Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:30 29-01-2023

Աղասուց օրինակ առ...

1901 թվականի հունվարի 30-ին ծնվել է հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ, Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։



«Երիտասարդ և շատ սիրված ղեկավար է ու վայելում է մեծ ժողովրդականություն, սիրում ու հարգում են բոլորը` բանվորից և գյուղացուց սկսած մինչև ամենաբարձր մտավորականը։
Չեմ կարող ասել, թե լսածս որքանով է ճիշտ, բայց ասում էին, թե իբր Վանում, ընդամենը տասնմեկ թե տասներկու տարեկան Խանջյանին հարցրել են` «Աղասի, ի՞նչ ես դառնալու», պատասխանել է` «Հայոց թագավոր»։ Ու հիմա, երբ նա կուսակցության ղեկավար էր, նրա մանկական երազանքը խորհրդանշական էր թվում»,- իր հուշերում գրում է թատերագետ Ռուբեն Զարյանը։



Առհասարակ Աղասի Խանջյանի մասին շատերն են հուշեր գրել, բանաստեղծություններ ձոնել, սակայն դրանց մեջ կա մեկը, ով Խանջյանին ճանաչել է մանկության տարիներից։ Խանջյանի մանկության ընկեր-հարևանի տղան, գրող Գուրգեն Մահարին իր «Արծիվ Նաիրի» հուշագրության մեջ հրաշալի բացահայտում է Խանջյանի կերպարը, չթաքցնելով իր հիացմունքն ու սերը առ իր հերոսը։
Մանկության տարիների մասին հիշելիս Մահարին գրում է.



«Սովորում էր նա Վանի կենտրոնական վարժարանում, բայց նրա մասին խոսում էին բոլոր դպրոցներում։
- Սովորեք Աղասի Խանջյանի նման,- հաճախ լսում էինք մենք Երեմյան դպրոցի աշակերտներս, մեր ուսուցիչներից։
- Աղասի Խանջյանի մայրն էլ կասին տղաս դպրոց կերթա, քո մայրն էլ, - դատում էին մայրերը, դատապարտելով իրեց զավակներին։
Բայց եթե Վանի զանազան դպրոցների աշակերտները դպրոցներում էին միայն լսում նրա մասին, ապա ինձ վիճակված էր լսել նրա անունը նաև տանը։ Ամեն անգամ, երբ մայրս լինում էր նրանց մոտ, մի ամբողջ շաբաթ խոսում էր Աղասու մասին.
- Մարդ էդպես տղա կունենա, խելոք, սուս-փուս, ժամերով` գրքի, տետրակների հետ։ Քանի անգամ Թագուհին ասաց, - Աղասի, գնա մի քիչ խաղա, թարմացի,- ժամանակ չկա, մայրիկ։ Բոլոր դասերից հինգ ու խաչ, հինգ ու խաչ։
-Սրբուհի, ջուր վերջացե, չե՞ս մտածե։- Գիրքը մի կողմ դրեց, վեր կացավ. - ես կբերեմ, մայրիկ. իբրեղն առավ, վազեց քահրեզ։ Տղեն էդպես պիտի լինի, որ աստծուն էլ, մարդուն էլ դուր գա... Սմավար դրեց, չայ պատրաստեց։ - Աղասի չար կխմե՞ս. - Եթե կարելի է, մայրիկ...
Ամեն անգամ մայրիկը վերադառնում էր ավելի հարուստ տպավորություններով, պատմում նորանոր մանրամասնություններ նրա մասին, պատմում եռանդով ու ոգևորությամբ և վերջացնում անփոփոխ եզրափակությամբ.- «Աղասուց օրինակ առ...»։
Աղասի Խանջյանի օրինակելի վարքն ու ապրելակերպը շարունակվում է նաև հասուն տարիքում։ Արդեն Երևանում, երբ նա ստանձնել էր կուսակցական իր պաշտոնը, այդ շրջանին անդրադառնալով Գուրգեն Մահարին շարունակում է.

«Առաջին քարտուղար ընտրվելուց հետո էլ նա միշտ մոտ կանգնեց մեր հոգևոր կուլտուրային։ Աշխատում էր 16-18 ժամ, միշտ զվարթ, զգոն և տոկուն։ Չէր ծխում, սիրած խմիչքը Երևանի ջուրն էր, խնջույքների ժամանակ` «Արզնին»։ Կարդում էր ոչ միայն լույս տեսած գրքերը, այլ պարբերական մամուլում լույս տեսնող չափածո և արձակ գործերը, տպագրության համար պատրաստված ձեռագրերը։ Բաց չէր թողնում ոչ մի դասախոսություն, ներկայացում, պատկերահանդես։
Կարճ ժամանակվա ընթացքում նա գտավ լայն ճանաչում և ժողովրդականություն...
Այո, անդիմադրելի էր նրա հմայքը որովհետև հասարակ էր նա և անմիջական, գիտեր խոսել և՛ գրագետի, և անգրագետի հետ, թափանցել մարդու սիրտը, նայել մարդկանց, իրերին և երևույթներին` պետական մարդու լայնախոհությամբ, սիրով և զգաստությամբ։ Սիրում էր նա իր երկիրը, իր ժողովրդին, գիտեր նրա անցյալը, ճանաչում էր նրա ներկան և աշխատում էր նրա մեծ ներկայի և ապագայի համար։



Գուրգեն Մահարին վերջին անգամ հանդիպել է Աղասի Խանջյանի հետ 1936 թվականի հուլիսի 6-ին` Խանջյանի Թիֆլիս մեկնելու նախօրեին։ Դրանից երեք օր անց, հուլիսի 9-ին Խանջյանը մահացավ Թիֆլիսում` ինքնասպան լինելով։ Ինքնասպանությունը պաշտոնական վարկածն էր, սակայն բոլորը վստահ էին,որ նրան սպանել էր Լավրենտի Բերիան։

Խանջյանի հետ վերջին հանդիպման մասին Մահարին գրում է.



«Հեռախոսափողից հնչեց նրա անտրամադիր, և որքան ինձ թվաց, հոգնած ձայնը։
- Կարող եմ ընդունել... եկ մեկ ժամ հետ։
Ոչ միայն ձայնը, նկուն էր, ինքն էլ, մի տեսակ ցրված։ Սովորաբար խոսելիս նա սիրում էր նայել դեմքիդ, ուղիղ աչքերիդ, բայց ահա խոսում է նա ու խուսափում քո հայացքը բռնելուց...
- Ժողովածուդ նայեցի։ Տուր Չոփուրյանին, թող ընթացք տա։ Խորագիրը լավ ես գտել, - «Հնձաններ»։ Բայց շտապել ես. «Մրգահասից» հետո պետք է գրեիր «Այգեկութ», հետ միայն` «Հնձաններ». ճիշտ չէ՞...
- Իսկ «Հնձաններից» հետո՞... «Հարսանի՞ք»։
- Հարսանի՞ք, ինչու՞ հարսանիք... ախ, հա՛..,- լռեց և հարցրեց,- ո՞վ է գրել` «Կարմիր հարսանիքը»...
Եվ պատասխանի չսպասելով վեր կացավ տեղից ու չափեց սենյակի լայնքը, ապա` երկայնքը։
- «Արձանագործ Մուր»-դ կարդում եմ։ Մե՞ծ բան է դուրս գալու... Վերջը ի՞նչ ես անելու Մուրիդ հետ։
- Մուրը ինքնասպանություն է գործելու,- պատասխանեցի ես։
-Ինքնասպանությու՞ն,- կարծես հանկարծակիի եկավ նա,- ինչու՞ ինքնասպանություն...
Նստեց։ Կենտրոնացավ։
- Նա քանդակում է իր գլուգործոցը,- քայլում է հաղթանդամ բանվորը, ուսին` երկրագունդը։ Արձանը կանգեցնում են քաղաքի կենտրոնական հրապարակում։
- Նու, էլ ինչու՞ ինքնասպանություն։
- Նա զգում, որ էլ ասելիք չունի, որ չի կարող ավելի լավ գործ տալ, կարող է մանրանալ...
- Դրա համար էլ ինքնասպանությու՞ն է գործում։
Ես լռում եմ։
- Հիմարություն,- ասում է նա,- գտիր ուրիշ ելք։
Ու երբ հրաժեշտ եմ տալիս, նա խորհուրդ է տալիս ամենայն լրջությամբ.
- Մուրիդ համար մտածիր... գտիր ուրիշ ելք...

...Երեսունվեց տարեկան էր, երբ կտրվեց նրա կյանքի թելը։ Աղասի Խանջյանի անունը պատկանում է պատմությանը և գալիք սերունդներին»։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը