copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:54 18-12-2022

Հայաստանը վաղուց չի ընկալվում որպես հակաթուրքականության կենտրոն

Եթե Ֆրանսիան փորձի հումանիտար օգնություն տրամադրել Արցախին՝ իբրև ԵԱՀԿ նախագահ երկիր, որը պետք է աներ, կապ չունի, որ էնտեղ ռուսական խաղաղապահներ են կանգնած։ Հումանիտար օգնությունը ոչ ոք չի արգելու տրամադրել։ Եվ եթե Ադրբեջանը փորձեր խանգարել, արդեն այստեղ կերևար, թե Ֆրանսիան ինչքանով է շահագրգռված այդ օգնությունը տրամադրելու հարցում և թե ինչքանով է պատրաստ գնալ մինչև վերջ։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ «Բայց, ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կկարողանար ընդդիմանալ կամ մերժել ՆԱՏՕ-ի խոշորագույն երկրներից մեկին։ Մենք շատ էինք ոգևորվել Ֆրանսիայի այդ երկու հայտարարություններից (նկատի ունի Ֆրանսիայի Սենատի և ԱԺ հայտարարությունները – խմբ․)՝ կապված Արցախի ճանաչման, հումանիտար օգնության, Արցախում հումանիտար կենտրոնի բացման, որին դեռ սպասում ենք, կարծես թե սայլը տեղից չի շարժվում։ Կային անգամ Հայաստանի պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչեր։ Բայց տեսանք, որ որևիցե քայլ չի արվում»,- ասաց նա։

Որպես այս իրավիճակի շարունակություն՝ փորձագետը հայտնեց, որ այդ քայլը հետագայում ևս չի ակնկալում Ֆրանսիայից։

«Ցավոք սրտի, նավթային շահերը և աշխարհաքաղաքական շահերը պետությունների համար շատ ավելի բարձր են, քան մի բուռ ժողովրդի կենսական պահանջը՝ ապրելու սեփական հայրենի հողի վրա»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Ֆրանսիայի այս գործելաոճն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա՝ Գրիգոր Բալասանյանն ասաց, որ դրանք առավելապես անհետևանք կմնան։

«Չեմ կարծում, թե սա որևէ անդրադարձ ունենք, որովհետև, ցավոք սրտի, Հայաստանն ինքը քայլեր չի ձեռնարկում այս հարցի բարձրացման ու միջազգայնացման համար։ Բայց այն, որ Ֆրանսիայի վարկն ու հեղինակությունը հաստատ կտուժի տարածաշրջանում, և Ֆրանսիային արդեն կսկսեն ոչ լուրջ վերաբերվել և թերահավատ լինել նրա ապագա հայտարարությունների հետ կապված՝ այդ երկրի համար խնդիր կարող է առաջացնել»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը բավարար քայլեր ձեռնարկելու դեպքում այլ, ավելի գործուն քայլերի ականտես կարող էր դառնալ Ֆրանսիայից ու եվրոպական այլ երկրներից՝ միջազգայնագետն ասաց, որ այդ երկրներից հատկապես ռազմական օգնություն ակնկալելն անիրատեսական է։

«Չնայած, ես չգիտեմ էլ՝ դիմել ենք, թե չէ։ Ամենայն հավանականությամբ, չենք էլ դիմել։ Բայց Ֆրանսիայից մենք կարող էինք ստանալ այլ օգնություն՝ զսպել Թուրքիային, ՆԱՏՕ-ի միջոցով ազդել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս զենք չտրամադրի Ադրբեջանին։ Այս հարցում, կարծում եմ, Ֆրանսիան կունեար նաև ՆԱՏՕ այլ անդամ երկրների աջակցությունը»,- ասաց նա։

Այս առումով, փոձագետը հիշեց նաև Թուրքիայի դեմ գործող մեկ այլ ճակատի՝ Ֆրանսիա-Կիպրոս-Հունաստան եռամիասնության ընդհանուր շահերը նաև հօգուտ մեզ ծառայեցնելու ուղղությամբ գործողություններ չիրականացնելու մասին։

«Մենք մոռանում ենք, որ կա Ֆրանսիա-Կիպրոս-Հունաստան ռազմական դաշինք՝ ընդդեմ Թուրքիայի։ Բայց մենք, կարծես թե, ինքներս վաղուց չենք համարվում հակաթուրքականության կենտրոն։ Ինչո՞ւմ էր կայանում մեր ուժը, որ մենք համարվում էինք հակաթուրքական կենտրոն՝ տարածաշրջանում։ Այս առումով հնարավորություն էինք ունենում մեր շուրջը համախմբելու շատ երկրների, որոնք առանձին վերցած միմյանց հետ շատ վատ հարաբերություններ ունեին։ Բայց հակաթուրքականության քողի տակ բոլորը համախմբվում էին։ Այ, եթե մենք այդ հակաթուրքականությունն առաջ տանեինք, և որպես թուրքիային հակաքայլ, Հունաստանի ու Կիպրոսի միջոցով բարձրացնեինք ՆԱՏՕ անդամ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ ո՛չ անդամ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, Հունաստանից ու Կիպրոսից ստանալ որոշակի զինատեսակներ՝ կարծում եմ, որ Ֆրանսիան կմիանար այս որոշմանը։ Որովհետև կոլեկտիվ և կորպորատիվ պատասխանատվության հարց էր առաջանալու, այս առումով Ֆրանսիան իրեն միայնակ չէր զգա և կգնար այդ քայլին՝ օգնություն տրամադրելով Հայաստանին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ և ԵՄ կողմից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններին, փորձագետն ասաց. «Եթե ԱՄՆ-ն ցանկանում է իրավիճակի վրա ավելի լուրջ ազդել և Հայաստանին օգնություն ցուցաբերել, ապա դա պետք է կայանա 907-րդ ազատության աջակցման ակտի ուղղման վերականգնմամբ։ Սա կոնկրետ քայեր է նախատեսում և կոնկրետ այս հարցում Ադրբեջանը խնդիրներ է ունենալու ուրիշ երկրներից զենք-զինամթերք ձեռք բերելու հետ կապված։

Եթե ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Հայաստանին, ապա նա պետք է ազդի տարածաշրջանային դաշնակից Իսրայելի վրա, որպեսզի վերջինիս դեսպանը չհայտարարի, որ մենք Ադրբեջանի կողքին կանգնած ենք և մենք կօգնենք Ադրբեջանին։ Այսինքն, այնպես է ստացվում, որ ուղղակի հայտարարություն են անում հայտարարություն անելու համար։ Բայց, երբ հասնում է գործնական քայլեր կատարելու ժամանակը, բոլորը սլաքներն ուղղում են Ռուսաստանի վրա։ Թե՝ քանի որ Ռուսաստանն է անվտանգության երաշխավորը՝ գնացեք ու իրենից էլ ուզեք։

Այդպես չի լինում։ Կամ լինում է առհասարակ, կամ չի լինում։ Էդպես կիսատ-պռակ խոսքեր, գալ այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հուզվել և դրանով սահմանափակվել, հետո քայլեր չձեռնարկել Հայաստանին և հայ ժողովրդին օգնելու համար․․․ կարծում եմ՝ ավելի լավ է ընդհանրապես որևէ բան չանել, քան անել կիսատ քայլ, ժողովրդի մոտ հույսեր առաջացնել և հուսախափ անել»։