Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:22 12-12-2022

Հոգեբանորեն պատրաստ չէր երեխան այդ հաղթանակին, և դա բացթողում է. երաժշտագետ

«Կազմակերպվածության տեսանկյունից՝ մրցույթի ղեկավարներն էլ համոզված են, որ սա 20 տարվա ընթացքում տեղի ունեցած լավագույն հանդիսությունն էր։ Արտաքուստ ամեն ինչ շատ լավ էր»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով երեկ Հայաստանում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպվածությունից։

«Իմ վերաբերմունքը այս մրցույթներին այլ է, դա քաղաքականություն է, երգի և երաժշտության հետ մասնագիտական չափանիշների տեսանկյունից ոչ միշտ կապ չունի, ես այստեղ այլ մոտեցումներ ունեմ, մասնագիտական տեսանկյունից՝ սա երաժշտության հետ ոչ ամենաբարձր չափանիշներով է առնչվում»,- ասաց Մարտիրոսյանը։

Խոսելով «Մանակական Եվրատեսին» 2022 թ․ հաղթած կատարումից, Մարտիրոսյանն ասաց.

«Երեխան ակնհայտորեն չափազանց հուզված էր, հատկապես վերջին ելույթի ժամանակ, երեկ ես երբ հետևում էի այդ ընթացքին նույնիսկ մտավախություն ունեի, որ հնարավոր է երեխայի հետ ինչ-որ բան պատահի։ Հոգեբանորեն պատրաստ չէր երեխան այդ հաղթանակին, և դա բացթողում է, այդտեղ այդ երկար ձգելը, վերջին երկու հավանական մասնակիցները չափազանց լարվել էին այդ ձգվող վարկյանների պատճառով, որ չէր հայտարարվում անունը, վերջին նիշը չէր ասվում, և դա շատ-շատ լարում ավելացրեց եղածին»։

Հարցին, թե Ֆրանսիայի կատարումը արժանի՞ էր հաղթանակի, թե ավելի լավ ելույթներ կային, երաժշտագետն ասաց. «Ես ունեցել եմ իմ ֆավորիտը, ինձ դուր եկավ Պորտուգալիայի մասնակցի ելույթը՝ իր երաժշտական տվյալներն էլ, պատրաստվածություն էլ, բեմական կատարման կուլտուրան էլ։ Դա ինձ շատ ավելի գրավեց։ Սա խաղ է, երեխաներ են, պատանիներ են, չէի ուզենա շատ մանրամասների մեջ մտնել, հատկապես՝ եթե քաղաքականություն, ապա քաղաքականություն, կամ պետք է ի սկզբանե ներազդել, որ այդ մրցույթներին, ո՛չ մասնակցի քո երկիրը, ո՛չ էլ դու գոհ կամ դժգոհ մնաս»։

Հարցին, թե մեր մասնակցի՝ Նարեի ելույթը ինչպես կգնահատի, Մարտիրոսյանը պատասխանեց. «Նորմալ, լավ ելույթ էր, հուզված էր երեխան ակնհայտորեն, բայց կատարումը լավն էր, այդ հուզված լինելը դրսևորվում է ոչ կայուն շնչառությամբ, դրսևորվում է ոչ այնքան հստակ ինտոնավորմամբ․ դա նորմալ է, հսկայական այդ դահլիճի ներկայությամբ ելույթ ունենալիս այդ տարիքի պատանին, բնական է, պետք է հուզվի։ Այդուհանդերձ ոմանք կարողանում էին իրենց հուզմունքը կառավարել, կամ պատրաստվածությունը այնքան էր, որ հուզմունքը չէր ազդում որակի վրա, ոմանք ոչ այնքան, խիստ չեմ դատում այս տարիքի պատանիների կատարումները»։

Հետաքրքրվեցինք Մարտիրոսյանից, իսկ Հայաստանը կարող էր ավելի լավ ներկայանալ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե սկսենք երգից, ապա այդ բոլոր մրցույթները արդեն իսկ ունենում են երգի չափանիշներ, այդտեղ կոմպոզիցիան պետք է բավարարի որոշակի չափանիշների, ավելի լավ մասնակցել ասելով նկատի ունենք հազար ու մի բան, այդ թվում երգը, լավ բեմադրությունը, ավելի հաջող կատարումը, միշտ կարելի է ավելի լավ հանդես գալ, Հայաստան ասելով ինչ նկատի ունենք և ում նկատի ունենք․ սա է խնդիրը։

Եթե դիտարկենք, որ սա լուրջ մասշտաբի մրցույթ է, ապա տեսնում ենք, որ Հայաստանը բազմիցս լավագույնս ներկայացել է, այսինքն՝ եղած չափանիշների համեմատ Հայաստանը կարողանում է հասկանալ չափանիշները, բավարարել պահանջներին և լավագույնս ներկայանալ, այլ խնդիր է, որ երկրորդ անգամ անընդմեջ մեր կողմը հաղթանակ կտաներ, թե ոչ»։

Մարտիրոսյանը նշեց նաև, որ շատ միջազգային լրատվամիջոցներ չեն անդրադարձել այդ միջոցառմանը, դա ամենակուլ մասշտաբների միջոցառումն էլ չէ։

«Այն հանգամանքը, որ մենք երաժշտական առումով, իսկական արվեստի, բուն հայ երաժշտարվեստի առումով դաշտը թողել ենք կիսադատարկ, եթե չասենք դատարկ, դա մեծ հնարավորություն է ստեղծում՝ բոլոր նման մրցույթներին լինել դոմինանտ դերերում։ Մեր երեխաները դրանից մեծ հաշվով, մշակութային դաստիրակության առումով, գեղագիտական կրթության առումով՝ չեն շահելու»։