copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:13 03-02-2023

ՀՀ այժմ ընկալվում է ոչ թե որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այլ պատերազմող կողմ․ քաղաքագետ

Արցախի 7 շրջանների հետ կապված Լավրովի հայտարարության մեջ, ըստ էության, նորություն չկար։ Դրանք արտացոլված են եղել տարբեր փաստաթղթերում և, կարծես թե միատեսակ մոտեցում է եղել, որ դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն ասաց, որ այստեղ նորությունը Լավրովի մեկ այլ հայտարարությունն էր։ «Միակ նորությունն այստեղ այն էր, որ Լավրովը Հայաստանին բնորոշում է որպես օկուպանտ և հայտարարում, որ հայկական օկուպացիայի տակ էին գտնվում այդ շրջանները»,- ասաց նա։

Քաղաքագետն այսպիսի ձևակերպումները կապում է ներկայում հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության և ռուսական կողմից Հայաստանի իշխանություններին վերագրվող մեղադրանքներին՝ դեպի Արևմուտք ձգտելու մասով։

«Մյուս կողմից, սա պետք է դիտարկենք այն համատեքստում, որ ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ և՛զորավարժությունները Հայաստանի տարածքում անցկացնելուց, ինչպես նաև վերջին բանաձևը, որի ակնկալիքով, թերևս, ՀԱՊԿ անդամ պետությունները եկել էին Հայաստանի Հանրապետություն՝ Երևանում գագաթաժողովին մասնակցելու։ Եվ, իր խոսքի նրբերանգների մեջ, իհարկե, պարզորոշ երևում էր, որ գոնե Մոսկվան՝ ՌԴ-ն, դժգոհ է այն իրողությունից, որ ՀՀ-ն, այսպես ասած, չընդունեց ՀԱՊԿ-ի առաջարկը՝ օգնության վերաերյալ։ Սա իրենց կողմից ընկալվում է որպես ՀԱյաստանի կողմից արտաքին քաղաքական շրջադարձ՝ հօգուտ Արևմուտքի։ Այս իմաստով, բնակար է, որ ՌԴ դիրքորոշումը կոշտանալու էր»,- ասաց նա։

Այդուհանդերձ, անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, որ ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ չէին համաձայնում վերադարձնել 7 շրջանները՝ Արա Պողոսյանը շեշտեց, որ դրանք Արցախի համար անվտանգության գոտի էին։ Հաջորդ նորությունն, ըստ քաղաքագետ այն էր, որ ՀՀ-ն, արդեն պաշտոնական մակարդակում, ճանաչվում է որպես պատերազմող կողմ։

«Այսինքն, եթե մինչև այս ՀՀ-ն գոնե ֆորմալ փորձում էր երևալ որպես ընդամենն Արցախի անվտանգության երաշխավոր և փորձում էր այնպես անել, որ որպես հակամարտող կողմ դիտարկվեր Արցախը, ապա հիմա Լավրովի ու թուրք-ադրբեջանական խոսույթի մեջ փորձ է արվում հենց Հայաստանը դարձնել պատերազմի կողմ։ Սրանից ելնելով էլ, բնականաբար, լեգիտիմացվում է, այսպես ասած, «խաղաղության պայմանագրի» կնքումը, որը, բնականաբար, պետք է հակամարտող ու պատերազմող կողմերի միջև կնքվի»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակն առաջացել է քաղաքական կոնյուկտուրան ու մթնոլորտն է հասցրել այս իրավիճակին։

«Այդ ընկալումը, մասնավորապես ձևավորվեց 2020 թվականից հետո։ Դա, բնականաբար, և՛ Ադրբեջանի և՛ Թուրքիայի համար ամենացանկալի տարբերակն է։ Տևական ժամանակ նրանք փորձում էին հենց սա ցույց տալ։ Այն, որ Հայաստանը պատերազմող կողմ է և ոչ թե Արցախի անվտանգության երաշխավորը։ Ստացվում է, որ ադրբեջանական թեզը, որ Արցախի խնդիրը գլխավորապես ներքին խնդիր է, իսկ Հայաստանն ինքն է օկուպացրել։ Ու քանի որ հիմա հայկական օկուպացիան վերջացել , այլևս խնդիր չկա։ Թերևս նաև սրա վրա է հենվում ադրբեջանական քարոզչությունը, ինչը հնչեց Լավրովի շուրթերից, թե հենց Հայաստանն է օկուպանտ ու պատերազմող կողմը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, թե հայկական ու ադրբեջանական կողմերն արդեն իսկ համաձայնության են եկել արևմտյան ձևաչափի շրջանակում Ալմաթայի հռչակագրի համաձայն «խաղաղության պայմանագրի» շուրջ և այդ առումով հետագա քայլերի մասին հստակ որևէ բան ասել չի կարող՝ փորձագետը տեսակետ հայտնեց․ այդ հայտարարությունն ուղղված էր ՀՀ հանրությանը։

«Լավրովը փորձում է ռուսական առաջարկը մատուցել որպես ավելի մրցունակ և հայկական շահերին ավելի համապատասխանող։ Այն իմաստով, որ, ըստ Լավրովի, Ալմաթայի հռչակագիրը ենթադրում է Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանություն, այդ թվում նաև Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Մյուս դեպքում, ըստ Լավրովի, եվրոպական կամ արևմտյան առաջարկությունները հենց դրա վրա են խարսխված։ Իսկ ռուսական առաջարկությունն այն է, որ Արցախի մասով պետք է լինեն առանձին բանակցություններ, և Արցախի կարգավիճակի նկատմամբ ներկայումս վերջնական որևէ պայմանավորվածություն չի լինելու։ Այն թողնվելու է անորոշ ապագայի»,- ասաց նա։

Այս առումով, ըստ փորձագետի, ռուսական տարբերակն իսկապես որ կարող է ավելի մրցունակ լինել։ Այդուհանդերձ, նա ուշադրություն է հրավիրում մեկ շատ կարևոր փաստի վրա։

«Մենք պետք է նաև հասկանանք այն, որ ռուսական առաջարկների մասին խոսակցությունը եղավ բացառապես Պրահայի հանդիպումից հետո։ Մինչ այդ և՛հանրության շրջանում դրա մասին որևէ խոսակցություն չկար, թե ի վերջո ինչպիսին է ռուսական առաջարկությունը։ Ռուսական կողմը միայն Պրահայի հանդիպումից հետո այդպիսի առաջարկ ներկայացրեց՝ որպես մրցակցային տարբերակ։ Սա, բնականաբար, կարող է որոշակի հարցեր առաջացնել՝ այն իմաստով, որ եթե մինչև այդ Ադրբեջանը հայտարարում էր, որ Արցախի հարցն իր ներքին հարցն է, նույնիսկ ներքին տարածքային բաժանումներ կատարեց և այլն, Ռուսաստանի Դաշնության կողմից, այս իմաստով պաշտոնական արձագանք ինչու չեղավ։ Ինչու չասացին, որ կա պայմանավորվածություն, որ Արցախին վերաբերող խնդիրները թողնելու ենք անորոշ ապագայի։ Նաև հենց այս հայտարարությունների բացակայությունը վկայում է այն մասին, որ գուցե նաև հենց վերջին պահին, Պրահայից հետո է ռուսական կողմի մոտ առաջացել այդ վարկածը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի առաջարկին՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում տեղակայելու մասով։ Քաղաաքագետի գնահատմամբ և՛ եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը և ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությունն, ըստ էության, ոչ մի նշանակալի բան չեն կարող տալ Հայաստանին։

«Եթե ՀԱՊԿ առաքելությունը ունենա ազդեցիկություն, ապա այն, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է՝ արդեն իսկ պետք է զսպիչ դեր ունենար Ադրբեջանի համար։ Սակայն, մենք հետագա ամբողջ ընթացքում մինչև օրս տեսել ենք, որ Ադրբեջանի համար որևէ զսպիչ նշանակություն չունի։ Հետևաբար, որտե՞ղ է հավաստիքն առ այն, որ ՀԱՊԿ որևէ առաքելություն Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է զսպիչ դեր ունենալ։ Նույնը, բնականաբար, վերաբերում է նաև եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությանը»,- ասաց նա։

Մյուս կողմից էլ, քաղաքագետը շեշտում է, որ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է ռուսական անվտանգային գործունեության շրջանակում։

«Այն պարագայում, երբ ՌԴ-ն համարվում է ՀՀ ռազմավարական դաշնակից, միևնույն ժամանակ ՌԴ ռազմական ներկայություն կա ՀՀ տարածքում՝ սա ևս ողջամտորեն պետք է ենթադրեր Ադրբեջանի նկատմամբ որոշակի զսպումներ։ Սա պետք է գործեր հատկապես ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական բախումներ, հարձակումներ, օկուպացիաներ իրագործելու իմաստով։ Ցավոք սրտի, մենք մինչև այժմ չենք նկատել, որ դա ունեցել է զսպիչ ազդեցություն՝ Ադրբեջանի վրա։ Հետևաբար, այդ իմաստով, կարծում եմ, որ ՀԱՊԿ առաքելությունը ևս չէր կարող զսպող օղակ դառնալ։ Այստեղ խնդիրն շատ ավելի քաղաքական մրցակցության մասին է»,- եզրափակեց քաղաքագետը։