copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 14-04-2022

Այդ Վիգեն Խաչատրյանն ու իր զավակները՝ որպես օրինակ, թող մնան Ադրբեջանի կազմում, տեսնենք՝ կմնա՞ն. Միքայել սրբազան

Հայաստանի իշխանությունները արդեն 2-րդ օրն է՝ Ազգային ժողովում բացեիբաց քննարկում են Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը։ ՔՊ-ական պատգամավորները, միմյանց հերթ չտալով, ուզում են համոզել, որ իրենց խոստացած «խաղաղության դարաշրջանին» հասնելու միակ միջոցը Արցախը վերջնականորեն և ամբողջովին Ադրբեջանին հանձնելն է։

ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը այսօր հայտարարեց. «1996թ.-ին առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա, թերևս, ճիշտ չի եղել, իմ կարծիքով»,- ասաց ՔՊ-ականը, ապա նաև փորձեց արժեզրկել 1988-ի ազատագրական շարժումը. «1988 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, բերեց նրան, որ 400 կամ 500 հազար հայեր չկարողացան շարունակել իրենց կյանքը իրենց պատմական հայրենիքում, վերջապես բերեց նրան, որ մենք ունենք ԼՂԻՄ մի զգալի մասի կորուստ, որտեղ այլևս հայեր չեն ապրում»։

Իր խոսքում նաև Վիգեն Խաչատրյանը եկեղեցուն անդրադարձավ՝ ասելով, որ պետք է եկեղեցուն օգնել, որ այն ապաքաղաքական դառնա։

Oragir.news-ը այս հայտարարությունների վերաբերյալ զրուցեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ կարծիք ունի իշխանականների այս հայտարարությունների վերաբերյալ, արդյոք Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի՞, և ի՞նչ է լինելու հայ ժողովրդի ճակատագիրը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների այսպիսի հայտարարությունների ֆոնին:

«Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի, բացառվում է, ո՞վ կմնա, այդ Վիգեն Խաչատրյանը կմնա՞ այնտեղ, դե թող ինքը՝ որպես օրինակ, գնա, մնա այնտեղ՝ Ադրբեջանի կազմում։ Կմնա՞ ինքը, իր զավակները կմնա՞ն, իր թոռները կմնա՞ն»,- պատասխանեց Միքայել սրբազանը։

Դիտարկմանը, որ իշխանությունները իրենց ձեռքերը լվացել են Արցախից, և հարցին, թե ի՞նչ է լինելու արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի ճակատագիրը, սրբազանը պատասխանեց.

«Ժողովուրդը պիտի իր ճակատագիրը որոշի։ Ժողովուրդը, կարծես թե, դեռևս համակարծիք է, որ այդպես պիտի լինի։ Ժողովուրդն ինքը պիտի որոշի, որ եթե ուղղությունը պիտի փոխվի, ուրեմն պիտի փոխվի։ Սա ճանապարհ չէ, որով գնում է այս իշխանությունը։ Ես դեռ այն ժամանակ էի ասել, որ ամեն մի օր, որ այս իշխանությունը մնում է, իրավիճակը շտկելն էլ ավելի է դժվարանալու, և ես հիմա չգիտեմ՝ որևէ բան շտկելը արդյոք հնարավո՞ր է։ Այս իշխանության ամեն մի օրը էլ ավելի է դժվարացնում իրավիճակի շտկումը»։

Պատասխանելով հարցին, թե եկեղեցին ունի՞ Վիգեն Խաչատրյանի և այլ ՔՊ-ականների օգնության կարիքը, Միքայել սրբազանը պատասխանեց. «Եկեղեցին որևէ կուսակցության օգնության կարիքը չունի, եկեղեցին ժողովրդի ու պետականության օժանդակության կարիքը ունի, բայց իշխանության և որևէ այլ կուսակցության օժանդակության կարիքը եկեղեցին չունի»։

Միքայել սրբազանի խոսքով՝ իր հորդորը հայ ժողովրդին հետևյալն է. «Իմ հորդորը մնում է նույնը. սիրեք այս երկիրը, սիրեք մեր հայրենիքը, սիրեք այս հողը, սիրեք մեր ընդհանրական հայրենիքը և պատրաստ եղեք դրա համար նաև կյանքը տալու»։


Կորյուն Սիմոնյան