copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 18-01-2023

Պոլ Սեզան. գեղանկարչության աստվածը

Ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ Պոլ Սեզանից մեզ հասել է մոտ 800 կտավ։ Սրանց թիվը եռապատիկ շատ կլիներ, եթե նկարիչը իր բծախնդրության ու կատարելության ձգտելու մոլուցքի պատճառով` ազատված չլիներ դրանցից։ Բազմաթիվ գործեր Սեզանը այրել, պատռել, մասնատել կամ պատուհանից դուրս է շպրտել։

Նկարչության հանդեպ սերն ու գրավչությունը Սեզանի կյանքում ծնվել է մանուկ հասակում։ Բանկի սեփականատեր նրա հայրը որդու համար միանգամայն այլ ապագա էր նախատեսել։ Նա վստահ էր, որ Պոլը իր գործը պիտի շարունակի և լուրջ չէր վերաբերվում տղայի նկարչական զեղումներին, ինչն էլ շատ հաճախ տարաձայնությունների ու վեճերի պատճառ էր դառնում։ Զավեշտալին այն էր, որ հենց հայրն էր որդուն նվիրել ներկերի և վրձինների առաջին հավաքածուն:



Սեզանը նկարչության իր նախնական դասընթացներն անցել է Էքսի նկարչական դպրոցում, սակայն հաջողությունների հասել է իր համառության ու ինքակրթության միջոցով։

Սեզանի վրա մեծ ազդեցություն է գործել Պիսարոն, ով օգնել է նրան` տիրապետել նոր տեխնիկային և վերանայել բնապատկերն ընկալելու ձևը։ Սեզանը կլանելով Պիսարոյից լավագույնը` այնուամենայնիվ նկարչության մեջ զարգացրել է իր սեփական «ես»-ը։ Պիսարոն այն քչերից էր, ով միանգամից հավատացել էր Սեզանի հաջողությանն ու տաղանդին։ Գնահատելով ուսուցչի ներդրումը իր ստեղծագործական կյանքում ու երախտապարտ լինելով իր վարպետին` Սեզանն իր կտավները ստորագրելիս միշտ իր անվան կողքին գրել է` «Պիսարոյի աշակերտը»։

Այս հետաքրքիր նկարիչն իր յուրաքանչյուր աշխատանքը ծրագրել է շատ երկար՝ էսքիզները ստեղծել է հենց կտավի վրա և հենց այնտեղ էլ ձևափոխել ու մշակել է բազմաթիվ անգամներ։ Ժամանակակից հետազոտողները, սքանավորելով Սեզանի կտավները, պարզել են, որ նրա նկարներում կան ներկերի բազմաթիվ շերտեր։ Պերֆեկցիոնիստական հակումներ ունեցող այս նկարիչը բազմիցս վերանկարելով պատկերը՝ փորձել է հասնել կատարելության։



Սեզանի կենսագիրների կարծիքով` նման մոլեռանդորեն աշխատելու պատճառը նկարչի վիրավորված ինքնասիրությունն էր։ Երկար տարիներ հանրությունը, քննադատներն ու ցուցասրահներն անտարբեր էին Սեզանի արվեստի հանդեպ։ Սակայն յուրաքանչյուր անհաջողություն նկարչին մղել է ավելի տքնաջան աշխատանքի։

Նկարիչը ոչ միայն արվեստում, այլ առօրյա կյանքում նույնպես ուներ տարօրինակություններ: Ասում են, երբ Սեզանը ձեռքն էր վերցնում վրձինը, նա դառնում էր պահանջկոտ և դյուրագրգիռ: Նրան շատ հաճախ խանգարում էին աշխատել նույնիսկ ամենաչնչին բաները. փողոցից լսվող ձիու խրխնիջը, ոչ բարենպաստ եղանակը, երկինքը` երբ բավականաչափ «բաց մոխրագույն» չէր, կամ թարմ խմորեղենի բույրը։



Ժամանակակիցները պատմում են, որ նա երկար քայլում էր Լյուքսեմբուրգյան այգում ու երբ հոգնում էր, պառկում էր քնելու հենց այնտեղ՝ խոտերի վրա։ Մտավախություն ունենալով, որ քնած ժամանակ կոշիկները կհանեն ոտքերից` նա դրանք դնում էր գլխի տակ։ Իրերի նկատմամբ այսքան ուշադիր ու անհանգիստ այս մարդը, սակայն, անփույթ էր դրամի հանդեպ։ Նա ոչինչ չէր խնայում։ Ամբրուազ Վոլյարը պատմում է, որ Սեզանը սովորություն ուներ քնելուց առաջ ծախսել իր գրպանում եղած ամբողջ գումարը: Փողը վատնելու հարցում իրեն կշտամբող ընկերներին Սեզանը պատասխանում էր. «Գրողը տանի, ի՞նչ եք ուզում ինձնից, եթե ես այս գիշեր մեռնեմ, գումարս կմնա ու ծնողներս ժառանգություն կստանան»։

Սեզանի մահն էլ իր պես տարօրինակ էր։



Աշխատանքին անմնացորդ նվիրվելու, գործը կատարելության հասցնելու համար նա վատնում էր իր ողջ ուժերն ու առողջությունը։ Իր վերջին էտյուդի վրա աշխատելու ժամանակ ամպրոպ է սկսել, սակայն վատ եղանակը չի անհանգստացրել նկարչին։ Նա մոտ երկու ժամ շարունակել էր աշխատել ցուրտ ու խոնավ պայմաններում։ Պլեներից վերադառնալիս ճանապարհին նկարիչը ուշագնաց է եղել։ Անհայտ է, թե որքան է անգիտակից ընկած մնացել գետնին։ Նրան տուն է բերել կառապանը։ Չնայած վատառողջ լինելուն՝ հաջորդ օրը Սեզանը կրկին գնացել է նույն վայրը` էտյուդը շարունակելու։ Եվ այս անգամ գիտակցությունը կորցրել է հենց աշխատանքի ընթացքում։



Պոլ Սեզանի կյանքն ավարտվեց այս դեպքից մի քանի օր անց։

Հանճարեղ այս նկարիչն իր ողջ կյանքում դիմացավ հանրության, ընկերների, քննադատների ու հարազատների ծաղրանքին և քննադատությանը։ Երբեք չընկճվեց, այլ համառորեն շարունակեց ստեղծագործել, քանի որ ուրիշ կերպ չէր կարողանում ապրել։ Նա դարձավ մեծ ու հայտնի, երբ արդեն ողջ չէր։



Նրան հաջորդած նկարիչների մի մեծ շարք ստեղծագործել ու հաջողությունների է հասել` Սեզանով տարված ու Սեզանից ազդված։ Այս նկարիչով հիացած Չերչիլը ստեղծագործել է` իր առջև որպես օրինակ ունենալով սեզանյան գույներն ու վրձնահարվածները։ Մատիսը Սեզանին անվանել է «գեղանկարչության աստված», իսկ Պիկասոն` «իմ միակ ուսուցիչը»։

Ասում են, երբ կյանքի վերջին տարիներին Պիկասոն Ֆրանսիայի հարավում գնել է իր հերթական կալվածքը` Սենտ-Վիկտուար լեռնաշղթայի լանջին, պատճառը եղել է Սեզանը։ Սենտ-Վիկտուարը այն լեռն է, որը Սեզանը պատկերել է ավելի քան 30 անգամ։ Պիկասոն նայել է լեռանը ու ասել. «Ես հենց նոր գնեցի Սեզանի լեռները»։

Նաիրա Եղիազարյան