ։ Այդ պահից սկսած իրավիճակը լարվեց։ Օպերատիվ աշխատողները եկել էին, բաց դռների առջև կանգնել, իմ գնահատմամբ, ուղղված էր ճնշում գործադրելու անչափահաս վկայի, ձերբակալված անձի նկատմամբ, որպեսզի նա չպնդի իր ցուցմունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված