copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:38 27-01-2023

Անհայտ անձի նկատմամբ գովասանքի իմաստը ես չեմ հասկանում. Թումասյանը` Շիրակի նոր մարզպետի մասին

«Ես ինչ ակնկալիք կարող եմ ունենալ, ես առհասարակ վաղուց իշխանություններից ակնկալիքներ չունեմ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը՝ խոսելով մարզի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանի ակնկալիքներից։

Հիշեցնենք՝ Կառավարության երեկվա որոշումներով՝ Նազելի Բաղդասարյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Մուշեղ Մուրադյանը։ Մուրադյանն «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։

Հարցին, թե ծանո՞թ է Մուրադյանի գործունեությանը, Թումասյանը ասաց. «Ես մարզպետների գործունեությունից տեղյակ չեմ լինում, այսինքն՝ ինչ-որ որոշակի նշանակալի հետք չեն թողնում էլ ուր մնաց ինչ-որ մի բաժնի աշխատանքից տեղյակ լինեմ։ Դուք որևէ ձեռքբերում կարո՞ղ եք հիշել մարզպետներից, որ Շիրակի մարզում կամ որևէ այլ մարզում մարզպետի շնորհիվ ինչ-որ մի հետք մնա, միայն խոսքեր․ ով կողմ է, ազգ բարեկամ է, համախոհ է, դրա դեմ է։ Բայց ես ինքս առհասարակ քաղաքական պրոցեսներից հոգնած, զզվածեմ, դրա համար փորձում եմ իմ փոքր լուման դնել մարդկանց կյանքը, սահմանային գյուղի կյանքը մի փոքր բարելավելու համար»։

Թումասյանը նշեց, որ, առհասարակ, որևէ իշխանությունից որևէ ակնկալիք չունի, միայն Աստված է կանչում, որ մեծ փորձանքներ չգան երկրի գլխին։

Խոսելով շրջանառվող կարծիքներից՝ Թումասյանը ասաց. «Եթե հասարակությունը իր կենսագրությամբ և իր անցած ուղիով հայտնի անձնավորություն չէ, և նրա նկատմամբ գովասանք է շռայլվում և հույսեր են կապվում, ես չեմ հասկանում դրա իմաստ։ Եթե որևէ ներդրում չի ունեցել հասարակական կյանքում, քաղաքական կյանքում, ինչպես կարող է ամբողջ մարզի համար ունենալ»,- նշեց Թումասյանը։

Խոսելով նախկին մարզպետի գրանցած արդյունքից՝ Թումասյանը ասաց․ «Ես հիմա երբ նայում եմ, գովասանքներ եմ տեսնում, ես ուզում եմ հասկանալ այս մի կամ երկու տարում ինչ կոնկրետ ձեռքբերում ունեցավ մարզը, ինչ արեց մարզի համար։ Մի ճանապար կա, որով ամեն օր գնում-գալիս եմ Արմավիր, դա ավելի քանդված, ավերակված է, քան նախկինում էր։ Իշխանության դերը այնքան է ընկել, որ իշխանության մարզի մակարդակով իրենք մտածում են, որ իրենք ՀԿ գործիչներ են և սեմինարներ բացումներ սիրուն-սիրուն խոսքեր, չէ այս աղետի մեջ գտնվող երկրում ես ղեկավարի մասին մի քիչ այլ պատկերացումներ ունեմ, որ մարդկանց մոբիլիզացնի, շենացնեն, կառուցեն, կյանքը փոխեն, մարդկանց օգնեն, լինեն այնտեղ որտեղ դժվարություններ կան։ Գլոբալ առումով՝ որևէ կոնկրետ բան ես ինքս չեմ հիշում։ Այս վերջի հինգ տարին, ցավոք սրտի, կորած տարիներ են։ Ես երեսուն տարի ընդդիմադիր եմ եղել։ Ինչ սկսվել են անկախ Հայաստանի ընտրությունները, ես դեռ ընտրված ղեկավար չունեմ, որովհետև չի եղել դեպք, որ ես ընտրեմ և անցնի»,- ասաց Թումասյանը ։

Ձեզ գուցե հետաքրքրի