Երևան +11°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 00:10 25-12-2022

Ինչու և ինչպես գողացան Չարլի Չապլինի դիակը

1977 թվականի դեկտեմբերի 25-ին, 88 տարեկան հասակում մահացավ նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, ռեժիսոր, երգահան Չարլի Չապլինը։



Էստրադային դերասանների ընտանիքում ծնված Չարլզ Սպենսեր Չապլինի ծնողների կարիերան ողբերգական ավարտ ունեցավ. ընտանիքի հայրը կորցրեց ձայնը և այդ վշտից սկսեց այնքան չարաշահել ալկոհոլը, որ մահացավ, իսկ մայրը` ամուսնու մահից հետո կորցրեց բանականությունը։ Չարլին և իր եղբայր Սիդը շատ արագ հասկացան, որ հայտնվել են մի իրավիճակում, երբ կարող են հույսը միայն իրենց վրա դնել։ Չարլին թողեց դպրոցը և սկսեց աշխատանք փնտրել։

14 տարեկանում նա արդեն ուներ ոչ միայն մշտական ​​աշխատանք, այլ նաև խաղում էր թատրոնում: Քանի որ Չապլինն այն ժամանակ գրեթե կարդալ չգիտեր, եղբայրը օգնում էր նրան` սովորել դերերի տեքստերը։ Կարճ ժամանակ անց երիտասարդ դերասանին նկատեցին կինոոլորտի ներկայացուցիչները և առաջարկեցին նկարահանվել կինոյում։

Չապլինը սկզբում իրեն դրսևորեց որպես դերասան, ապա ռեժիսոր ու սցենարիստ։ 1917 թվականին նա դարձավ կինոյի պատմության ամենաթանկ դերասանը՝ 1 միլիոն դոլարի պայմանագիր կնքելով First National Pictures-ի հետ։

Չարլի Չապլինը հասցրեց ամուսնանալ 4 անգամ։ Նա ուներ 11 երեխա։ Չապլինի չորրորդ կինը՝ Ունա Օ'Նիլը իրենից փոքր էր 37 տարով։ Երբ ծնվեց նրանց համատեղ վերջին երեխան, մեծ կատակերգուն արդեն 72 տարեկան էր։

Չարլի Չապլինն այն եզակիներից է, ով իր երկարամյա կյանքին զուգահեռ անդադար աշխատել ու ստեղծագործել է։ Նրա մասնագիտական գործունեությունը տևեց ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի իր մանկությունից մինչև մահ։



Մահը վրա հասավ 88 տարեկանում։ 1977 թվականի հոկտեմբերին միանգամից վատթարացավ դերասանի առողջական վիճակը, դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան նա մահացավ իր տանը, քնի մեջ՝ կաթվածից։



Չարլի Չապլինի հոգեհանգիստը փոքր ու նեղ շրջանակներում կազմակերպված զուտ անգլիական արարողություն էր. ճիշտ այնպես, ինչպես ինքն էր ցանկացել։ Չապլինին թաղեցին Corsier-sur-Vevey քաղաքի գերեզմանատանը։ Ռեժիսոր Ռենե Քլերը կինոաշխարհի գործիչների անունից գրեց. «Նա բոլոր երկրների ու ժամանակների կինոյի հուշարձան էր... լավագույն նվերը, որ կինոաշխարհը պատրաստել է մեզ համար»։



Մեծ դերասանի արկածներով ու յուրօրինակ պատմություններով լի կյանքը չավարտվեց նրա մահով։ Նույնիսկ մահից հետո նրա շուրջ չդադարեցին տեղի ունենալ ցնցող ու անսովոր իրադարձությունները։ Հուղարկավորությունից մի քանի ամիս անց, 1978 թվականի մարտին հարազատները Չապլինի գերեզմանը դատարկ գտան: Թարմ փորած հողի թմբի կողքին` մեծ փոսը դատարկ էր։
Associated Press-ը անմիջապես հայտնեց, որ մեծն Չապլինի գերեզմանը պղծել են։ Խոտերի վրայի ոտնահետքերը ցույց էին տալիս, որ դագաղը քարշ էին տվել դեպի մեծ ճանապարհ, որտեղից էլ մեքենայով տարել էին անհայտ ուղղությամբ:

Ողջ աշխարհը տարակուսած էր, թե ում և ինչու էր պետք գողանալ դերասանի դիակը: Սկզբում ենթադրեցին, որ դա խենթ երկրպագուների ձեռքի գործն է, սակայն կարճ ժամանակ անց դերասանի այրուն՝ Ունա Չապլինին զանգեց ոմն պարոն Ռոշան և նրանից փրկագին պահանջեց սիրելի ամուսնու դիակի դիմաց։ Հանցագործը պահանջում էր 332.000 բրիտանական ֆունտ և ոչ մի կոպեկ պակաս։ Այսօրվա գումարով դա 1,7 միլիոն ֆունտ է կամ 2,6 միլիոն դոլար։ Չվճարելու դեպքում պարոն Ռոշան սպառնացել էր գործ ունենալ Չապլինի կրտսեր զավակի հետ։

Չնայած սպառնալիքներին՝ այրին մտադիր չէր փրկագին վճարել։ «Ամուսինս այժմ դրախտում է ու իմ սրտում, և ոչ մի ուրիշ տեղ», - ասաց նա ոստիկաններին: Օրենքի ներկայացուցիչները հասկացան, որ մադամ Չապլինին ամուսնու դիակը բոլորովին չի հետաքրքրում։ Սակայն, նրանք խնդրեցին տիկնոջը ձևացնել, իբրև թե գումարը հավաքում է` հանցագործին հանձնելու համար։ Այս կերպ ոստիկանությունը հույս ուներ ժամանակ շահել և հետևել առևանգողների զանգերին։



Ի վերջո Լոզանի հեռախոսային խցիկներից մեկում ձերբակալեցին չարագործին։ Պարզվեց, որ դա լեհական ծագմամբ 24-ամյա ավտոմեխանիկ Ռոման Վարդասն է, ում հանցագործության էին մղել գործազրկությունն ու ֆինանսական դժվարությունները։ Նրա հանցակիցը բուլղարացի 38-ամյա Գանչո Գանինն էր, ով իր բեռնատարով օգնել էր դիակը տեղափոխել և թաղել Ժնևի լճի մոտակայքում։ Դատավարության ժամանակ Գանինը հերքել է իր մասնակցությունը հանցագործությանը, ասելով, որ չգիտեր, թե ում գերեզմանն է փորում, պարզապես օգնել է ընկերոջը։

Շվեյցարական դատարանը հաշվի առնելով բոլոր փաստերը` Վարդասին դատապարտեց 4,5 տարվա ուղղիչ աշխատանքի, իսկ Գանինին՝ 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Չարլի Չապլինի դին վերաթաղվեց նույն գերազմանում, սակայն նմանատիպ երևույթներից խուսափելու համար` այս անգամ ծածկվեց բետոնի հաստ շերտով։



Նաիրա Եղիազարյան