copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:53 12-01-2023

Այսպես կոչված «Արևմտյան Ադբրեջանի համայնքը» Հայաստանի կառավարությանը պահանջներ է ներկայացրել

Այսպես կոչված «Արևմտյան Ադբրեջանի համայնքը», որը Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հերթական հակահայկական նախագիծն է և ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, ուղերձ է հրապարակել, որում Հայաստանի կառավարությանը մի շարք պահանջներ է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականին որպես «Ադրբեջանի փախստականների ընկերություն», իսկ 2022 թվականին վերանվանվել է որպես «Արևմտյան Ադրբեջանի համայնք»։ Կազմակերպությունը ներկայումս զբաղվում է ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ, որոնք վտարվել են ադրբեջանական կողմի պնդմամբ՝ իրենց հայրենի տարածքներից։

Նշվում է, որ Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիների նկատմամբ «դաժան էթնիկ զտումներ են իրականացել հատկապես 1905-06, 1918-21, 1948-53 և 1988-91 թվականներին»։ Բացի այդ ադրբեջանական չակերտավոր համայնքը նշել է, որ ԽՍՀՄ նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի հրամանով, իսկ այնուհետև 1988-1991 թվականներին Հայաստանի տարածքից ադրբեջանցիները զանգվածաբար արտաքսվել են։

Բացի այդ այսպես կոչված համայնքը նշել է, որ Հայաստանի տարածքում ամենուր «ոչնչացվել է ադրբեջանցիներին պատկանող պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում նաև մզկիթներն ու գերեզմանատները, փոխվել են աշխարհագրական անվանումները, ադրբեջանցիների նկատմամբ իրականացվել է համակարգային բնույթի ռասայական խտրականություն»։

Այսպես կոչված «Արևմտյան Ադբրեջանի համայնքը», Հայաստանի կառավարությունից պահանջել է միջազգային գործընթացի շրջանակներում պայմաններ ստեղծել «վտարված ադրբեջանցիների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և վերադարձից հետո ապահովել նրանց անհատական և հավաքական իրավունքները»։

«Համայնքը» շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը ապաստան տրամադրելու, Հայաստանի տարածքից «վտարված ադրբեջանցիների մասին հոգալու և նրանց խաղաղ զարգացման համար պայմաններ ստեղծելու համար և խնդրել է առաջիկայում ևս աջակցել արտաքսված ադրբեջանցիներին»։

Բացի այդ վերջիններս խնդրել են նաև ՄԱԿ-ին և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններին աջակցել «վտարված ադրբեջանցիների՝ միջազգային գործընթացի շրջանակներում իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձին և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և կոլեկտիվ իրավունքների ապահովմանը»։

Այսպիսով կարող ենք փաստել, որ կատարվեցին մի շարք մասնագետների այն նախազգուշացումները, որ Ադրբեջանի իշխանությունները չեն սահմանափակելու միայն Արցախի օկուպացիայով և իրենց հետագա տարածքային հավակնություններն ուղղելու են Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականությունը, այսպես կոչված խաղաղության դարաշրջանի ձգտումները միայն մեծացնում են Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։

Այս նախաձեռնությունը չափազանց վտանգավոր է Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, քանի որ այսպես կոչված ադրբեջանցիների հնարավոր վերադարձը հետագայում հանգեցնելու է նորանոր խնդիրների, իսկ հետագայում՝ նրանց կողմից տարածքային հավակնությունների։ Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները այս վտանգավոր նախաձեռնությանը պետք է հակադարձեն Ադրբեջանի հայ բնակչության իրավունքների ապահովման պահանջով, քանի որ ադրբեջանահայ շուրջ 600-հազար հայ համայնքը ենթարկվել է բռնաճնշումների, վտարվել է Ադրբեջանի տարածքից, զրկվել է իր ունեցվածքը վաճառելու իրավունքից և այլն։ Իսկ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել վաճառել իրենց գույքը և անվտանգ կերպով լքել երկիրը։