Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:06 15-12-2022

Մենք նկուղներն ազատում ենք կենցաղային աղբից, բնակիչները նորից են լցնում դրանք․ կրթական խնդիրն առաջնային է

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը որոշակի լարումներ է առաջացնում, շատերը հիշում են, որ Հայաստանը մեծամասամբ ապահովված չէ հասանելի թաքստոցներով։ Խնդիրն էական է նաև Երևան քաղաքում, ուր բնակչությունը խիտ բնակեցված է, շենքերից շատերը՝ հնամաշ։ Երևան քաղաքում որքանո՞վ կարող են պատսպարվել բնակիչներն օդային տագնապի կամ այլ աղետի պարագայում, որո՞նք են այս առումով հրատապ խնդիրները․ Oragir.News-ի այս հարցերին պատասխանեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը։

Նա նշեց, որ ամենաէական խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները մաքրում են թաքստոցի կարգավիճակ ունեցող տարածքները, ազատում կենցաղային աղբից, սակայն մի որոշ ժամանակ անց բնակիչները կրկին լցնում են դրանք իրենց համար անպետք-ծավալուն իրերով։

Հնարավոր չէ՞ տուգանք կիրառել այս բնակիչների նկատմամբ, ովքեր պատսպարանի կարգավիճակ ունեցող տարածքները նորից լցնում են իրենց կենցաղային իրերով հարցին ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ հնարավոր չէ, քանի որ այդ տարածքները համարվում են ընդհանուր օգտագործման տարածք, և պատկանում են բնակիչներին՝ այդ թվում և նրանց, ովքեր այդ տարածքում դնում են իրենց կենցաղային իրերը։

«Կառավարության որոշման համաձայն՝ բնակիչը կարող է օգտագործել պատսպարման համար նախատեսված տարածքի 40 տոկոսը՝ անհրաժեշտության դեպքում այն ազատելու պայմանով։ Ենթադրվում է, որ եթե մարդն օգտագործում է այդ տարածքը, նա նաև խնամում է այն․ պետք եղած դեպքում հեռացնում է իր իրերը և խնամված տարածքում արդեն պատսպարվում են։ Բայց մարդիկ իջեցնում են իրերը, լցնում են ու մոռանում։ Լինում է նաև, որ փակում են նկուղն, ու բնակիչները չեն իմանում՝ բանալին ում մոտ է»,- նշեց Հարությունյանը՝ հաղորդելով, որ դեռ երկու տարի առաջ պատերազմի օրերին և դրանից հետո պարբերաբար կատարվել են և կատարվում են նկուղները կենցաղային աղբից ազատելու աշխատանքներ, հեռացվում է անպատկերացնելի մեծ քանակի աղբ․ շենքեր կան, որ հիսուն տարվա են, այդ նկուղներից մինչև հիսուն տարվա անպետք՝ արդեն փտած իրեր են հեռացվել։ Սակայն խնդիրը կրկվում է նորից ու նորից՝ մարդիկ խուսափում են թափել չօգտագործվող իրերը, կուտակում են դրանք այդ ընդհանուր տարածքներում՝ «գուցե թե մի օր պետք գա» սկզբունքով։ Նա ասաց, որ քաղաքապետարանը նաև առաջարկել է, որ բնակիչներն իրենց ուժերով մաքրեն իրենց պատսպարանները, իսկ աղբը հեռացնելու համար քաղաքապետարանը կտրամադրի տեխնիկա։

«Երևանի քաղաքապետարանն այս հարցով զբաղվում է արդեն երկու տարի։ Մի համայնքում ավելի լավ են աշխատել, մի համայնքում ավելի պասիվ են, սակայն խնդիրը լիարժեք կլուծվի համատեղ ջանքերով։ Մեր առաջնային խնդիրն է ամբողջությամբ մաքրել դպրոց-մանկապարտեզների նկուղները։ Այդ նույն անպետք գույքը կուտակված էր նաև դպրոց-մանկապարտեզներում․ գույք, որ իրենց պետք չի, բայց, այսպես ասած, նստած է իրենց հաշվին, ամբողջը իջեցված էր նկուղ։ Հիմա այդ ամենը գույքագրվում-դուրս է գրվում-տարվում-թափվում։ Բայց դա մեկ օրում լուծվող հարց չէ։ Թաղապետերին տրված է գործակարգավարական հանձնարարական՝ մաքրել նկուղները։ Այդ աշխատանքները ևս ընթանում են։ Բնակիչները, հնարավոր է, լավ չեն պատկերացնում․ մենք չենք մաքրելու 1.1մ, 1.2մ, 1.5մ բարձրությամբ նկուղները։ Մենք մաքրում ենք 1.9մ-ից բարձր նկուղները՝ ելնելով անվտանգային իրավիճակից: Ըստ չափորոշչի՝ այդ բարձրությամբ նկուղներում է հնարավոր պատսպարվել։ Առաջնահերթությունն էլ դպրոց-մանկապարտեզների նկուղներինն է, քանի որ քաղաքային իշխանությունների համար առավել վերահսկելի է դրանց տարածքը, որ նորից բնակիչները չլցնեն իրերով»։

Ինչպե՞ս է մարդկանց կցագրումն արվում՝ որտե՞ղ պետք է պատսպարվի կոնկրետ տարածքի բնակիչը՝ հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց․ «Նախարարությունը մինչև այս տարի այդ կցագրումն արել է ձևական․ դա չի նշանակում, թե միայն թուղթ են լրացրել, այլ՝ ուղղակի վերցրել են 1.9մ -ց բարձր նկուղները՝ առանց հաշվի առնելու, որ դա կարող է աղբով լցված լինել, և ընդունել են այդ տարածքը՝ որպես պատսպարման վայր։ Հիմա, նշենք, Երևանի նկուղային հարկերի ընդհանուր հաշվարկը թույլ է տալիս ընդունել, որ ունենք հարյուր տոկոսով պատսպարաններով ապահովում, բայց․․․ շատ կարևոր է այդ «բայց»-ը․ այս պահին փաստացի չենք կարող ունենալ հարյուր տոկոսանոց ապահովում բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Երբ մենք սկսում ենք որպես պատսպարան չդիտարկել այն նկուղները, որ դեռ լցված են աղբով, այդ տոկոսը էապես նվազում է։ Դրա համար էլ հիմա մենք նշել ենք՝ պատսպարվել 500մ շառավղով։ Երկրորդ խնդիրն այն է, որ այդ նկուղները բնակիչների կողմից կտրատված են և բաժանված իրար մեջ՝ որպես իրենց տարածք։ Դրանց մի որոշ մասն էլ փակված է բանալիով, բնակարանատերեր էլ կան, որ այստեղ չեն՝ արտերկրում են։ Վատագույն դեպքում, իհարկե, ջարդելու ենք-մտնենք։ Բայց ի սկզբանե, մենք չենք ուզում մարդ կցագրել նաև այդտեղ, որ այդ մարդը չգնա-կանգնի կողպեքի առաջ։ Կարող է նաև այնպես լինի, որ ջարդեն, և պարզվի՝ մտնելու հնարավորություն չկա։ Եվ հենց դրա համար հիմա մենք չենք կարող ունենալ հարյուր տոկոսանոց կցագրում։ Կարող են օգտագործվել նաև առաջին հարկերը, որ ավազե պարկերով պատուհանները փակելով՝ կարող են դառնալ թաքստոց․ այս փուլում մենք դրանք էլ հաշվի չենք առել»։

Հարությունյանն ընդգծեց, որ ապաստարաններն այն տարածքներն են, որ նախատեսված են Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Կապան քաղաքաների կենսագործունեությունն ապահովող և պատերազմի ժամանակ իրենց գործունեությունը շարունակող կազմակերպությունների աշխատողների և ծառայողների համար։ Ապաստարաններում շուրջօրյա աշխատանք ծավալող կազմակերպություններն են տեղակայվելու, իսկ մնացած բնակչության համար նկուղներն են, այլ խորացված տարածքները, մետրոյի կայարանները, հանքախորշերը, շենք-շինությունների առաջին հարկերը։ Թե ով կոնկրետ որտեղ պիտի լինի, դա քաղպաշտպանության պլանի համաձայն պիտի լինի։ Հասարակական վայրերում գտնվող բնակչությունը պատսպարվում է՝ ըստ գտնվելու վայրի (ենթադրենք՝ Դուք փողոցում եք, տանից հեռու), պաշտպանական կառույցներով չապահովված բնակչությունը մասնակցում է պարզագույն թաքստոցների կառուցմանը։ Օրինակ, 16-րդ թաղամասն ունի լուրջ խնդիր․ այնտեղ ընդհանրապես չկան նկուղներ, այնտեղ պետք է կառուցվեն թաքստոցներ։

Անվտանգային այս հարցերը պետք է կազմակերպվեն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների և Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ուժերով։ «Դուք ինքներդ պիտի նայեք՝ 500մ շառավղով ունե՞ք պատսպարվելու տեղ՝ անցում, նկուղ։ Որպես քաղաքացի՝ դա Դուք պիտի նայեք, դա Ձեր անվտանգությունն է, ոչ ոք Ձեր ձեռքից չի բռնելու-տանի թաքստոց»։

Համընդհանուր կազմակերպման համար անհրաժեշտ չէ՞, որ համատիրությունները գոնե անվտանգային հարցերի հետ կապված որոշումներում ենթակա լինեն կենտրոնական իշխանությանը հարցին պատասխանելով՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղպաշտպանության մասով նախագիծ է ներկայացվել ԱԺ, որ անվտանգության խնդիրների մասով համատիրությունները ենթարկվեն քաղաքապետարանին․ «Երբեմն համատիրություններն ասում են՝ փող չունենք, քանի որ վարձավճարները բնակիչները չեն տալիս․ մեր ուժերով չենք կարող այդ գործն անել»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Հարությունյանը նշեց, որ այս ոլորտում ամեմամեծ խնդիրը բնակչության իրազեկման հարցն է, որ դրված է ԱԻՆ-ինի վրա՝ ուսուցում, կազմակերպում, տեղեկատվական հոլովակներով բացատրական աշխատանքներ պետք է կատարվեն։ Հարցին, չի՞ ցանկանում Քաղաքապետարանը խնդիր դնել օրենսդրական փոփոխությամբ անհրաժեշտ տարածքները մաքուր և հասանելի պահելը ճանաչել, դիցուք, «անվտանգության առումով գերակա հանրային շահ»՝ նա պատասխանեց․ «Նման օրենսդրական նախաձեռնություն կարող է ունենալ ԱԻՆ-ը, ներկայացնել փոփոխության անհրաժեշտությունը, հաստատել կարգը, իջեցնել ներքև, որ մենք էլ աշխատենք դրանով»։

Հարությունյանը կարևորեց, որ աշխատանքի հիմքում դրված սկզբունքը լինի ոչ թե հետևանքների վերացումը, այլ՝ կանխատեսում-կանխարգելումը։ «Կանխատեսումն այն է, որ կարող է ամեն րոպե լինի պատերազմ, այլ աղետները չեն բացառվում։ Կանխարգելելն այն է, որ հետևանքները նվազագույնի հասցվեն։ Այդ ամենը սկսվում է իրազեկումից, իսկ այդ մակարդակում մեր բնակչությանը նույնիսկ ծանոթ չէ օդային տագնապի ազդանշանի ձայնը, որ ընդհատվող ազդանշանը տագնապն է, որի դեպքում պետք է իջնել, իսկ եթե անընդհատ է հնչում՝ դա «ուշադրություն բոլորին» ազդանշանն է, պետք է միացնել հեռուստացույց-ռադիո, հետևել հայտարարություններին»։

Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ այս համակարգը վարժանքների ձևով պարբերաբար գործարկվի՝ մարդն իմանա, որ պլանավորված հնչելու է շչակը, կանգնելու է գործարանների, ինստիտուտների աշխատանքը, ամեն մարդ գնալու է իր թաքստոցը։ Տարին գոնե երկու անգամ այդ վարժանքը պետք է արվի։ Սկզբում, հնարավոր է, լինի խուճապ, բնականաբար, վեր կելնեն խնդիրները, որոնք լուծելու ուղղությամբ էլ համակարգը վերջնական տեսքի կբերվի։

Հարցին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ այս համակարգը գործարկելու համար՝ Հարությունյանը նշեց, որ սա անվերջանալի աշխատանք է՝ կրթական, ռեսուրսների հաշվարկման անվերջ աշխատանք, որ հիմա բնականաբար կարիք ունի առավել ինտենսիվ արվելու, իսկ հետո պիտի դառնա ուղղակի պլանային։ «Բնակչության պաշտպանոււթյան ընդամենը երեք ձև կա՝ տարհանում, պատսպարում, անհատական պաշտպանություն։ Այս երեք ձևերը մարդկանց պետք է սովորեցնել․ վերջ»։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի