copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:07 01-02-2023

Աշխատում ենք, որ բանկերին պահենք․ բանկերը բարձրացնում են գործող վարկերի տոկոսադրույքները

Հայաստանի առևտրային բանկերը, օգտվելով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից, նաև տարադրամի փոխարժեքի տատանումներից, բարձրացրել են նախկինում կնքած բոլոր լողացող տոկոսներով վարկերի տոկոսադրույքները։

Oragir.News-ի տեղեկություններով՝ բազմաթիվ առևտրային բանկեր 3-5 տոկոսով բարձրացրել են արդեն գործող վարկերի տոկոսադրույքները, մինչդեռ կան դեպքեր, երբ սրա հետևանքով, եթե վարկի չափը մեծ է, ապա քաղաքացու ամսական մարումներն ավելացել են 100 հազար դրամով։

Հաճախորդներին բանկերի կողմից ներկայացվող պայմանագրերն, իհարկե, նման հնարավորություն տալիս են, սակայն պայմանագիրը նախատեսում է նաև տոկոսադրույքի նվազեցում, սակայն այն պարագայում, երբ Կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը կամ երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է, սակայն նախադեպ, իհարկե, դեռ չի արձանագրվել։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ անցած տարվա ընթացքում Կենտրոնական բանկը գնաճը զսպելու նպատակով վերաֆինանսավորման տոկոսադրույքը մի քանի անգամ բարձրացրել է՝ հասցնելով մոտավորապես 10 տոկոսի, իսկ վերաֆինանասավորման տոկոսադրույքի բարձրացումը ուղղակիորեն ազդում է նաև բանկի տոկոսադրույքների վրա։

«Ուշագրավ է, որ հիփոթեքային վարկի տոկոսները, օրինակ, այնքան չեն բարձրացել, որքան բիզնես բանկերի տոկոսները կամ սպառողական վարկատեսակների տոկոսադրույքները։ Բանկերը շահագրգիռ էին մեծ ներդրումներ կատարել, նրանք տեսնում են, որ հիփոթեքային բարկերի շուկան բավական աշխուժ է, և օգտվում են այդ հանգամանքից։ Նրանք տեսնում են, որ մեծ թվով մարդիկ կան, որ դիմում են վարկ ստանալու, դրա համար էլ ճկուն տոկոսադրույքի քաղաքականսություն են վարում։ Այդուհանդերձ, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10 տոկոսից անցնում է, նրանք կարող են վերանայել տոկոսադրույքը՝ սահմանելով ոչ թե, օրինակ, 12, այլ 16-17 տոկոս։ Այսինքն, բանկերը փորձում են իրենց ռիսկերը նվազեցնել՝ հնարավոր գնաճային իրավիճակից խուսափելու համար»։

Նա ընդգծեց, որ գնաճային ճնշումները դեռևս պահպանվում են, անցած տարի ունեցանք 8,6 տոկոս գնաճ, այս տարի գնաճային իրավիճակը կպահպանվի։

«Եթե դրամն արժեզրկվի, ապա գանճային իրավիճակը էլ ավելի կսրվի։ Այսինքն, մենք կարող ենք ունենալ երկնիշ գնաճ։ Ուստի բանկերն իրենց համար որոշակի անվտանգության բարձիկներ են ստեղծում, գնաճի կտրուկ աճի պայմաններում։ Այս ամենինց տուժում են հիփոթեքային վարկ վերցնող մարդիկ, ովքեր նախատեսել էին ավելի քիչ վճարել հիփոթեքային տոկոսադրույքների համար, բայց հաշվի առնելով, որ Կենտրոնական բանկը ձախողվել է և իր հերթին կառավարությունը ձախողել է տնտեսական և դրամավարկային քաղաքականությունները, վճարում են շարքային քաղաքացիները»։

Նա նաև ընդգծեց, որ հաշվի առնելով այն, որ հիփոթեքային վարկերը երկարաժամկետ են տրամադրում՝ 15-20 տարվա համար, ուստի բանկերը իրենց ռիսկերը նվազեցնելու համար վարում են լողացող տոկոսադրույքի քաղաքականությունը և կապված վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճի և նվազեցման հետ՝ կարող են բարձրացնել կամ նվազեցնել։

Նրա նաև հիշեցրեց, որ երբ 2 տարի առաջ վերֆինանասավորման տոկոսադրույքը հասել էր 4-4,5 տոկոսի, նույն բանկերը չիջեցրեցին տոկոսադրույքները, իսկ երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացավ, բանկերը շատ արագ սկսեցին բարձրացնել տոկոսները նաև գործող վարկերի համար։

«Սա բանկային համակարգի ագահության և նաև Կենտրոնական բանկի թուլության հետևանք է։ Եթե տոկոսը իջել է, բայց քաղաքացին դրանից չի օգտվել, հիմա ինչու պետք է տուժի բարձրացման դեպքում։ Միանշանակ է, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը որոշակի վերահսկողական գործիքներ պետք է օգտագործեն բանկերի նկատմամբ, զսպեն նրանց ագահությունը, շահութաբերությունը, բայց այս պահին դաշտը ամբողջությամբ թողնված է շուկայական տրամաբանությանը, և բանկերը հաճախ կարող են միմյանց հետ պայմանավորվելով կամ այս կամ այն ազդակները հաշվի առնելով՝ համաձայնեցված հիփոթեքային քաղաքականություն վարել»։

Պարսյանը նաև հիշեցրեց, որ 2022 թ-ի ընթացքում բանկերի շահութաբերությունը կազմել է 220 մլրդ դրամ, որը աննախադեպ է, ու նախորդ տարվա համեմատ 3 անգամ ավելացել է զուտ շահույթի մեծությունը։

«Նման մեծ շահութ Հայաստանում ապահովել է նաև հանքարդյունաբերությունը, որի շահութաբերությունը ևս աճել է բայց ոչ իհարկե բանկերի ծավալի չափով։ Մինչդեռ, հանքարդյունաբերության դեպքում հարկերը 2-3 անգամ ավելացել են նախորդ տարվա համեմատ։ Այսինքն, և՛ շահույթն է ավելացել, և՛ վճարած հարկերը։ Սա պայմանավորված է բանկային համակարգի նկատմամբ իրականացվող հարկային քաղաքականությամբ։ Օրինակ, հանքարդյունաբերության դեպքում գործում է պրոգրեսիվ ռոյալթի, ըստ որի՝ եթե 7000 դոլարից ավելի է մետաղի գները համաշխարհային շուկայում, ապա հայ արդյունաբերողների վճարած հարկերը նույնպես ավելանում են։

Իսկ բանկային համակարգում, անկախ նրանից՝ բանկը 1 մլրդ շահութ կստանա, թե, օրինակ, 100 մլրդ, վճարում է նույն 18 տոկոսը։ Բանկային համակարգի դեպքում էլ պետք է պրոգրեսիվ հարկման համակարգ կիրառել»։

Տնտեսագետն ընդգծեց, որ բանկային համակարգի այս արտոնյալ վիճակը պայմանավորված է բավական ուժեղ լոբբիով, որն ապահովում է Կենտրոնական բանկը։ ԿԲ-ն թելադրում է նաև հարկային տնտեսական քաղաքականությունը, և նրանք ունեն բավական արտոնյալ հարկային քաղաքականության օրենսդրություն։

«Բնական է, որ բանկային համակարգը պետք է առողջ լինի ու ամուր, սակայն այդ առողջ բանկային համակարգը չպետք է լինի ի հաշիվ բնակչության և ի հաշիվ տնտեսության։ Այսինքն, այնպիսի տպավորություն է, որ ամբողջ երկրով պահում ենք բանկային համակարգը։

Այսինքն, ամեն ինչ արվում է, որ բանկերը շահութաբեր լինեն ու մեծ գումար աշխատեն։ Մինչդեռ արդեն տևական ժամանակ է՝ բանկերն ունեն արտոնյալ կարգավիճակ՝ պայմանավորված նրանց բարձր լոբբիստական գործունեությամբ։

Մի օրինակ բերեմ բանկային լոբբիի միջոցով, օրինակ, փոքր փոխանակման կետերը դադարեցրին իրենց գործունեությունը, ինչի արդյունքում այս տարի բանկերը բավական մեծ շահույթներ ունեցան, մինչդեռ եթե այդ փոքր բիզնեսը լիներ, նրանք նույնպես կօգտվեին այդ շահույթից, ու եկամուտն ավելի լայնորեն կբաշխվեր տնտեսության մեջ»։

Մենք դիմեցինք նաև Կենտրոնական բանկ՝ հասկանալու համար, թե արդյոք ԿԲ-ն որևէ կերպ վերահսկում է առևտրային բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքների բարձրացումը և ինչու, օրինակ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման պարագայում՝ վարկ վերցրած քաղաքացիների համար վարկային տոկոսդրույքները չեն նվազում։ Մեզ առաջարկեցին հարցում ուղարկել։

Մենք նաև դիմեցինք Բանկերի միության՝ խնդրելով որոշակի պարզաբանումներ տրամադրել։ Միության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Մանասերյանը ասաց, որ պետք է հստակեցնել, թե քաղաքաղին հատկապես ինչից է դժգոհում, քանի որ հնարավոր է, որ վարկի սպասարկման կամ վարկը սպասարկող հաշվեհամարի սպասարկման միջնորդավճարի փոփոխության մասին է խոսքը։ «Բնականաբար, եղել է նման փոփոխություն։ ճիշտն ասած, երբեմն քաղաքացիները ֆինանսական գրագիտության պատճառով այնպիսի խնդիրներ են բարձրաձայնում, որ առհասարակ բանկային համակարգի դաշտում չէ։ Օրինակ, մարդը կարող է երկար դժգոհել բանկերից, հետո պարզվում է, նա վարկային կազմակերպության հաճախորդ է։ Անձը վարկավորվում է վարկային կազմակերպությունում, բայց դժգոհություններն ուղղում բանկային համակարգին»։

Այդուհանդերձ, Մանասերյանը նույնպես մեզ առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։
adv_banner

Ամենից շատ դիտված

09:24 Երևանում ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
22:05 «Մուրացանի» հոսպիտալում բժիշկը հանել է օրգաններս․ այս երկրում գերու կարգավիճակ ունեմ․ նախկին զինծառայող
14:39 Գործադուլ անող և աշխատանքից ազատված վարորդների ցուցակը
11:50 Լոմով էղնի, լապատկով էղնի, պիտի կրենք.  Փաշինյանը մերժել է գյումրեցի երգիչ-դերասանի թեկնածությունը
22:36 Ոստիկանները հայտնաբերել են խանութը թալանողներին, կոտրված տերմինալն ու Hyundai-ն. shamshyan.com
08:00 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. Ժողովուրդ
23:47 ՆԳ նախարարի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. shamshyan.com
07:40 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. Փաստ
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 38 հազար դոլար, 13 մլն եկամուտ. Գեղամ Նազարյանի, կնոջ և որդու ունեցվածքը
21:36 ԽԾԲ-ից բողոքող Փաշինյանը ԲԴԽ նախագահ է դարձրել իր քավորի մորաքրոջ տղային

Ձեզ գուցե հետաքրքրի