copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 22:00 24-05-2023

Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, և դժվար թե Մոսկվայում որևէ բան փոխվի

Ինչպես հայտնի է, մայիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նման հանդիպում վերջին անգամ տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին, երբ կողմերը ավելի վաղ Պրահայում կայացած հանդիպումից հետո, որտեղ որոշել էին հարաբերությունների կարգավորման համար հիմք ընդունել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանում վերահաստատեցին այդ պայմանավորվածությունները։

Հատկանշական է, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը՝ ընդ որում մի քանի հարթակներում։ Մայիսի 1-4-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ վարեցին Վաշինգթոնում, այնուհետև մայիսի 19-ին հանդիպում ունեցան Մոսկվայում, մայիսի 14-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Oragir.News-ի հետ զրույցում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմը վաղուց զիջել է և Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, շատ քիչ հավանական է, որ Մոսկվայում ինչ-որ բան կփոխվի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը համաձայնում է նաև Մոսկվայում բանակցել, որպեսզի ամրապնդի իր դիրքերը և Ռուսաստանին հայտարարի, որ հարցը լուծված է։

«Իսկ եթե հարցը լուծված է, ապա հաջորդ քայլն այն է, որ ռուսներն այնտեղ (նկատի ունի Արցախում-խմբ․) անելու բան չունեն և պետք է դուրս գան այնտեղից, որից հետո սկվելու է Ղարաբաղի վերջին ճակատամարտը։ Ստացվում է, որ մեր կառավարությունը համաձայն է դրա հետ, փաստորեն մենք համաձայնք են, որ Հայոց ցեղասպանության պատմության մեջ հաջորդ էջը լինի»,- կարծում է նա։

Հարցին, թե ինչի մասին է վկայում վերջին շրջանում բանակցային գործընթացում նկատվող այս ակտիվությունը, Խաչիկյանը համաձայնեց ակտիվության առկայության հետ՝ նշելով, որ Հայաստանն այդ ակտիվությունից ոչինչ չկարողացավ ստանալ, անգամ արևմտյան երաշխքներ, ինքնորոշման որևէ նմուշ, ինքնավարություն, միջազգային մեխանիզմ, որը կապահովեր Արցախի բնակչության անվտանգությունը և այլն։ «Անկլավները հանձնեցին, անկլավներից հետո մենք կտրվում ենք Վրաստանին կապող մեր ճանապարհից, հաջորդ քայլը լինելու է ադրբեջանցիների վերադարձը որոշ շրջաններ՝ Սյունիք, որից հետո իրենց հետևից գալու է Ադրբեջանի բանակը, մենք Սյունիքն ենք կորցնելու։ Ես չեմ հասկանում, թե մեր ժողովուրդն ինչպես է մտածում՝ այն մի մասը, որը կարծում է, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես չեմ տեսնում, թե ինչպես է լավ լինելու»,- նշում է քաղաքագետը։

Հարցին, թե տարբեր հարթակներում ընթացող բանակցությունները կողմերին թույլ կտա՞ն որևէ համաձայնության հասնել, թե՞ դրանք հերթական անգամ կմտնեն փակուղի, Խաչիկյանը պատասխանեց, որ կողմերի միջև դեռևս քննարկելու հարցեր կան. այս պահի դրությամբ որևէ բան չի ասվել Սյունիքի միջանցքի մասին, Ադբեջանը Արցախի համար որևէ միջազգային երաշխիք չի ցանկանում ընդունել։ Նա նշեց, որ երաշխիքների մասով որոշ քննարկումներ ընթանում են, սակայն Ադրբեջանը որևէ կերպ այն չի ընդունում, բացի այդ՝ ծիծաղելի կլինի ասել, որ Ադրբեջանը ինքը որևէ բան կերաշխավորի։ Քաղաքագետի համոզմամբ՝ Արցախի բնակչությանը կա՛մ կվտարեն այնտեղից, կա՛մ կկոտրեն, և լինելու են բախումներ։ Նա նկատեց, որոշ հարցեր դեռ մնացել են, սակայն կարևոր հարցերում հայկական կողմը զիջել է, և դա այս ղեկավարության արտաքին քաղաքականության արդյունքն է, որից նրանք փորձում են խուսափել և չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Արթուր Խաչիկյանը կարծում է, որ հայկական կողմը կարող էր ինչ-որ բան փոխել, եթե փոխվեր ղեկավարությունը, բայց մեր ժողովրդի մի մասը որոշեց, որ դա պետք չէ անել, ինչը հանգեցրեց այս հետևանքներին։

Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը կհամաձայնի՞ Արցախից դուրս բերել իր խաղաղապահներին, եթե ի վերջո Արցախը ամբողջովին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Խաչիկյանը նշեց, որ Ռուսաստանի համար շատ դժվար կլինի այնտեղ մնալը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանն այլևս հակամարտության կողմ չէ հայտնի չէ, թե ռուս խաղաղապահներն ինչ հիմունքներով պետք է մնան Արցախում։ «Ստեղծված իրավիճակում կա՛մ Ռուսաստանը նույնպես պետք է դուրս գա և իր խղճի վրա վերցնի 120 հազար արցախցիների ցեղասպանությունը, կա՛մ պատերազմ հայտարարի Ադրբեջանին և Թուրքիային։ Այս պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բավականին ծանր պատերազմ է ընթանում, Ռուսաստանն ինչպե՞ս կարող է պատերազմի գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը գտնվելու է շատ ծանր իրավիճակում։ Մեր ղեկավարության այս դիրքորոշումը, որ սա մեր խնդիրը չէ, ռուսների խնդիրն է, փաստորեն Արցախը դատապարտեց մահվան»,- եզրափակել է նա։