«Չեմ կարծում, թե հայկական երկու պետությունների միջև կարող է պառակտում լինել։ Բայց, կարծում եմ, որ մի փոքր ավելի հավասարակշռված հայտարարություններ է պետք անել և պահի տակ, զգացմունքային պոռթկումներից զերծ մնալ»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին ի պատասխան ԱՀ ԱԽ հայտարարությանը։
«Այդպիսի դեպքերում, կարծում եմ, որ ավելի ճիշտ է քննարկումներ կազմակերպել։ Միմյանց տեսակետներն առավել առարկայական հասկանալ, հետո նոր արձագանքել։ Իսկ ցուցաբերած վարքագիծը, կարծում եմ, որ որևէ օգտակար բան չի պարունակում և չի համապատասխանում հարցերի այս բարդ հանգույցին, որը մենք ունենք մեր առջև։ Ցավում եմ, որ նման դրսևորումներ է իրեն թույլ տալիս իշխանությունն Արցախում։ Ըստ էության, հայտարարությունները ձևով քաղաքական են, իրականում՝ քաղաքական առումով բովանդակազուրկ»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունները չեն կարող որոշել ԼՂ ճակատագիրը։ Այդ որոշումը կարող է կատարել միայն ԼՂ ժողովուրդն ու անմիջական կապ պահպանել Ադրբեջանի իշխանությունների հետ․
Oragir.News-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդպիսով ՀՀ իշխանությունները չեն լքում Արցախը և իրականում որքանո՞վ է հնարավոր է այդ երկխոսությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներկա քաղաքականությունն ու ցեղասպանական նկրտումները։
«Նման հայտարարությունները ոչ թե դիմազրկում, այլ բարձրացնում են Արցախի իշխանությունների քաղաքական կշիռը։ Եթե շատ ուշադիր ընթերցեք Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները, ապա կտեսնեք, որ իրականում ասվում է մի բան, որն ընկալելի է համաշխարհային քաղաքական հանրության կողմից։ Դա նաև նրանց հորդորն է՝ գնալ երկխոսության։ Երկխոսության պատրաստակամությունը միայն բարձրացնում է Արցախի սուբյեկտայնությունը։ Իսկ թե Բաքուն ինչ նախապայմաններ է դնում, արդեն դառնում է Բաքվի խնդիրը, ո՛չ Արցախի»,- ասաց նա։
Այդուհանդերձ, Արցախում արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվող իրավիճակը, որի ընթացքում այդպես էլ որևէ երկխոսություն չեղավ, ըստ իշխանական պատգամավորի, լուծման մի քանի տարբերակ ունի։
«Կա՛մ ռազմական, որն ակնհայտ է, որ մենք այս պահին ու այս իրավիճակում այդ հնարավորությունը չունենք։ Երկրորդը՝ ռազմական համատեղ ուժերով՝ մեր դաշնակիցների հետ, որոնք պարտավորություններ ունեն մեզ հետ նույն ուղղությամբ քայլելու։ Մենք տեսնում ենք, որ այդ առումով մեր դաշնակիները կրավորական դիրքորոշում են ցուցաբերում։ Առնվազն չխառնվելու քաղաքականություն են վարում։ Երրորդ ճանապարհը միջազգային ճնշումն է, որ քաղաքական ճնշման տակ Ադրբեջանը դադարեցնի այդ վայրագությունները։ Ահա այդ առումով Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները նպաստում են այդ քաղաքական ճնշման ձևավորմանը։ Արցախի պետնախարարի ծանծաղամիտ հայտարարությունները և անվտանգության խորհրդի քաղաքական բովանդակազուրկ հայտարարությունները չեն նպաստում այդ քաղաքական ճնշման առաջացմանը։ Սա է տարբերությունը, որ պետք է Արցախի իշխանությունները գիտակցեն և հասկանան, որ այո՛, իրենք անմիջական պատասխանատվություն են կրում արցախահայության ճակատագրի համար, և պետք է քաղաքականությունը վարել այնպես, որ բացառվի Արցախի հայաթափությունը, երաշխավորվեն արցախահայության իրավունքները՝ իրենց հայրենիքում ապրելու և անվտանգ արարելու»,- ասաց նա։
Վիգեն Խաչատրյանն, այդուհանդերձ, հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները չեն դադարել կատարել Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունները։
«Ոչ թե պետք է կատարենք, այլ կատարում ենք ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե։ Հայաստանի իշխանությունները ստանձնել են Արցախի անվտանգության երաշխավորի պարտականություն և ամեն օր զբաղված են դրանով։ Ոչ թե դեպքից դեպք։ Վարչապետ Փաշինյանը պարաբանեց, թե ինչ է նշանակում անվտանգություն, և մի քանի հարթություններում նա շարադրեց՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային։ Պետության անվտանգությունը վերաբերում է տարբեր ոլորտներին։ Եվ մենք բոլոր ուղղություններով, մեզ հասու միջոցներով ու հնարավորություններով աջակցում ենք մեր քույրերին ու եղբայրներին, և ցավալի է, որ Արցախի անվտանգության խորհուրդը կամ նախագահն սկսում են դրամական արժեքները թերագնահատել։ Դա առնվազն լուրջ չէ»,- ասաց նա։
Չնայած Արցախում առկա խնդրի բարձրացմանը միջազգային հարթակներում՝ անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում հումանիտար որևէ օգնություն չի մտել Արցախ։ Պատգամավորն անդրադառնում է տարածվող տեսակետին, որ անգամ այս համատեքստում ՀՀ իշխանությունները շարունակում են հակառուսական քաղաքականություն վարել՝ դրանով ավելի վնասելով հայկական շահերը։
«Հայաստանը որևէ հակառուսական քաղաքականություն չի վարում։ Ռուսաստանն է, որ իր պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի դրսևորումներ է իրեն թույլ տալիս, որն էլ առաջացնում է հակառուսական տրամադրություններ։ Պետք չէ այն, ինչ անում են Ռուսաստանի իշխանությունները վերագրել Հայաստանի իշխանություններին։ Հայաստանի իշխանությունները համբերատար հուշում են Ռուսաստանին իր պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին։ Կամ որպեսզի նրանք դիմեն օգնության։ Մենք նրանց չենք քննադատում։ Այդ մասին շատ բաց ասաց վարչապետ Փաշինյանը։ Այնպես չէ, որ Ռուսաստանը փորձում է բացել ճանապարհը, մենք էլ խանգարում ենք։ Մինչդեռ դա մտնում է իր պարտավորությունների մեջ»,- ասաց նա։
Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ հարցին, թե ԱՀ ԱԽ հայտարարությունից հետո արդյո՞ք ՀՀ իշխանությունները պատրաստվում են հանդիպել Արցախի իշխանությունների հետ` համատեղ քննարկումների նպատակով։
«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ շատ համբերատար, զուսպ ձևով ակնարկեց, որ Արցախի իշխանությունները պետք է ավելի ծանրակշիռ քայլերի գնան և անթույլատրելի է չհամաձայնեցված քայլերի ձեռնարկումն ու դիրքորոշումների արտահայտումը։ Կարծում եմ, որ մեր գործընկերները կգիտակցեն իրենց վրիպումները և կուղղեն իրենց սխալները»,- ասաց ՀՀ իշխանական պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ վերջին ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արտահայտած բոլոր տեսակետներն ու հայտարարություններն ավելի վաղ ներկայացվել են ԱՀ իշխանություններին։ Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ քննարկման ժամանակ դրանց վերաբերյալ Արցախի ներկայացուցչությունը որևէ առարկություն չի ունեցել։
«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում շարադրում էր, բազմիցս քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի և Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Եվ չի արտահայտվել որևէ մի տեսակետ, որը նրանց հայտնի չէր կամ որին իրենք համաձայն չէին։ Նանք այդ բոլոր տեսակետերը ողջունել են։ Երևի պետք է վերհիշել Արցախի նախագահի հայտարարությունը, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր է, պետք չէ այդ հարցերը շփոթել Արցախի հետ։ Այնպես որ, իրենք պետք է հետևողական լինեն և զգացմունքային պոռթկումների կամ այլ ազդեցությունների չտրվեն»,- ասաց նա։
Հարցին, թե Արցախում ստեղծված ժամանակը որքան կարող է շարունակվել, և, ի վերջո, այն ինչպես է կհանգուցալուծվի, Խաչատրյանն ասաց, որ չի պատկերացնում։ Իր խոսքով՝ իրավիճակը շատ բարդ է և անհրաժեշտ է շրջահայացություն ցուցաբերել։
«Կարծում եմ, որ սա նախերգանք է՝ ռազմական էսկալացիա առաջացնելու համար։ Մենք պետք է ամեն կերպ առիթ չտանք նման անցանկալի զարգացումների։ Դրա համար պետք է լինել համախմբված։ Դրա համար պետք է բոլորով նույն կետին խփենք, դրա համար պետք է այս հարցերը չսարքել իշխանության համար պայքարի թատերաբեմ։ Այդ դեպքում մենք հաջողությամբ մեր բոլոր հարցերը կլուծենք»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանության ղեկավարի հայտարարությունները և Արցախյան իշխանությունների կողմից դրանց հետ անհամաձայնությունը խոսում է այդ համախմբման ուղղությամբ ոչ բավարար աշխատանքի մասին՝ Խաչատրյանը կտրուկ արձագանքեց․ «Այո՛, այո՛, ցույց են տալիս, որ Արցախում խորությամբ չեն գիտակցում այդ համախմբման կարևորությունն ու դեռ ավելին, կասկածներ են հարուցում, որ Արցախի որոշ գործիչներ այլ ազդեցությունների տակ են, որը ցանկալի չէ և, ըստ իրենց, չի համապատասխանում մեր համազգային ծրագրերին»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ համախմբման առումով նմանատիպ կարծիք ունեն նաև Արցախում՝ ՀՀ ներկայիս իշխանությունների վերաբերյալ, համոզմունք հայտնելով, որ այդ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից՝ պատգամավորը վստահեցրեց, որ դա այդպես չէ։
«Որևէ դատող մարդ կարող է միայն զարմանալ նման անշնորհակալ վերաբերմունքից»,- եզրափակեց նա։