Հանցագործություն․ ոստիկանները Կիրանցում մարդկանց տեղաշարժն ապօրինաբար են սահմանափակել
copy image url

Հանցագործություն․ ոստիկանները Կիրանցում մարդկանց տեղաշարժն ապօրինաբար են սահմանափակել

Ներքին Խոսք Արտաքին 11 ամիս առաջ - 22:30 03-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տավուշի մարզի 4 ոչ անկալավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների որոշման համատեքստում ոստիկանությունը երեկ՝ վաղ առավոտից հատուկ ռեժիմ է սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա։ Առ այս պահը ոստիկանական ուժերը միայն տեղի բնակիչներին են թույլ տալիս Կիրանց մուտք գործել․ բնակիչները պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։

Նախքան ոստիկանական գործողությունները Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ բողոքի ակցիաներ էին անում, վրաններ էին տեղադրված։ Նրանք համոզմունք էին հայտնում, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։

Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ընդգծեց՝ ոստիկանների այս քայլն ապօրինի է, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկրի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն։ Նրա խոսքով՝ ոչ մի իրավախախտում գոյություն չունի, երկրի ոչ մի տարածքում արտակարգ իրադրություն չի հայտարարվել, ուստի քաղաքացիների ազատ տեղաշարժին խոչընդոտելը հանցագործություն է։

«Քանի որ այդ բնակավայրը հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը, կարճ ժամանակ հետո մենք կրկին այնտեղ չենք կարողանալու գնալ, քանի որ այդ նույն տեղից ճանապարհն ադրբեջանցիներն են փակելու։ Հայաստանի ոստիկանությունը, որն, ըստ էության, Ադրբեջանի բանակի հետ միասին թշնամուն ծառայող նույն ստորաբաժանումն է, ճանապարհը հիմիկվանից է փակել՝ մինչև իր հենակետերը կհանձնի ադրբեջանցիներին ու դուրս կգա»,- կարծում է նա։

Հարցին, թե ոստիկանները այս ճանապարհը սեփական նախաձեռնությա՞մբ են փակել, թե՞ ներքին գործերի նախարարի, կամ վարչապետի հրամանով՝ Ղազարյանը պատասխանեց, որ ոչ մի ոստիկան սեփական նախաձեռնությամբ ոչինչ չի անում։ Նա շեշտեց, որ բոլոր ոստիկանները կատարում են վերևից տրվող հրահանգները, իսկ Ոստիկանությունը ղեկավարում է Ներքին գործերի նախարարը, ով կառավարության անդամ է և ենթարկվում է անձամբ Նիկոլ Փաշինյանին։

Ճշտող հարցին, թե այս որոշումը նաև Նիկոլ Փաշինյանի անուղղաի հանձնարարությա՞մբ է կայացվել՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ չի կարծում, որ հանձնարարությունն անուղղակի է եղել։ Նրա համոզմամբ՝ դա անձամբ Նիկոլ Փաշինյանի տված ուղիղ հանձնարարությունն է՝ մինչև այդ գյուղերը կհանձնվեն Ադրբեջանին, որի մասին վերջինս քանիցս հայտարարել է։

Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ են իշխանությունները համառորեն ձգտում գյուղերը հանձնելու գործընթացն ավարտին հասցնել, չնայած հանրության դիմադրությանը։ Ի պատասխան՝ նա ասաց, որ գործող իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը․

«Ադրբեջանը հանձնարարել է այդ գործը կազմակերպել, իրենք էլ իրենց հանձնարարությունը կատարում են։ Այս իշխանությունները հայ ժողովրդին չեն ծառայում, որ հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնեն, դրանով կաշկանդվեն։

Իրենք ծառայում են Ադրբեջանի նախագահին, նրա կարծիքով են առաջնորդվում և նրա առաջ են հաշվելու, այլ ոչ թե հայ ժողովրդի։ Եթե Ադրբեջանի նախագահն էսօր հայտարարի, որ ինքը չի ցանկանում այդ տարածքների նկատմամբ իշխանություն ունենալ, ապա այդ գործընթացը կդադարեցվի, իսկ եթե ասել է, որ դրանք պետք է հանձնվեն, ուրեմն ոնց ասել է, ինչ ծավալով ու ժամկետներով ասել է, այդպես էլ պետք է լինի։

Նիկոլ Փաշինյանն այժմ իշխանություն չի իրականացնում հայ ժողովրդին ծառայելու համար։ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է՝ Իլհամ Ալիևին ծառայելու համար, քրեական օրենսգրքում դա կոչվում է պետական դավաճանություն»։

Հարցին, թե Տավուշի գյուղերի հանձնելու գործընթացը կասեցնելու նպատակով ձեռնարկվող քայլերը բավարար համարո՞ւմ է՝ Էդգար Ղազարյանը բացասական պատասխանեց և շարունակեց․ «Իհարկե ոչ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, որ բավարար համարեմ։ Իրականացվող ակցիաներն արդյունք չեն տվել, որովհետև գործընթացը չի խափանվել, ականազերծումը շարունակվում է, ադրբեջանցիները շարունակվում են տեղակայվել մեր հենակետերում և այլն»։

Էդգար Ղազարյանը հավելեց, որ առ այս պահը չի հաջողվել գործընթացի նկատմամբ ազդեցություն ունենալ, չնայած որոշ մարդիկ՝ ի դեմս Բագրատ Սրբազանի և ԱԺ որոշ պատգամավորների ու քաղաքացիների, փորձում են ազնվորեն պայքարել, բայց նրանց պայքարն արդյունք չի տվել։ Ըստ նրա՝ պայքարն արդյունք կտա միայն այն ժամանակ, երբ Ազգային ժողովն իր պարտականությունը կկատարի և Փաշինյանին անվստահություն կհայտնի, սակայն պատգամավորները դա չեն ցանկանում անել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված