«Վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքի շեշտադրումը սխալ է արված։ Ճիշտը սա է․ աշխարհի ոչ մի պետություն դեռ չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»:
Oragir.News-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս»։
«Միևնույն ժամանակ թե՛ ՄԱԿ-ի, թե՛ ԵԱՀԿ-ի մակարդակով ընդունված է այդ խնդրի առկայության եւ խաղաղ կարգավորման օրակարգային լինելու հանգամանքը, ու հենց այդ նպատակով էր նախ ստեղծվել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա դրա եռանախագահությունը՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա պատկառելի կազմով: Ուստի Արցախը իրավամբ ընկալվում է որպես Բաքվի ենթակայությունից դուրս գտնվող կազմավորում, որի փաստացի կարգավիճակի իրավական ճանաչման հարցը պետք է լուծում ստանա»,- ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարությունը՝ Արցախն աշխարհի կողմից որպես Ադրբեջանի մաս ճանաչված լինելու վերաբերյալ, ընդամենը քաղաքական աճպարարության օրինակ է։
«Իսկ պատերազմը խնդիրն ուժի կիրառման միջոցով լուծելու Բաքվի ցանկության արդյունքն էր: Հայաստանի իշխանություններն ընդունակ չգտնվեցին կանխելու պատերազմը կամ էլ դրա ընթացքում հաղթելու հակառակորդին»,- ասաց նա։
Ըստ Արցախի նախկին արտգործնախարարի՝ ՀՀ իշխանական շրջանակները գտնում են, որ իրենք շարունակում են իրականացնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի գործառույթը: Այդուհանդերձ, միևնույն ժամանակ մերժում են իրենց այդ գործառույթի իրականացումը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու կարգավիճակի հարթություններում։
«Ըստ էության՝ նրանք նկատի ունեն այն, որ խոսքով պաշտպանում են Արցախում ապրող մեր հայրենակիցների՝ իրենց նախնյաց Հայրենիքում անվտանգ պայմաններում ապրելու իրավունքը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին, Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ խնդրին արագ լուծում չտալու դեպքում այն կարող է ավելի բարդանալ։ Իսկ խնդրի լուծումն, ըստ նրա, պետք է գտնեն պատասխանատու կողմերը։
«Եթե մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը շրջափակումը չվերացվի, ապա այն կարող է ձգվել եւս երկու ամիս: Արցախի ապաշրջափակումը ՀՀ ու ԱՀ իշխանությունների առաջնահերթ պարտականությունն է: Որեւէ հարցում իրենց խորհուրդ տալու իմաստը չեմ տեսնում»,- եզրափակեց նա։